Խորհրդարանն այսօր քննարկում է հունվարից գործող՝ ՀՀ ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը վեց ամսով երկարաձգելու հարցը:
Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը տեղեկացրեց, որ թիրախավորել են այն խմբերը, որոնց հետ ուսումնասիրելու են ոլորտը, բայց Իրանի եւ Վրաստանի հետ միջպետական փոխադրումները, կորոնավիրուսով պայմանավորված, սահմանափակվեցին:
Ծառուկյանի փոխանցմամբ՝ արդեն ուսումնասիրել են «ՀայԱվտոկայարան» ՓԲԸ-ից 268, «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ից՝ 63, «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ից՝ 83 եւ ներմարզային ուղեւորափոխադրողներից՝ 200-ից ավելի պայմանագրեր. «Հանձնաժողովն ակտիվ աշխատում է այս ընկերությունների հետ: 35 ընկերությունների հետ հանդիպել ենք, գործընթացը շարունակական է»:
Արտյոմ Ծառուկյանի խոսքով՝ վերջնական պատկեր ստանալու նպատակով են ԱԺ-ին խնդրում երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































