Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ գործընկերը ներկայացրեց իր մոտեցումը, ես ներկայացրի մեր մոտեցումը…զիջումներ չեն եղել և չեն լինելու». Զոհրաբ Մնացականյանը՝ Սերգեյ Լավրովի հայտարարության մասին

Ապրիլ 21,2020 17:28

«Եթե որևէ մեկը ենթադրում է, որ մենք կարող ենք բանակցությունների ժամանակ մի բան անել և այլ բան խոսել հասարակության հետ, խորապես սխալվում է: Նման բան չի եղել և չի լինելու, նման բան տրամաբանական չի կարող լինել, քանի որ ՀՀ-ի որևէ ներկայացուցիչ չի կարող նման բան անել՝ անկախ ամենից»,-Aravot.am-ի և մի շարք այլ լրատվամիջոցների հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ այսօր արված հայտարարությունը, թե կան նախագծեր, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, եւ դրանք այժմ ակտիվորեն քննարկվում են, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի հունվարի 25-ին հայտարարել էր, որ «այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա»:

Ասուլիսին Զոհրաբ Մնացականյանը շարունակեց. «Ես էլ եմ լսել այդ հայտարարությունը կամ մեկնաբանությունը: Կասեմ հետևյալը. այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, մենք, վարչապետը եղել ենք առավել քան թափանցիկ, և մեր դիրքորոշումները, մոտեցումները արտահայտել ենք պարզ ձևով: Կոնկրետացնեմ: Այո, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի՝ սկսած Քի Ուեսթից մինչև վերջերս: Խոսքը գնացել է նաև նրա մասին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքն այս երկու տարիների ընթացքում: Եկեք լինենք հստակ՝ նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014-ին, 2016-ին և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար: 2018-ից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցման քննարկման գնահատման վերաբերյալ: 2014-ին առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ: Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ ընդգծված առաջնային գերակայություն է հայկական կողմերի համար անվտանգության բաղադրիչը»:

Խոսելով Սերգեյ Լավրովի հայտարարության՝ տարածքներին վերաբերող մոտեցումների մասին՝ Զոհրաբ Մնացականյանը պարզաբանեց. «Այն, ինչ վերաբերվում է տարածքներին, ինչպես նշվել է մեկնաբանության մեջ, ամենից բացի դա անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր: Որևէ կերպ որևէ հայկական կողմից չի կարող ենթադրել նույնիսկ, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը: Այո, որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը»:

ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց նաև, որ կարևորագույն տարր է այն, որ հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային, գերակա տարր է այս բանակցային գործընթացում ու շարունակեց. «Դա մենք կոչել ենք անվտանգություն և ստատուս: Ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում: Կամարտահայտության, ազատ կամարտահայտության իրավունքն առանց սահմանափակումների: Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել և չեն լինելու, հայկական կողմերը երբևէ չեն ստանձնելու որևէ նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, ԼՂ բնակչությանը սպառնալիք ստեղծելուն, առավել ևս այն պայմաններում, որ այդ սպառնալիքը մնում է ռեալ: Եվ հայկական կողմի համար առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտությունն այս բանակցային գործընթացում: Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն անվտանգության և ստատուսի տարրերի: Սա եղել և մնացել է հայկական կողմերի մոտեցումը: Այս երկու տարիների ընթացքում մենք խոսում ենք բավականին ժամանակ: Եթե որևէ մեկը ենթադրում է, որ մենք կարող ենք բանակցությունների ժամանակ մի բան անել և այլ բան խոսել հասարակության հետ, խորապես սխալվում է: Նման բան չի եղել և չի լինելու, նման բան տրամաբանական չի կարող լինել, քանի որ որևէ ներկայացուցիչ ՀՀ-ի չի կարող նման բան անել՝ անկախ ամենից»:

Զոհրաբ Մնացականյանը շեշտեց՝ հայաստանյան կողմը մշտապես նշել է, որ ինքն իր պատասխանատվությունն է կրում և ամբողջովին ներգրավված է բանակցային գործընթացի մեջ իր մասով և իր մասով ամբողջովին տանելու է այդ գործը. «Միևնույն ժամանակ ՀՀ իշխանությունները չունեն մանդատ Արցախի ժողովրդից ստացած: Վերջերս Արցախում ավարտվեցին նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Արցախի իշխանությունները ստացան համապատասխան մանդատ՝ մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Երկու տարիներին անվերապահ հայաստանյան կողմը մշտապես սերտորեն խորհրդակցել է արցախյան կողմի հետ: Այս ամենը քննարկվել է մանրամասնորեն արցախյան կողմի հետ: Մենք աշխատում ենք միասին: Նույնը շարունակվում է նոր իշխանությունների հետ, որոնց հետ ունենք համապատասխան երկխոսություն: Արցախյան որևէ որոշում, որը վերաբերում է Արցախի ժողովրդին, չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի: Սրանք այն հստակ սկզբունքներն են, որոնցով հայաստանյան կողմն աշխատում է այս բանակցային գործընթացում»:

Եզրափակելով՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Իմ գործընկերը ներկայացրեց իր մոտեցումը, ես ներկայացրի մեր մոտեցումը, այն մոտեցումը, որ երկու տարվա ընթացքում մենք հետևողականորեն տարել ենք, աշխատել ենք շատ հետևողական: Եվս մեկ տարր՝ այս գործընթացը չունի որևէ այլընտրանք, քան խաղաղ կարգավորումը, քանի որ հայկական կողմերը վճռականորեն պաշտպանելու են իրենց ժողովրդին և իրենց անվտանգությունը: Այդ առումով միայն խաղաղ կարգավորման միջոցով է հնարավոր հասնել հանգուցալուծման: Այս սկզբունքին մնում ենք հավատարիմ»:

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ թերևս մեր հանրությունը տեսել է, որ երեկ եղել է տեսակոնֆերանս համանախագահների հետ, այսօր կկայանա նաև տեսակոնֆերանս բոլոր կողմերի ներգրավմամբ: Զոհրաբ Մնացականյանը հավելեց. «Նկատի ունեմ նաև ՀՀ-ի, Ադրբեջանի նախագահների և համանախագահների մասնակցությամբ: Այսօրվա գերակա խնդիրն այն է, որ մեր տարածաշրջանն, ամբողջ աշխարհը կենտրոնացած է COVID-19-ի դեմ պայքարի վրա, և զինադադարի պահպանումը, որևէ ռիսկերի բացառումն այս պայմաններում առավել քան գերակա խնդիր է: Եվ մենք, բնականաբար աշխատել ենք և աշխատելու ենք այս ուղղությամբ: Մնացած հարցերը՝ հետո»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930