Լրահոս
Օրվա լրահոսը

Գերեվարված հայերին վերջին անգամ այցելել են փետրվար ամսին. «Ա1+»

Մայիս 13,2020 20:55 Share

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ այս տարվա փետրվար ամսին են այցելել ադրբեջանական կողմում հայտնված Վայոց Ձորի Եղեգիս համայնքի բնակիչ, ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանին, Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին, Արցախի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։ «Ա1+»-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նշենք, որ Արսեն Բաղդասարյանը  գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին, Արայիկ Ղազարյանն ադրբեջանական կողմում հայտնվել է 2019 թվականի օգոստոսի 12-ին, իսկ Կարեն Ղազարյանը՝ 2018 թվականի հուլիսի 15-ին։

«Ես կարող եմ ասել վերջին այցելության մասին, որը կարող ենք հաստատել։ Այն եղել է այս տարվա փետրվարին։ Նրանց վիճակի մասին չեմ կարող ասել, որովհետև նման բաները մենք չենք կիսվում հանրության հետ։ Այդ անձանց միջև մեր երկխոսություններով, մեր մտահոգություններով կիսվում ենք իշխանությունների և ընտանիքի հետ։ Այսինքն՝ այդ շրջանակից դուրս է մնում հանրությունը»,- շարունակեց ԿԽՄԿ ՀԳ հաղորդակցման ծրագրերի ղեկավարը։

Ամատունին նշեց, որ այցելություններ կատարելու պատրաստակամություն «Կամիր խաչը» միշտ ունի, և ինքը կարող է հաստատել միայն կազմակերպության կատարած այցելության փաստը։ Իսկ Ադրբեջանում հայտնված հայերի ընտանիքները, ըստ նրա, տեղեկություններ ստանում են «Կարմիր խաչ»-ի միջոցով, որովհետև այցելողը կոմիտեի պատվիրակությունն է։

Այսինքն՝ ընտանիքները վերջին անգամ տեղեկություններ ստացել են փետրվար ամսին։ «Կարմիր խաչ»-ի  հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը նաև չասաց փետրվար ամսին կատարված այցելության ժամանակահատվածը, քանի որ որոշել են այս ընթացքում նշել միայն այցելության ամիսը։

Հարցին՝ ինչո՞ւ է «Կարմիր խաչ»-ի գրասենյակը վերջին անգամ  փետրվար ամսին այցելելություն կատարել, պատասխանեց, որ առաջին պատճառը կորոնավիրուսն է։

«Բացի դրանից, ցանկացած հանդիպում մենք կարող ենք կատարել միայն իշխանությունների համաձայնությամբ: Դա նրա համար չեմ ասում, որ թույլ են տալիս կամ ոչ։ Բայց կազմակերպությունը չի կարող ամեն պահի ցանկանալ «դուռը բացել» և մտնել ցանկացած տեղ։ Մուտք գործելը պայմանավորված է փոխադարձ համաձայնությամբ»,- ընդգծեց նա։

Իսկ, թե հաջորդ այցելությունը երբ է նախատեսված, Ամատունին ժամկետներ դժվարացավ նշել, իսկ այցելությունները կատարվում են պարբերականությամբ, և կոմիտեն երբևէ խոչընդոտ չի ունեցել։

«Ինչ վերաբերում է հաջորդ այցելությանը, հնարավորության դեպքում կայցելենք։ Հատուկ օր չկա նախատեսված։ Մենք շատ լավ երկխոսություն ունենք իշխանությունների հետ, նաև կորոնավիրուսի հետ կապված ենք աջակցել, և շարունակում ենք։ Իշխանությունների հետ երկխոսությունն ընթացիկ է, և երբեք չենք դադարել ինֆորմացիա փոխանակել»,- շարունակեց նա։

Իսկ երկխոսության բովանդակությունը, նրա փոխանցմամբ, վերաբերում է պետություններում պահվող անձանց կեցության պայմանների, իրավունքների և ընտանիքների հետ կապին։

Արսեն Բաղդասարյանի, Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի վիճակի վերաբերյալ տեղեկությունների համար նաև կապ հաստատեցինք ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, մայոր Շուշան Ստեփանյանի հետ։

«Ես իրավունք չունեմ տեղեկություն փոխանցել, դա «Կարմիր խաչ»-ի լիազորությունների շրջանակներում է։ Գուցե իրենք ինչ-որ բան չեն ասում՝ գործընթացին (նկատի ունի գերիների վերադարձի – հեղ․) չվնասելու համար»,- նշեց ՊՆ մամուլի քարտուղարը։

Վերջինս նաև ասաց, որ Ադրբեջանում հայ գերիների առողջական վիճակի վերաբերյալ նույնպես չի կարող տեղեկություն տրամադրել, և «Կարմիր խաչ»-ն է այցելություններ անում, և կազմակերպությունն է լիազորված այս հարցերին պատասխանելու։

ԱՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթյանը նույնպես տեղեկություններ չկարողացավ փոխանցել մեր հայրենակիցների վերաբերյալ։

Արցախում «Կարմիր խաչ»-ի առաքելության ներկայացուցիչ Էսթեր Մուսայելյանն ավելին չասաց, քան ասել էր իր գործընկերը՝ Զառա Ամատունին։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին և ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին կատարած զանգերը մնացին անպատասխան։

Եղեգիս համայնքից Արայիկ Ղազարյանի վերաբերյալ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանն ասաց, որ վերջին 15 օրվա տեղեկությունները չունեն։

«Դրանից առաջ, որ  «Կարմիր խաչ»-ը գնացել էր, այնտեղից իրենից նամակ է բերել, որ «ամեն ինչ նորմալ է, էս կոմ, էն կոմ»։ Նամակը 15-20 օր առաջ է բերել»,- շարունակեց Ստեփանյանը։

Վերջինիս խոսքերով՝ վերջերս, որ իրենք այցելության են գնացել Ղազարյանի ընտանիքին, Արայիկ Ղազարյանի նամակներն են կարդացել։ Համայնքապետի խոսքերով՝ Ղազարյանի մայրը ցանկանում էր նաև «Կարմիր խաչ»-ի միջոցով գնա Ադրբեջան՝ որդուն տեսնելու։

«Այն էլ երեխան նամակ էր գրել, որ «պետք չէ, որ դուք գաք և այլն»։ Առողջական վիճակի վերաբերյալ այնքան են իմանում, որքան գրում է՝ «նորմալ ա»»,- եզրափակեց Արթուր Ստեփանյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031