Լրահոս
Օրվա լրահոսը

Նիցցայի փոխքաղաքապետն ընդունեց հայ ուսանողներին ու պրոռեկտոր Նավոյանին

Փետրվար 29,2020 12:30

Վերջերս Նիցցայի քաղաքապետարանը կազմակերպել էր ընդունելություն՝ ի պատիվ Հայաստանում Ֆրանսիական  համալսարանի 5 ուսանողների, որոնք իրենց 7-շաբաթյա պրակտիկան են անցկացնում Նիցցայում: Փոխքաղաքապետ Ռուդի Սալը ողջունելով ներկաներին, այդ թվում եւ համալսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանին, ընդգծեց, որ քաղաքապետարանը մեծ  ուրախությամբ է աջակցում ամենամյա այս ծրագրին արդեն բազմաթիվ տարիներ, քանզի այն նպաստում է ոչ միայն հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, այլ նաեւ սերտացնում է փոխհամագործակցությունը Լազուրե Ափի եւ Հայաստանի միջեւ, ինչպես նաեւ օժանդակում լավագույն համալսարանականների գիտելիքների եւ փորձի հարստացմանը, որոնք իրենք ներդնում են իրենց հայրենիքում:

Ծրագիրն արդեն երկար տարիներ իրականացնում է SOS-Armenie կազմակերպությունը, որի շնորհիվ բազմաթիվ այլ ծրագրեր են իրականացվել Հայաստանում 1988 թվականից մինչ օրս: 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո այս կազմակերպության հիմնադիր-ղեկավարների ջանքերի շնորհիվ Նիցցայից որպես օգնություն աղետի գոտի ամենակարճ ժամկետում առաջին անհրաժեշտության  պարագաներ ուղարկվեցին:

Ընդունելության ընթացքում պրակտիկայի ղեկավարները ներկայացրին իրենց պրակտիկանտների կատարած աշխատանքները, հատկապես գոհունակություն հայտնելով նրանց աշխատասիրության, պատասխանատվության զգացումի, ուսանելու բարձր որակների եւ աշխատանքի նրբություններին արագ տիրապետելու առումով, եւ պատրաստակամություն հայտնեցին եկող տարի եւս նման հնարավորություն տալ նոր պրակտիկանտներին:

Այս տարվա պրակտիկանտներ Մարիամ Վասիլյանը, Եվա Խալափյանը, Անի Անտոնյանը, Լիանա Դավթյանը եւ Արսեն Խորոզյանը իրենց պրակտիկան անցկացնում են Agence 107 Promenade-ում (ղեկավար՝ Կիրկոր Աժտերխանյան), Grant Thornton ընկերությունում (ղեկավար՝ Արման Փինարբասի), Palais Nikaia-ում (ղեկավար՝ Կորին Ասյագ), Cerazur-ում (ղեկավար՝ Գառնիկ Մազմանյան) եւ L՚Agence Keller Williams-ում (ղեկավար՝ Կարեն Աժտերխանյան):

Համայնքի ասոցիացիաների ղեկավարները եւս ողջունեցին այս շարունակական ծրագիրը եւ վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը առաջիկայում եւս աջակցելու ծրագրին:

Ընդունելությունն անցավ ջերմ եւ բարեկամական մթնոլորտում: Հավելենք, որ պրակտիկաներն ամբողջությամբ ֆինանսավորվում են քաղաքապետարանի կողմից, իսկ SOS-Armenie կազմակերպությունը զբաղվում է կազմակերպչական  եւ ձեռնարկությունների հետ կապված հարցերով:

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829