Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր աշխատանքը ներառում է և՛ խստությունը կարգուկանոնի ու օրենքի նկատմամբ, և,՛ միաժամանակ, բարձրագույն մարդկային արժեքներ, ինչպիսիք են հոգատարությունը, ուշադրությունը. Սարգսյանը շնորհավորել է Ոստիկանության օրվա առթիվ

Ապրիլ 16,2020 15:15

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով շնորհավորել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամներին՝ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության բոլոր աշխատակիցներին նրանց մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:

«Շնորհավորում եմ բոլորիդ՝ ոստիկանության ծառայության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին։ Ձեր համազգեստը մեր պետականությունը կրող և ներկայացնող համազգեստ է, որի նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մեծ հարգանք տածի, հարգանք՝ սեփական պետության, պետականության, կարգուկանոնի հանդեպ,-նշել է նախագահը:- Հետևաբար, ձեր աշխատանքն այդքան էլ պարզ չէ. այն ներառում է և՛ խստությունը կարգուկանոնի ու օրենքի նկատմամբ, և,՛ միաժամանակ, բարձրագույն մարդկային արժեքներ, ինչպիսիք են հոգատարությունը, ուշադրությունը, որովհետև շատ հաճախ դուք առաջինն ենք լինում այն վայրերում, որտեղ մարդիկ ոչ թե օրենք են խախտել, այլ ընդհակառակը՝ օգնության կարիք ունեն։ Հույս ունեմ, ուզում եմ վստահ լինել, որ մեր ոստիկանության բոլոր աշխատակիցները պատվով են կատարում իրենց վրա դրված մեծ պարտականությունը»։

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ համավարակով պայմանավորված այս դժվար օրերին ոստիկանները կրկին առաջնագծում են: «Բոլորս էլ գիտենք՝ համավարակի բժշկական, առողջապահական լուծումը դեռ չկա, չկան պատվաստանյութեր, որոնք կօգնեն քաղաքացիներին, ուստի պայքարի ձևը մնում է սոցիալական հեռավորություն պահելը: Կարևոր է, որ մեր հանրությունը, յուրաքանչյուր քաղաքացի լինի կարգապահ, կազմակերպված և պատասխանատու,-ընդգծել է նախագահը:- Ձեր գործընկերներից շատերն այս պայքարի առաջնագծում են։ Տեղյակ եմ, որ ձեր և մեր գործընկերներից մի քանիսն իրենց պարտականությունները կատարելիս վարակվել են կորոնավիրուսով։ Պարոն Սարգսյան, խնդրում եմ իմ կողմից նրանց բոլորին առողջություն մաղթեք և ասեք, որ շատ բարձր ենք գնահատում նրանցից յուրաքանչյուրի նվիրվածությունը և իրենց պարտականությունները պատվով կատարելը: Նրանք իրենց կյանքը, առողջությունը վտանգել են քաղաքացիներին հիշեցնելու համար, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը կարգապահությունն է»։

Նախագահ Սարգսյանը կարևորել է ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահությունն ու հարգանքը՝ նշելով, որ ոստիկանության գործունեությունը լայն ընդգրկում ունի՝ սկսած օրենքի կիրառումից վերջացրած հասարակական կարգի պահպանությամբ և քաղաքացու նկատմամբ ուշադրությամբ. «Այսօր ունենք և, հույս ունեմ, ապագայում էլ շարունակելու ենք ունենալ ոստիկանություն, որի նկատմամբ մեր քաղաքացին ունենալու է բարձրագույն հարգանք և ոստիկանի կերպարի մեջ տեսնելու է ոչ միայն օրենքի պաշտպանին, այլ նաև այն անձին կամ անձանց, որոնք նրան աջակից են լինելու դժվարության պահին»:

Նախագահ Սարգսյանը բոլորին մաղթել է առողջություն և բարի ծառայություն. «Դուք բոլորդ ունեք ամուր բազուկ, որը պաշտպանում է օրենքն ու օրինականությունը, մեր քաղաքացիներին ու նրանց իրավունքները, և որևէ հակասություն չկա, որ այդ համազգեստ կրող ամուր բազուկն ունենա սիրող ու գնահատող մարդկային սիրտ, առողջ տրամաբանություն ու սառը դատողություն: Այս բոլոր հատկանիշներն են, որ ստեղծում են այն ոստիկանին, որին արժանի է մեր ժողովուրդը, և որին դուք եք արժանի: Ձեր համազգեստը մեծ իմաստ ունի»:

Նախագահն իր բարեմաղթանքներն է փոխանցել նաև ոստիկանության բոլոր աշխատակիցների ընտանիքներին՝ նշելով, որ նրանց համար նույնպես այս օրերին հեշտ չէ:

Ոստիկանության պետ Արման Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահին շնորհավորանքի, մաղթանքների ու գնահատանքի համար: «Ցանկանում եմ բոլոր աշխատակիցների, ոստիկանության կրտսեր, միջին, ավագ ծառայողների անունից շնորհակալությունս հայտնել մեր աշխատանքը գնահատելու և հոգածության համար»,-նշել է ոստիկանության ղեկավարը:

Նա Հանրապետության նախագահին հավաստիացրել է, որ հատկապես համավարակի օրերին ոստիկանության ողջ անձնակազմը պատշաճ կերպով և բարձր պատասխանատվությամբ է իրականացնում ծառայությունն օրենքին և ժողովրդին: «Այս համավարակի օրերին ոստիկանության հատկապես կրտսեր խմբի ծառայողները մեզ համար բացահայտեցին դաստիարակված, քաղաքակիրթ ոստիկանի կերպարը: Մենք շնորհակալության խոսքեր ենք ստանում նրանց պահվածքի համար: Եվ սա դառնալու է աշխատաոճ բոլորի համար»,-ավելացրել է ոստիկանության պետը:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930