Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ տղեն 1-ին դասարանից դուրս է մնացել, իր անունը գրել չգիտի, ստորագրում է՝ երեք հատ գիծ է դնում». փաստաբան

Մարտ 30,2020 23:03

Մարտի լույս 27-ի գիշերը՝ ժամը 05:00-ի սահմաններում Օհանովի փողոցում ոստիկանության աշխատակիցների հետ միջադեպ ունեցած քաղաքացին անցել է դատաբժշկական փորձաքննություն, սպասում են արդյունքներին:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ ոստիկանները նկատել են սրընթաց երթևեկող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, կանգնեցրել է մեքենան։ Ոստիկանության ծառայողները մոտեցել են վարորդին՝ պարզելու մեքենան արագ վարելու պատճառը, ինչպես և ստուգելու Պարետի որոշմամբ սահմանված տեղեկություններ պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը։Վարորդը, ոստիկանների օրինական պահանջը լսելով՝ վրդովվել է ու հայհոյել նրանց՝ չենթարկվելով օրինական պահանջներին: Ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, ըստ որի՝ բերման ենթարկվողը հայհոյում է ոստիկաններին ու հարվածել ոստիկաններից մեկի աչքին՝ պատճառելով վնասվածք:

«Տիգրանը ցուցմունք է տվել, որ խմիչքից հետո գնացել է տուն, կինն ասել է՝ դեղ է պետք, եկել է սուպերմարկետ, որ դեղ առնի: Ընկերը եղել է իր մեքենայի մեջ: Նույնիսկ ոստիկանության աշխատողներն իրենց ցուցմունքում հայտնել են, որ Տիգրանը միամիտ խփեց, չհասկացավ՝ ինչպես ձեռքը կպավ ոստիկանի աչքին, դիտավորություն չի եղել: Գուցե ոստիկանությունն ուրիշ բան է ներկայացնում, մենք ցուցմունքով դա ունենք արձանագրված: Հետո հրապարակվածն ամբողջ տեսանյութը չէ, հատվածներ են, իրենց հարմար մասն են հրապարակել»,-Aravot.am-ին ասաց միջադեպի գործով կալանավորված Տիգրան Կարապետյանի (լուսանկարում) պաշտպանը՝ փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը:

Փաստաբանը չի հերքում, որ իր պաշտպանյալը հայհոյում էր ոստիկաններին. «Այո՛, ոստիկանին հայհոյել է, բայց ոստիկանին, եթե հայհոյում է, ուրեմն կարելի է ծեծե՞լ: Այնպես չէ, որ Տիգրանը հայհոյում էր, ոստիկաններն էլ սուսուփուս նստած էին, Տիգրանի դեմքը հիմա, որ նայում ենք, հայհոյելուց հետո կարելի էր այդպես ծեծե՞լ:

Ասում են՝ պարետի որոշումն են փորձել ստուգել: Քրեական գործում չկա որեւէ փաստաթուղթ, որ իրեն տուգանել են, բա ո՞ւր է: Բա ինչի համար էիք էդ մարդուն բերում, որ վարչական ակտ կազմեի՞ք, բա ո՞ւր է վարչական ակտը: Երբեք ոստիկանությունը չի համաձայնել իրենց կողմից խոշտանգում անելու փաստի հետ, չի եղել ու չի էլ լինելու նման բան: Չեմ հիշում նման դեպք, որ ոստիկանությունը համաձայնի, որ իրենց աշխատողը x քաղաքացուն խոշտանգել է: Երբ մենք միջազգային դատարանում խոշտանգման մասով կունենանք շատ գեղեցիկ վճիռ, մնացածը սաղ կհանգստանան: Եվրոպական դատարանում չեն նայելու քացով խփեց հեռախոսին, թե հայհոյեց ոստիկանին, նայելու են նկարներով դեմքին ու դատաբժշկական փորձաքննությանը, վերջ:

Այդ հիմա են ֆեյքերը հայհոյանքներ գրում, դա բնորոշ է մեր քաղաքին, մենք միայն կարող ենք ինտերնետի հետեւում նստել ու որոշ մարդկանց պատվերով տարբեր էջերից ոստիկանությանը պաշտպանենք, հայհոյենք: Իրավունք չունեին Տիգրանին ծեծել, բա ինչով է Ոստիկանությունը տարբերվում այդ տղուց, այդ տղեն կրթություն չունի, առաջին դասարանից դուրս է մնացել, իր անունը ազգանունը գրել չգիտի, ստորագրում է՝ երեք հատ գիծ է դնում: Այսինքն՝ համեմատե՞նք բարձրագույն ավարտին ու կրթություն չունեցողին իրար հետ»:

Փաստաբանը նաեւ ասաց, որ իր պաշտպանյալի ընկերը, որը միջադեպին ներկա է եղել հիմա ազատության մեջ է, որովհետեւ ոստիկանության համար ցանկալի ցուցմունք է տվել, որ Տիգրանը դրսեւորել է ոչ իրավաչափ վարքագիծ ոստիկանների նկատմամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գրավի դիմաց փոխվել է նաեւ Տիգրան Կարապետյանի խափանման միջոցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031