Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի խրոնիկան

Ապրիլ 18,2020 16:47

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնեցին 2019-ի դեկտեմբերի 31-ին։ Կորոնավիրուս տեսակի վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին: Նոր տեսակի կորոնավիրուսը կարող է ախտահարել շնչառական համակարգը և հասցնել մինչև մահվան: Մինչ օրս գրանցված մահերի մեծամասնությունը բաժին է ընկել 60-ից բարձր տարիք ունեցող մարդկանց:

Հունվար ամսվա ընթացքում հայտնաբերված վարակը վերածվեց համաճարակի և սահմաններն ընդլայնեց նաև Չինաստանից դուրս` տարածվելով հարևան երկրներում:

Ըստ worldometers-ի` 2020 թվականի ապրիլի 10-ի ժամը 12:00-ի դրությամբ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 1.605.790-ի, գրանցվել է շուրջ 95.766 մահ, առողջացել են 357.003-ը:

Հունվարի 22. Աշխարհում հունվար 22-ի դրությամբ գրանցվել է COVID19-ով վարակման 580 դեպք, մահացել են 17-ը: Հունվարի 22-ին վարակի օջախ հանդիսացող Հուվեյ նահանգի Ուհան քաղաքում հայտարարվեց արտակարգ դրություն, փակվեցին քաղաքի ելքերն ու մուտքերը, դադարեցվեց հանրային տրանսպորտի աշխատանքը: Հունվարի 27-ին հաստատվեց վիրուսի` մարդուց մարդուն փոխանցվելը:

Մեկ շաբաթում գրանցված վարակակիրների թիվն աճեց 7233-ով` հասնելով 7813-ի: Մահվան դեպքերը նույնպես աճեցին` հասնելով 170-ի:

Հունվարի 30. Հունվարի 30-ին վարակվածների թիվն ամբողջ աշխարհում անցավ 9000-ը, մահացածների թիվը` 200-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստում COVID19-ի բռնկումը ճանաչեց արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում, որն ունի համաշխարհային նշանակություն:

Փետրվարի 8. Փետրվարի 8-ի դրությամբ վարակվածների թիվն ամբողջ աշխարհում հասավ 37.552-ի, որից 34.546-ը բաժին էր ընկնում Չինաստանին: Մահացածները` 813:

Փետրվարի 11. Փետրվարի 11-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 45.000-ը, գրանցվեց մահվան 1115 դեպք: Չինաստանի և Հոնգկոնգի հայ համայնքը հրապարակեց տեսանյութ` ի աջակցություն Չինաստանի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ժնևում անցկացրեց հետազոտությունների համաշխարհային ֆորում` կորոնավիրուսի դեմ պայքարում համաշխարհային ուժերը մոբիլիզացնելու համար:

Փետրվարի 12. Շանհայում ապրիլի 17-19-ը պետք է անցկացվեր ավտոարշավի աշխարհի առաջնության` «Ֆորմուլա1»-ի չինական փուլը: Կորոնավիրուսի պատճառով որոշում կայացվեց հետաձգել:

Փետրվարի 12-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնական անվանում տվեց նոր տեսակի կորոնավիրուսին`COVID19:

Փետրվարի 15. Փետրվարի 15-ին աշխարհում վարակվածների թիվն անցավ 69.000-ը, գրանցվեց մահվան 1669 դեպք:

Փետրվարի 17. Չինաստանը հայտարարեց նոր էքսպրես թեստերի ստեղծման մասին, որոնց շնորհիվ հնարավոր է վարակը հայտնաբերել 15 րոպեում:

Գիտնականները հայտարարեցին, որ մոտ են բուժող դեղամիջոցի ստեղծմանը: Այժմ պատվաստանյութը փորձարկվում է մկների վրա:

Փետրվարի 18. Ուհանում նոր տեսակի կորոնավիրուսից մահացավ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Լյու Չժինմինը: Վարակվածների թիվն անցել է 75.000-ը: Մահացել էր 2009 մարդ:

Փետրվարի 22. Հարևան Իրանում գրանցվեց մահվան 5-րդ դեպքը: Վարակվածների թիվը 28 էր:

Փետրվարի 24. Փետրվարի 24-ից երկշաբաթյա ժամկետով փակվեց Հայաստան-Իրան ցամաքային սահմանը: Իրանում մահվան 8 դեպք էր գրանցվել:

Փետրվարի 27. Հարևան Վրաստանում հայտարարվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Առողջապահության նախարարը հայտարարեց, որ վիրուսը հայտնաբերվել է Իրանից Ադրբեջանով Վրաստան ժամանած 50-ամյա տղամարդու մոտ:

