Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Աբրահամյան. «Ես հարյուրդոլարանոց չեմ, որ բոլորին դուր գամ»

Ապրիլ 17,2020 16:10

«Այժմ ես աշխատում եմ տնից, ոչ թե այն պատճառով, որ ինձ հաճելի է շաբաթներով տանը նստելը, այլ այդ ամենը սոցիալական պատասխանատվության շրջանակներում է: Ենթադրում եմ, որ եթե «Հորիզոնի» տաղավարում շփվեմ մարդկանց հետ, նույնիսկ ձեռքով չբարեւեմ, շփվեմ իմ գործընկերների հետ, կամա թե ակամա կարող եմ լինել հիվանդության տարածողը…»,- ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար առցանց դասախոսության ժամանակ ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման վարող եւ հեղինակ Արամ Աբրահամյանը:

Նա անդրադարձավ կարանտինի պայմաններում լրագրողների աշխատանքին՝ ներկայացնելով իր անձնական փորձը:

Արամ Աբրահամյանը, որը ներկայումս հաղորդման հյուրերի հետ հարցազրույցներ է անում տեսակապով, փաստեց, որ լրագրողների հեռավար աշխատանքն ունի որոշ առանձնահատկություններ. «Օրինակ, եթե մարդը տաղավարում է, նրա հետ առկա ես զրուցում, կարող ես ընդհատել, փոքրիկ ճշտող հարց մտցնել, մինչդեռ հեռավար կարգով զրուցելիս՝ զրուցակիցդ պետք է ավարտի իր խոսքը, հետո միայն անցնես հաջորդ հարցին: Իսկ դա կենդանի զրույցի լավագույն տարբերակը չէ»:

Նրա ձեւակերպմամբ, ամենավատ տարբերակն այն է, երբ հարցերը նախապես են ուղարկվում. « Եթե հնարավորություն ունեք այդպիսի խնդրանքներից խուսափելու, խուսափեք, որովհետեւ ամենահետաքրքիրը իմպրովիզացիան է, երբ զգում ես մարդու ռեակցիան, հումորը, ինքնահումորը»: Հավելեց, որ «Շանթի» տաղավարում մինչ հարցազրույցը հյուրերի հետ չի հանդիպում, որովհետեւ երբ նախօրոք սկսում ես խոսել հյուրի հետ, ինքնաբուխությունը կորում է, բացի այդ մարդուն համար ձանձրալի կլինի եւս մեկ անգամ նույն թեմային անդրադառնալը:

«Առավոտ» օրաթերթի աշխատանքի մասին խոսելիս՝ պարոն Աբրահամյանը նշեց, որ տնից է գրում իր խմբագրականները եւ հեռավար է կառավարում աշխատանքները, իսկ թերթի խմբագրի տեղակալ Վոլոդյա Պետրոսյանն ու կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը իրեն չեն դիմում, եթե սկզբունքային հարցեր չկան:

Ասաց, որ 2001 թվականից առայսօր շաբաթը 5 անգամ խմբագրականներ է գրում, ինչը հեշտ բան չէ: Նաեւ շեշտեց, որ այս շրջանում չի ողջունում ֆիզիկապես ասուլիսներին լրագրողների ներկա գտնվելը, մանավանդ դրանք առցանց հեռարձակվում են, շատերի դեպքում անգամ հարց տալու հնարավորություն կա: Այլ բան է, որ եթե հարցը ձեռնտու չէ, երբեմն մամուլի քարտուղարը կամ ասուլիսի վարողը կարող է չհնչեցնել այն:

Արամ Աբրահամյանը վստահ է, որ կորոնավիրուսի պայմաններում ձեռք բերված լրագրողական հմտությունները եւ հնարքները կարելի է կիրառել նաեւ «խաղաղ» ժամանակ: Մյուս կողմից՝ ընդգծում է, որ երբ նորմալ աշխատանքային պայմաններ լինեն, լրագրողները չպետք է տներում նստեն եւ ուղիղ հեռարձակողներից կտորներ «պոկեն». «Իզուր չեն ասում, որ լրագրողին կերակրում են նրա ոտքերը, եւ տանը նստած միայն սկայպով, ինտերնետով իրադարձություններին հետեւող լրագրողը չի կարող շարժվող լրագրողի նկատմամբ մրցակցային առավելություն ունենալ: Լրագրությունն, ի վերջո, հետաքրքիր պատմություններ գտնելու արվեստ է: Եվ եթե ցանկություն չունեք որեւէ պատմություն պատմելու ձեր լսարանին, ուրեմն բոլոր դեպքերում դուք լրագրող չեք»:

«Առավոտի» գլխավոր խմբագիրն ափսոսում է, որ այս պայմաններում զրկված է իր սիրելի զբաղմունքներից՝ ակադեմիայի գրադարանում գրքեր կարդալուց, սրճարանում մի բաժակ սուրճով ու համակարգչով աշխատանքին նախապատրաստվելուց եւ մարզասրահ գնալուց:

Առցանց դասախոսությանը հետեւողներից մեկը հարց էր տվել՝ արժի կիսատ թողնել դժվար կարդացվող գրքերը: Արամ Աբրահամյանն ասաց, որ ինքը երբեք կիսատ չի թողնում: Օրինակ, Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» նույնպես հաստափոր էր ու խճճված շարադրանքով գիրք էր, բայց կարդացել եւ ավարտել է. «Երբ գիրքը կամ որեւէ սկսած գործ կիսատ ես թողնում, ինքդ քեզ չես հարգում, իսկ ինքդ քեզ գնահատելը կարեւոր է»:

