Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը գնում է իր կողմից քննադատված ուղիով. «Փաստ»

Հունիս 11,2020 12:45

Երկու ամիս տևած կարանտինի արդյունքում Հայաստանի տնտեսությունը լուրջ անկում է գրանցել։ Տնտեսության իրական հատվածի համարյա բոլոր ոլորտները հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում են գրանցել:

Վիճակագրական տվյալներն այսպիսին են՝ արդյունաբերությունը կրճատվել է 8,6 տոկոսով, շինարարությունը՝ 21 տոկոսով, կապի ոլորտը՝ 2,8 տոկոսով, առևտրի անկումը կազմել է 8,6 տոկոս և այսպես շարունակ։

Մինչդեռ հարկ է նշել, որ դեռևս ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը ԱԺ ամբիոնից քննադատում էր Հայաստանի տնտեսական աճը՝ նշելով, թե այդ աճը ձևավորվել է ընդամենը ընդերքը քանդելու, պետության ունեցած հանքային հարստությունները «թալանելու» արդյունքում։

Սակայն նշված հայտարարությունները բավական չէին, վարչապետ ընտրվելուց հետո էլ Փաշինյանը այս թեման բարձրացնում էր արդեն վարչապետի կարգավիճակով՝ ընդգծելով, որ պետք է անցնել ներառական տնտեսական համակարգի, այսինքն՝ պետք է ՀՀ տնտեսական աճի կառուցվածքը էականորեն փոխվի։

Ընդ որում, Փաշինյանի կարծիքով, Հայաստանի տնտեսության մեջ մեծ հատված պետք է ունենա հետևյալ կառուցվածքը` բարձր տեխնոլոգիաներ, ՏՏ, թեթև արդյունաբերություն, սննդի վերամշակող արտադրություն։

Սակայն ավելորդ է խոսել այն մասին, թե որքանով են Փաշինյանի հայտարարություններն իրականություն դարձել։

Վերջինիս պաշտոնավարման ընթացքում անգամ չի ստեղծվել մետաղական հումքը վերամշակող որևէ գործարան, որպեսզի էժան հումք արտահանելու փոխարեն, Հայաստանը հնարավորություն ստանար ավելի թանկ գնով արտահանել պատրաստի արտադրանք։

Գոնե ներկայիս տնտեսական դժվարությունների փուլում կառավարությունը պետք է համապատասխան լուծումներ գտներ, թե ինչպես կարելի է զարգացնել տնտեսության իրական հատվածը, որը երկարաժամկետ հեռանկարում մեծ արդյունքներ է խոստանում։ Սակայն, ըստ տնտեսագետների գնահատականի, Փաշինյանը գնում է իր կողմից քննադատված ուղիով։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930