Փետրվարի 28. Հարևան Ադրբեջանում հայտարարվեց նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Նա Ռուսաստանի քաղաքացի է` Իրանի սահմանով Ադրբեջան ժամանած: Միևնույն ժամանակ աշխարհում գրանցված դեպքերն աճում են` անցնելով 84.600-ը, իսկ մահացածները` 2923:

Մարտի 1. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակակիրը ՀՀ 29-ամյա քաղաքացի է, որը Թեհրանից Երևան է ժամանել փետրվարի 28-ին:

Մարտի 3. Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը անցել է 93.000-ը, մահերը 3202 են: Իտալիայում վարակվել է 2036 մարդ, մահացել` 52-ը: Իրանում վարակվածների թիվը հասել է 1501-ի, մահացածներինը` 66: Հայաստանում նոր դեպքեր չեն գրանցվել:

Մարտի 4. Չինաստանից դուրս կորոնավիրուսի ակտիվ օջախները շարունակում են մնալ Իտալիան, Ճապոնիան, Իրանը և Հարավային Կորեան: Կորոնավիրուսով վարակակիրների թվին զուգահեռ շարունակում են աճել նաև խուճապն ու ռասիզմը:

Մարտի 6. Վարակվածների թիվն ամբողջ աշխարհում անցավ 100.000-ը: Մեկ օրվա ընթացքում Իրանում հայտնաբերվել է 1234 դեպք, այսպիսով` հասնելով 4747-ի: Նախորդ օրը Իրանում նոր տեսակի կորոնավիրուսից դիվանագետ էր մահացել:

Մարտի 7. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Իրանում վարակվել է 5832 մարդ, մահացել` 145-ը, այդ թվում՝ կին պատգամավոր: Ընդհանուր առմամբ Իրանում վարակվել է մոտ 3 տասնյակ պատգամավոր:

Մարտի 9. Հնդկաստանում վարակվել է առաջին մանկահասակ երեխան: Ֆրանսիայում չորս պատգամավոր վարակվել են կորոնավիրուսով: Վարակակիր երկրների առաջատարները շարունակում են մնալ Չինաստանը, Իտալիան, Հարավային Կորեան և Իրանը:

Մարտի 11. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր տեսակի կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային պանդեմիա: Հարևան Թուրքիայում հայտնաբերվել է  կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարարի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Մարտի 12. Մարտի 12-ին աշխարհում վարակվածների թիվն անցել է 134.000-ը, մահացել է 4981 մարդ: Հայաստանում կորոնավիրուսի վարակման 3 նոր դեպք է հայտնաբերվել: Իտալիայում վարակվածների թիվը գերազանցում է 15.000-ը, մահացածների թիվն անցել է 1000-ից: Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 10.000-ից, 429` մահվան ելքով: Իրանը պահանջել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար չեղարկել բոլոր պատժամիջոցները:

Հոլիվուդյան աստղ, դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա կինը մեկուսացվել են:
Չինաստանում 14 ժամանակավոր հիվանդանոցներ փակվեցին, քանի որ բոլոր բուժվողներն ապաքինվեցին և դուրս գրվեցին հիվանդանոցներից: Մարտի 12-ին հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ չինացի բժիշկները հանում են իրենց դիմակները՝ այդպիսով ազդարարելով հաղթանակը վիրուսի դեմ: Այդ պահից սկսած ցուցանիշները սկսեցին փոխվել։

Մարտի 16. Օրեր առաջ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը վարակվել է կորոնավիրուսով:

Վարակվածների թիվն աշխարհում անցել է 171.000-ը, գրանցվել է 6526 մահվան դեպք: Տարածաշրջանում շարունակում է առաջատարը մնալ Իրանը` 16.000-ից ավել վարակակիր, 988 գրանցված մահվան դեպք: Իտալիայում գրանցվել է 27.980 վարակման դեպք, 2158 մահ:

Ռուսաստան`93, Թուրքիա`47, Վրաստան` 34, Հայաստան`64, Ադրբեջան`28: Ադրբեջանում գրանցվել է նաև 1 մահվան դեպք:

ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի ողջ տարածքում հայտարարվեց արտակարգ դրություն՝ մեկամսյա ժամկետով: Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեն չեղարկվեց:

Անժամկետ հետաձգվել է նաև Չեմպիոնների և Եվրոպայի լիգան:

Մարտի 21. Աշխարհը շարունակում է կորոնավիրուսի դեմ պայքարը: Վարակակիրների թիվն անցել է 304.000-ը, մահացել են 13.011 մարդ: Իտալիայում զոհերի թիվը գերազանցեց Չինաստանի ցուցանիշը: Մարտի 19-ին Իտալիայի զոհերի թիվը հասել է 3405-ի: Միայն մեկ օրում մահացել է 427 մարդ: Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 1500-ը: Հարևան Թուրքիայում վարակվածների թիվը 670 է, 9 մարդ մահացել է: Թուրքիայում իրավիճակով պայմանավորված 65-ից բարձր տարիք ունեցող անձանց արգելել են տանից դուրս գալ: Վրաստանում հայտարարվել է արտակարգ դրություն՝ մեկամսյա ժամկետով: Գրանցվել է 47 վարակման դեպք: Հայաստանում վարակման դեպքերը հասել են 160-ի, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Երգի միջազգային մրցույթ «Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվեց:

Մարտի 24. Համաշխարհային պանդեմիան ստիպեց մարդկությանը հաշվի նստել իր հետ: Սկսեցին չեղարկվել մի շարք համաշխարհային մրցույթներ, բոլոր երկրներն անցան ինքնամեկուսացման ռեժիմի: Մարտի 24-ին մեկ տարի ժամկետով հետաձգվեցին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Նույն պատճառով չեղարկվեց նաև Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը:

Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 422.000-ը, գրանցվել է մահվան 18.864 դեպք: Այժմ Իտալիան, Իսպանիան, ԱՄՆ, Իրանը ավելի վատ կացության մեջ են, քան Չինաստանը: Նոր տեսակի կորոնավիրուսը տարածվել է ավելի քան 160 երկրներում:
Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերն աճել են՝ հասնելով 249-ի: ՀՀ վարչապետը հանդես եկավ ուղերձով, որտեղ նշեց, որ խստացվում է անձանց տեղաշարժը:

Մարտի 26. Նախօրեին` մարտի 25-ին արքայազն Չարլզն ու նրա կինը մեկուսացվել են Շոտլանդիայում գտնվող իրենց առանձնատանը: Արքայազն Չարլզի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

ԱՄՆ-ն առաջ անցավ Չինաստանին՝ գրավելով առաջին հորիզոնականը ախտահարվածների թվով: Վարակակիրների թիվն աշխարհում 531.000-ից ավելի է, մահացել է 24.073 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը հասել է 2433-ի, մահերը` 59-ի: Իտալիայում վարակված են համարվում 435.000-ից ավելի մարդ, որից 21.295-ը` մահվան ելքով: Իրանում 29.400-ից ավելի վարակվածներ, 2234-ը՝ մահվան ելքով: Հայաստանում գրանցվել է առաջին մահվան դեպքը: Հաստատված վարակակիրների թիվը 290 է: Վարակակիրներից 3-ը զինծառայող են:

Մարտի 27. Հայաստանի Հանրապետությունում վարակման դեպք է հայտնաբերվել ևս երկու զինծառայողի, ինչպես նաև 2 ամսական երեխայի և նրա մոր մոտ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով:

Մարտի 31. Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 532, որից 3-ը` մահվան ելքով: Աշխարհում վարակվածների թիվն անցել է 858.000-ը, մահացել են 42.309 մարդ: Առաջատար երկրներն են` ԱՄՆ, Իտալիա, Իսպանիա, Չինաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Իրան:

Միևնույն ժամանակ Արցախի Հանրապետությունում ընտրություններ են անցկացվում:

Ապրիլի 2. Վարակվածների թիվն անցել է 950.000-ը, 48.290 մահվան դեպք, բուժվել և հիվանդանոցներից դուրս են գրվել 202.631 մարդ: Առաջատար երկրները նույնն են մնացել: Իսպանիայում մեկ օրում վարակվել է 6120 մարդ, մահացել` 616-ը: Չինաստանը, որտեղից սկսվեց համաշխարհային էպիդեմիան, այժմ չորրորդն է: ԱՄՆ, Իտալիա, Իսպանիա. սրանք այն երկրներն են, որոնք առաջ են անցել Չինաստանից: Իրանի խորհրդարանի նախագահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Իսրայելի առողջապահության նախարարն ու նրա կինը նույնպես կորոնավիրուսի վարակակիր են: Համաշխարհային դարձած խնդիրը տարածվեց նաև ավիակիրներում և սուզանավերում:
Հայաստանում 10 օրում կառուցվել է 42 սենյակ ունեցող կառույց: Գրանցվել է  վարակի՝ ռեկորդային ցուցանիշ, վարակվել է 92 մարդ, մահերը 6-ն են: Նախորդ օրը` ապրիլի 1-ին, Հայաստանի պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև ապրիլի 12-ը գործում է արտակարգ դրության խստացված ռեժիմ: Հայաստանում չի աշխատում հասարակական տրանսպորը: Վերջին 39 տարվա մեջ առաջին անգամ դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը: Քաղաքացիները տանից դուրս կարող են գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` անձը հաստատող փաստաթղթով և հատուկ ձևաթղթով:

