Լրահոս
Վահրամի քույրերը
Օրվա լրահոսը

«Այո, իմ արժանապատվությունը վիրավորվել է պարոն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունից». Թեհմինե Ենոքյան

Մայիս 25,2020 19:40

Մայիսի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիներն ընդդեմ Տիգրան Ավինյանի գործով դատական հերթական նիստի (նախագահող դատավոր Մխեյան) ընթացքում տեղի ունեցավ հայցվոր վկաների հարցաքննություն: Նշենք, որ 15 հայցվորներ պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին հերքել զրպարտություն համարվող այն տվյալները, որոնք նա հայտարարել է 2019-ի հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ: Նա, մասնավորապես ասել էր.

«Իրազեկեմ ձեզ, որ Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան անկեղծ և ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրն աղետ է: Բայց նաև կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Թե չէ, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու, որովհետեւ նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք և լուրջ արշավ է պետք կազմակերպել, որն ինտենսիվորեն դեռևս 2016-2017 թվականից արվում է»:

Ըստ հայցվորների՝ այս դատական գործը ոչ միայն Ամուլսարի պայքարի խնդրին, պաշտոնյաների՝ քաղաքացիների հանդեպ պատասխանատվությանն ու հաշվետվողականությանն է վերաբերում, այլև լրջագույն նշանակություն ունի Հայաստանի միջազգային վարկանիշի առումով, քանի որ մասնավոր հանքային ընկերությունն օգտագործում է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների անհիմն խոսքերը ընդդեմ Հայաստանի Հանրապետության շահերի։

Դատական նիստին հարցաքննվեց լրագրող Թեհմինե Ենոքյանը: Նա տեղեկացրեց, որ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ հարցում է արել փոխվարչապետի գրասենյակ պարզելու իրենց ո՞ր խմբին է դասում, սակայն պատասխան չի ստացել. «Պարոն փոխվարչապետը չի ցանկացել որևէ պարզաբանում տալ՝ այդպիսով ոչ հերքել է և ոչ հաստատել: Մենք ունենք մի վիճակ, երբ փոխվարչապետին դատարան չեն կանչում, որ պատասխանի, նրա ներկայացուցիչը չի ներկայանում դատական նիստերին: Ես համարում եմ, որ դա իմ արժանապատվությունը նսեմացնող արտահայտություն է և հանրության կողմից ընկալվում եմ այն անձանցից մեկը, որն իբրև թե ֆինանսավորվում է այլ հանքարդյունաբերական ընկերությունների կողմից: Կարևոր ենք համարում, որ պաշտոնյան լինի հանրության համար հասանելի, պատասխանատու իր արած արտահայտությունների համար»:

Թեհմինե Ենոքյանը նշեց, որ 2018-ից տեղյակ է՝ Տիգրան Ավինյանի ընկերությունն ինչ գործունեություն է ծավալում այդ տարածքում. մշտապես լուսաբանել է ոչ միայն բնապահպանական խնդիրներ, այլև տարբեր հասարակական-քաղաքական թեմաներ. «Ես որևէ հասարակական նախաձեռնության անդամ չեմ, անկախ լրագրող եմ: 2010 թվականից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ քաղաքացիական ակցիաներ, արշավներ, խաղաղ անհնազանդության միջոցառումներ, դրանք լուսաբանել եմ: Իմ անունից կան ներկայացված բազում դատական հայցեր իմ պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար: Ես «Լիդիան Արմենիայի» աշխատակիցների կողմից, երբեմն, ճնշումների եմ ենթարկվել. իմ բարի համբավը արատավորող գրառումների համար հայցեր եմ ներկայացրել»:

Նախագահող դատավորը հետաքրքրվեց՝ կոնկրետ իր արժանապատվությունն ինչպե՞ս է արատավորել Տիգրան Ավինյանի հայտարարությունը, այն ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել, Թեհմինե Ենոքյանը պատասխանեց. «Լիդիան Արմենիա» ընկերության ֆեյսբուքյան էջերում և այդ ընկերության կողմից ստեղծված կեղծ ֆեյսբուքյան էջերում թիրախավորում են այն անձանց, որոնք Ամուլսարի փրկության համար պայքար են մղում: Միշտ, երբ տեղեկություններ էին հրապարակում, գրում էին, որ այդ անձինք ֆինանսավորվում են տարբեր ընկերությունների կողմից, կաշառված են: Եվ նույնաբովանդակ տեքստը կրկնեց փոխվարչապետը և դրանով արատավորեց այն մարդկանց, որոնք Ամուլսարի համար պայքարել են: Ես ինքս որևէ ֆինանսավորում չունեմ, ընդհակառակը, իմ միջոցներն եմ ներդրել, իմ տունն եմ տրամադրել այն անձանց, որոնք միացել են պայքարին»: Թեհմինե Ենոքյանն ամփոփեց՝ իր մոտիվացիան իր տարածքը փրկելն է, որ այն չդառնա Կապան կամ Քաջարան, որ մարդիկ չմահանան հիվանդություններից, ինչպես այդ քաղաքներում:

Թեհմինե Ենոքյանը վստահեցրեց՝ յուրաքանչյուր փոխանցում Ամուլսարի համար պայքարող քաղաքացիների համար բաց է և թափանցիկ, և հայտնեց, որ բոլոր փոխանցում կատարողներին իրենք հատ առ հատ ծանոթ են:

Նախագահող դատավորը խնդրեց Թեհմինե Ենոքյանին հստակեցնել՝ կոնկրետ փոխվարչապետի այդ հայտարարությունը վիրավորե՞լ է հենց իր արժանապատվությունը, նա պատասխանեց. «Այո, իմ արժանապատվությունը վիրավորվել է պարոն փոխվարչապետի հայտարարությունից: Անձամբ իմ գործունեությունը որևէ ֆինանսական օժանդակություն չի ստացել և իմ համայնքի շահերը պայքարելու համար եմ դա արել: Իմ հաշվեհամարը բաց է, երևում է, թե ես որտեղից ինչ աշխատանքի համար եմ գումար ստացել: Որևէ հանքարդյունաբերող ընկերություն ինձ չի ֆինանսավորել ու չի էլ կարող ֆինանսավորել»:

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը ևս դատարանի դահլիճում հայտարարեց, որ փոխվարչապետի հայտարարությունը վիրավորում է իր արժանապատվությունը. «Ստացվել է մի իրավիճակ, երբ ողջամիտ քաղաքացիները, որոնք տեղյակ են, թե ով, երբ ինչ պայքար է մղել այս խնդրի ուղղությամբ, կասկած է առաջանում, որ դրանցից մեկը, որին նկատի ունի փոխվարչապետը, ես եմ և իմ ընկերները, որոնք տասնյակ տարիներ տարբեր բնապահպանական խնդիրների հետ կապված գործունեություն են ծավալում պայքարում»: Լևոն Գալստյանն ասաց, որ Տիգրան Ավինյանի հայտարարությունից հետո որպես այդ գործունեության մասնակից թիրախավորվում է: Նա մանրամասնեց. «Ցանկացած անձ, որը Ամուլսարի պայքարի վերաբերյալ որևէ հայտարարություն է կատարում, որը բացասական երանգ ունի այն մարդկանց նկատմամբ, որոնք տարիներ շարունակ պայքարել են այդ շահագործման դեմ, դա, բնականաբար, առաջին հերթին վերաբերում է նաև ինձ՝ որպես այդ շարժման ակտիվ մասնակից վերջին հինգ տարվա ընթացքում: Թիրախավորվում եմ այն առումով, որ նշում են, թե կան մարդիկ, որոնք ֆինանսավորվում են այսինչ կազմակերպության կողմից: Դիմում եմ գրել Տիգրան Ավինյանին, որ պարզաբանի՝ արդյոք այդ գրվածը վերաբերո՞ւմ է ինձ՝ որպես Լևոն Գալստյանի և Հայկական բնապահպանական ճակատի անդամ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031