«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ մասնավոր «Էրեբունի» հիվանդանոցը շատ վաղուցվանից է ներգրավված, մասնավոր «Արմենիա» բժշկական կենտրոնը շատ վաղուցվանից է ներգրավված, մասնավոր «Աստղիկ» բժշկական կենտրոնը շատ վաղուցվանից է ներգրավված:
Խնդիրն այստեղ հակահամաճարակային կանոնների պահպանման մեջ է, որովհետեւ կառավարությունը, առողջապահության նախարարությունը այս հարցը դիտարկելիս, շատ կարեւոր է համարում, որ մյուս առողջապահական հատվածները, բաժինները հնարավորինս մեկուսացած լինեն կորոնավիրուսային բաժիններից, որպեսզի հիվանդների շրջանում վարակը չտարածվի: Չնայած, մենք գիտենք, որ Հայաստանում այնպես էլ աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային բաժինները համարվում են վարակի տարածման շատ ինտենսիվ աղբյուր»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, այսօր, պարետատան նիստից հետո, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետից հետաքրքրվել էինք՝ ինչո՞ւ կառավարությունը չի համախմբում երկրում եղած մասնագիտական ներուժը, ինչո՞ւ կառավարությունը մասնավոր բուժհիմնարկներին նախապես չի առաջարկել՝ հնարավորության դեպքում միանալ COVID-19-ի դեմ պայքարին եւ միայն վերջին մի քանի օրում են նրանք այդ առաջարկությունը ստացել: Մեր այն դիտարկմանը՝ դուք եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հատկապես՝ այս օրերին, երբ ամեն օր, կորոնավիրուսով վարակվածության բարձր ցուցանիշներ են արձանագրվում, համախմբման, վարակի դեմ միասնական պայքարելու կոչեր եք անում, բայց, միեւնույն ժամանակ ականատես ենք լինում հասարակական-քաղաքական գործիչների հայտարարություններին, որոնք պնդում են, որ կառավարությունը չի ընդունում դաշտում եղած պրոֆեսիոնալ մասնագետների՝ աջակցելու պատրաստակամությունը՝ ինչ է թե նրանք «նախկիններ» են, վերջին հայտարարությունը մշակութային, հասարակական գործիչ, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին էր, Փաշինյանը պատասխանեց.
«Ինչ վերաբերում է պարոն Արծրունու հրապարակմանը, ես տեղյակ եմ, որ հրապարակումից երեք օր առաջ այդ թեման արդեն լուծված է եղել եւ նախարարությունը համապատասխան բուժհաստատության հետ կայացրել է որոշում: Երեկ մենք բաց հայտարարություն ենք տվել: Չնայած մինչ այդ բաց հայտարարությունը առողջապահության նախարարությունը բոլոր հնարավոր բժշկական կենտրոնների հնարավորությունները գույքագրել է եւ, ըստ անհրաժեշտության, կայացրել է որոշում: Երեկվանից մենք տվել ենք բաց հայտարարություն եւ դրան կարող են արձագանքել: Երբ որ այդ բաց հայտարարություններին կլինեն արձագանքներ մենք, ըստ այդմ, կարող ենք գնահատել իրավիճակը: Էլի եմ ասում, բժշկական առողջապահական հիմնարկները ծավալվում են ըստ անհրաժեշտության եւ էլի ուզում եմ ասել մի բան՝ առողջապահական ծավալումը միայն շենք եւ սարքավորում չէ, շատ կարեւոր է, որ այդ շենքերը եւ սարքավորումները օգտագործվեն բարձր որակավորմամբ մասնագետների կողմից, որպեսզի մենք լավ վիճակում գտնվող շենքում կարողանանք ապահովել նաեւ բարձր որակի բուժսպասարկում»:
Կարդացեք նաև
Ըստ Փաշինյանի, ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետ կապված շահարկումները շատ են. «Ես հանգիստ եմ վերաբերվում այդ շահարկումներին: Քննադատություններին մենք ուշադիր հետեւում ենք եւ քննադատությունների համատեքստում քննում եւ վերաքննում ենք մեր գործողությունները, բայց, կարող եմ արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված շատ հատկանշական իրավիճակ է արձանագրվել եւ Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի՝ մարդիկ, որոնք շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի եւ հնարավորինս վատ ընթացք ստանա, դրանք հայտնի քաղաքական շրջանակներն են, բայց ես ուզում եմ ասել, որ այդ քաղաքական շրջանակները կորոնավիրուսի, համավարակի հետ ավարտվելու են:
Այսինքն՝ նրանք ավարտված են, բայց, այնքան էլ լավ չեն հասկանում, որ ավարտված են: Նրանք, որոնք լավ չեն հասկանում եւ հասկանալու հետ կապված օբյեկտիվ, բնածին խնդիրներ ունեն, մենք նրանց, տեսանելի կերպով կհասկացնենք, կբացատրենք եւ, այս անգամ նրանք, ցկյանս կհասկանան եւ, այլեւս, չեն փորձի քթները խոթել այնտեղ, որտեղ նրանց տեղը չէ:
Մենք բոլորս գիտենք, թե որն է նրանց արժանի տեղը եւ համոզված եղեք, որ բոլորը, շատ շուտով, ըստ ընթացակարգերով կհայտնվեն իրենց արժանի տեղերում: Խնդրում եմ, սրանով որեւէ մեկը չկասկածի: Հայաստանի հանրապետության ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերն արժանանալու են գնահատականի եւ այդ գնահատականի հեղինակներն, արժանանալու են շատ կոնկրետ ճակատագրերի: Նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը, նրանք այնտեղ են դե ֆակտո եւ դե յուրե կարձանագրվի շատ շուտով»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