Ապրիլի 3. Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հատեց 1.000.000-ի շեմը: 1.1 մլն-ից ավելի վարակակիրներ, 59.000-ից ավելի մահեր: ԱՄՆ-ն դարձավ համաճարակի էպիկենտրոնը վարակվածների թվով, իսկ մահացածության բարձր ցուցանիշով առջևում է Եվրոպան: Իսպանիայում մեկ օրում մահացել է 950 մարդ: Հայաստանում վարակակիրների թիվը հասել է 736-ի, մահերը 7-ն են:

Ապրիլի 6․ Առավոտյան տվյալներով աշխարհում վարակվածների թիվն անցել է 1․274․000-ը, մահացել է 69․487 մարդ։ Վարակվածների թվով առաջատար շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ 336.830 վարակակիր: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թունելի վերջում լույս է երևում: Իրանում վարակվածների թիվը հասել է 60.500-ի, մահացել է 3739 մարդ: Վերջին մեկ օրում հայտնաբերվել է 2274 նոր դեպք: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը ԱՄՆ-ին կոչ է արել մեղմել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 30.000-ի: Թուրքիայում կորոնավիրուսի աճի հետ զուգահեռ աճում է նաև ընտանեկան բռնությունը:

Վրաստանում գրանցվել է 188 դեպք, մահացել են 2-ը: Կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ թափով կիրառվում են նաև տեղեկատվական տեխնոլոգիաները:

Հայաստանում նախօրեին թողարկվել է COVID-19 Armenia բջջային հավելվածը, որը բացառապես հայ մասնագետների աշխատանքն է: Հավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ նկատվում է դրական դինամիկա և եթե մի քանի օր դրական դինամիկան պահպանվի, կարող ենք ասել, որ մենք համաճարակի ողնաշարը ջարդել ենք:

Ապրիլի 7. Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակակրի առաջին դեպքը: Ապրիլի 14-ին նախատեսվում է անցկացնել Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որը սակայն չի հետաձգվել: Չարթերային չվերթով Ռուսաստանից Հայաստան վերադարձածներին մեկուսացրել են հյուրանոցում: Կամավորներն ու բուժաշխատողները վալս են պարում տանիքում:

Ապրիլի 9. Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների թիվն անցավ 1.603.000-ը: Վիրուսին զոհ են գնացել 95.693 մարդ: Սերբիայի նախագահի որդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Արցախում ևս երկուսի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Չինաստանից Հայաստան ժամանեց բժշկական սարքավորումներով բեռնված ինքնաթիռ:

Պայքարը նոր տեսակի կորոնավիրուսի դեմ շարունակվում է: Հայաստանում վարակակիրների թիվը ապրիլի 10- ժամը 11:00-ի դրությամբ 937 է: Բուժվել են 149 մարդ, փաստացի բուժվողները՝ 777, բացասական թեստերը՝ 5144, մահվան ելքով՝ 11:

Ապրիլի 12. Ապրիլի 12-ի դրությամբ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 1.852.360-ը, մահացածների թիվը 114.197 է: ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1557 մարդ: Ընդհանուր առմամբ մինչ օրս ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 22.079 մարդ: Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 619 մարդ, ընդհանուր՝ 16.972: Իտալիայում մեկ օրում գրանցվել է մահվան 431 դեպք: Սա մարտի 19-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է: Իտալիայում մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 19.899 մարդ: Հայաստանում վարակակիրների թիվն անցավ 1000-ը, որոնցից 13-ը՝ մահվան ելքով: Արցախում հայտարարվեց արտակարգ իրավիճակ, սակայն ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունները չեն հետաձգվելու:

Ապրիլի 14. Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը անցավ 2 մլն-ը: ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ԱՀԿ-ն առաջիկա 12 ամիսների ընթացքում չի կարող զբաղվել կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծմամբ՝ քանի դեռ աշխարհում վարակի նոր օջախներ են հայտնվում: Հայաստանում ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1067 դեպք, որոնցից 265-ն` առողջացած, 16-ը` մահվան ելքով: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը վերջին 2 մահվան դեպքի վերաբերյալ հայտնել է, որ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։

Ապրիլի 16. Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1159 դեպք, 18-ը մահվան ելքով:
Օրեր առաջ Արարատի մարզի Նորաշեն համայնքում հուղարկավորության մասնակցած մի տղայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Համայնքն ամբողջությամբ մեկուսացված է: Կառավարության նիստի ժամանակ այս դեպքին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ տեսաուղերձով, որն ուղղված էր ՀՀ քաղաքացիներին։

Ուղերձով դիմում եմ մեր ժողովրդին։

Ուղերձով դիմում եմ մեր ժողովրդին։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 17. April 2020

Նարեկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930