Մեկ այլ հարցի պատասխանելով էլ ասաց, որ հաճույք է ստանում իր մասնագիտությունից, եւ առաջին անգամ եթեր է դուրս եկել 1983 թ., երբ կոնսերվատորիայի ուսանող էր՝ 23 տարեկան:

Դիմորդներին էլ խորհուրդ տվեց լավ պատրաստվել, եւս մեկ անգամ հավաստիանալ, որ ճիշտ մասնագիտություն են ընտրում, որովհետեւ փառքի ձգտելը եւ եթերում երեւալը անիմաստ բաներ են, մանավանդ այսօր յութուբում տեղադրված մի փոքրիկ տեսանյութը կարող է ավելի հետաքրքիր լինել ու շատ դիտումներ ունենալ, քան մի ամբողջ հեռուստահաղորդումը:

Մեկնաբանություններին էլ անդրադարձ եղավ: «Նախկինում ես ֆեյսբուքյան մեկնաբանություններին ուշադրություն էի դարձնում, հիմա դա բացարձակապես կարեւոր չէ… Մարդիկ իրենց գրգռվածությունը պետք է մի ձեւով արտահայտեն, մենք պետք է հասկանանք, որ դա անձնապես լրագրողներին չի վերաբերվում, դա արտահայտում է տվյալ մարդու հոգեվիճակը: Այնպես որ՝ կենտրոնացեք ձեր առաքելության վրա, պատմություններ պատմելու վրա: Ինձ համար գերխնդիրը ազատական, նույնն է, թե քրիստոնեական արժեքներ հաղորդելն է մարդկանց»:

Նա կարեւորեց նաեւ հաջողության պատմությունները ներկայացնելը, թեեւ նկատեց, որ այսօր մամուլում գերակշռում են սեւ գույները, վթարները, իրար բզկտելը:

«Վախը լավ վաճառվող ապրանք է… վայ, աշխարհի վերջը կգա, բոլորը կմեռնեն կորոնավիրուսից… Ես կտրականապես խորհուրդ չեմ տալիս վախեր արթնացել ժողովրդի մեջ…Իմիջիայլոց, արեւմտյան լրագրության մեջ կարդում ենք, որ հետեւանքների հանդեպ պետք է չեզոք լինել, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է պատասխանատու լինենք, մանավանդ այս սթրեսային իրավիճակներում»,-շեշտում է Արամ Աբրահամյանը:

Ապա հավելում է. «Մյուս կողմից, որքան էլ ցինիկ հնչի, լրագրողը կոփվում է, պրոֆեսիոնալ է դառնում, երբ ընկնում է սթրեսային վիճակի մեջ: Ինձ համար այդպիսի վիճակը պատերազմն էր…Սթրեսային իրավիճակում լրագրողը լավագույնս դրսեւորում է իր տաղանդները: Ես կարծում եմ, որ սթրեսային իրավիճակում մենք պետք է պահպանենք մեր քաղաքացիական եւ մարդկային կերպարը, ինչքան բարի էինք կորոնավիրուսից առաջ, երկու անգամ ավել բարի լինենք կորոնավիրուսի ժամանակ եւ դրանից հետո: Միշտ պետք է լինել մարդկային բարձրության վրա»:

Խոսելով սկանդալներին վերաբերող հարցի մասին՝ Արամ Աբրահամյանը նշեց, որ հանգիստ է վերաբերվում դրանց. «Արդյոք պարտադի՞ր է, որ մարդիկ տոննաներով սրտիկներ ուղարկեն ինձ, նրանք կարող են ունենալ իրենց տեսակետը, որը կարող է բացարձակ չհամընկնել իմի հետ: Ես հարյուրդոլարանոց չեմ, որ բոլորին դուր գամ…Եթե պետք են սկանդալներ, թող լինեն, եթե մարդիկ ուզում են ուրախանալ դրանցով, թող ուրախանան»:

Երիտասարդ լրագրողներին խորհուրդ տվեց հակված չլինել, թե մշակույթ լուսաբանելն ամենահեշտն է, նաեւ ցանկություն հայտնեց, որ տաղանդավոր մարդիկ զբաղվեին մշակութային լրագրությամբ, հեռուստաընկերությունները ավելի մեծ ուշադրության արժանացնեն մշակութային հաղորդումներին, թեեւ վթարի մասին հաղորդումը կարող է «խփել» բոլոր վարկանիշները:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ԶԼՄ-ներին, ասաց, որ նրանք պետք է լինեն եւ միշտ էլ եղել են, ու իշխանության ներկայացուցիչները չպետք է տրտնջան քննադատություններից, իսկ «Առավոտը ընդդիմադիր կամ իշխանական լրատվամիջոց չէ, եւ քաղաքական օրակարգեր չի սպասարկում: Նշեց, որ երբեք չի հիասթափվել մասնագիտությունից, բայց հիասթափվել է կարգերից , երբ 2008 թ մարտի 1-ից հետո քսան օրով բոլոր ԶԼՄ-ները փակվեցին:

Փորձառու խմբագիրը շեշտադրեց հատկապես լրագրողական էթիկան ու մարդկանց նկատմամբ հարգանքը՝ անկախ նրանց հանդեպ սեփական համակրանքից կամ համակրանքից. «Բոլոր դեպքերում պետք է լինել հարգալից մարդկանց նկատմամբ, որովհետեւ եթե ձեզ թույլ եք տալիս բռնկումներ, հարգալից վերաբերմունք չունեք այն մարդու հանդեպ, ումից հարցազրույց եք վերցնում, ուրեմն հարգանք չունեք նաեւ ձեր սպառողի մտավոր ունակությունների հանդեպ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930