Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է իրավաքաղաքական գնահատական տալ եղած համակարգի ու այն կառավարած ռեժիմների գործունեությանը. «Սասնա Ծռեր»

Մայիս 14,2020 13:16

ՀՀ վարչապետը և ՀՀ արդարադատության նախարարը ս.թ. մայիսի 11-ին հեռուստատեսությամբ ցուցադրվող քննարկման ժամանակ փաստացի հայտարարեցին, որ դատաիրավական համակարգի արմատական բարեփոխում չի իրականացվելու, այլ ընդամենը նրան մասնակի և մակերեսային ինքնաբարեփոխման շանս է տրվելու: Ընդ որում՝ շատ երկար ժամանակահատվածում:

Նրանք ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի քաղաքացիներին համոզեն, թե այլ ճանապարհ ու տարբերակ չկա, ուստի ստիպված ենք հաշտվել ու հարմարվել:

Նույն տրամաբանությամբ նրանք ներկայացրեցին նաև ապօրինի գույքի բռնագանձման խնդիրը՝ որպես միայն շատ մասամբ լուծելի:

Իրականում նրանք պարզապես խաբում են մեզ:

Գործող իշխանությունը 2018 թ. ապրիլի 23-ից, դեռ որպես իշխանության հավակնող քաղաքական թիմ, դավաճանեց իր առաջնորդած հեղափոխությանը և նախորդ ազգադավ ու ոճրագործ ռեժիմներին պատասխանատվության կանչելու և համակարգային փոփոխություններ կատարելու փոխարեն դարձավ նրանց իրավահաջորդը:

Հավատարիմ մնալով այս մոտեցմանը, ՀՀ վարչապետն ու ՀՀ արդարադատության նախարարը կոծկում են տասնամյակներով ձևավորված իրավիճակը:

Նրանք չեն ընդունում դառը իրականությունը, որ նախորդ իրարահաջորդ ռեժիմները օտարի հովանավորությամբ և աջակցությամբ ձևավորվել էին որպես հանցավոր համագործակցություն՝ յուրացրել էին իշխանությունը և զավթել պետությունը: Չեն ընդունում, որ դրա հետևանքով մեր պետությունը վերածվել է օտարի շահերի տիրույթում այդ բազմագլուխ մաֆիայի կլանային ու անձնական շահերը սպասարկող կիսագաղութային համակարգի, որը մաֆիան օգտագործել է և շատ առումներով շարունակում է օգտագործել որպես իր հանցագործությունների գործիք:

Նման իրավիճակում պետական կառավարման կիսագաղութային կեղեքիչ համակարգը, որ կայացել է որպես հանցագործությունների գործիք և, մասնավորապես՝ նրա դատաիրավական ենթահամակարգը, հնարավոր է բարեփոխել բացառապես համակարգային արմատական փոփոխությունների միջոցով:

Դրա համար անհրաժեշտ է իրավաքաղաքական գնահատական տալ եղած համակարգի ու այն կառավարած ռեժիմների գործունեությանը և.

1) այդ գնահատականի հիման վրա իրականացնել համապարփակ և ամբողջական անցումային արդարադատություն,

2) այդ գնահատականի հաշվառմամբ ընդունել նոր Սահմանադրություն և նրան համապատասխան ձևավորել ազգային շահերն սպասարկող և մարդու ու քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները երաշխավորող պետական կառավարման համակարգ, այդ թվում՝ դատաիրավական ենթահամակարգ:

Նման համակարգային մոտեցման պարագայում արդեն հնարավոր կլինի բավարար չափով մեծացնել պետական կառավարման, ներառյալ՝ դատաիրավական գործունեության, արդյունավետությունը՝ ապահովելով նաև կադրային-մասնագիտական հագեցում:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031