Լրահոս
Օրվա լրահոսը

Թագավարակը «մշակութային բոնուսներ» էլ ունի

Հունիս 12,2020 12:30

Հարցազրույց լուսանկարիչ Տիգրան Առաքելյանի հետ

– Օրերս «Առավոտի» հետ զրույցում Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ այլ նախագծերի թվում իրենք նկարահանում են նաեւ ֆիլմեր։ Հավաստիացրեց, որ թատրոնի կայքում հուլիսին կտեղադրվի Չարլզ Բուկովսկու բանաստեղծությունների հիման վրա ֆիլմը։ Հատուկ շեշտեց, որ «ֆիլմն արտադրվում է միայն թատրոնի աշխատակիցների ուժերով»։ Օրերս էլ մենք լուր ստացանք, որ լուսանկարիչ Տիգրան Առաքելյանը նկարահանել է բալետային տեսահոլովակ՝ կորոնավիրուսյան թեմաներով։ Փաստորեն դուք էլ, հավանաբար օգտագործելով համավարակի «բոնուսները», ձեռք եք բերում կլիպմեյքերի մասնագիտություն։ Ընթերցողին արժե հիշեցնել, որ դուք առայսօր միակ լուսանկարիչն եք, որը 2017թ. բալետի առաջատար պարուհի, վաստակավոր արտիստ Սյուզի Փիրումյանի մասնակցությամբ Երեւանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացրել եք ֆլեշ մոբ եւ բալետի տարբեր արտիստների հետ, հանրապետության տարբեր վայրերում ֆոտոսեսիաներ։

– Այո, բալետի արտիստներ Սոնա Վարդանյանի հետ՝ Սեւանում, Րաֆֆի Գալստյանի մասնակցությամբ՝ Կասկադում, ձմռանը՝ Արագած լեռան ստորոտում՝ Ժաննա Թեւոսյանի հետ, Մատենադարանում՝ Աննա Վեկիլյանի, Գյումրիում՝ Սոնա Խառատյանի եւ այլն։ Ինչ վերաբերում է տեսահոլովակին, մինչ այդ, դիմակ կրելը քարոզելու նպատակով, բալետի ճանաչված արտիստ Րաֆֆի Գալստյանի հետ ֆոտոսեսիա անցկացրի, որի ընթացքում միտք առաջացավ հենց մեր օպերային թատրոնի տանիքում նկարահանել կորոնավիրուսի թեմայով տեսահոլովակ։ Դիմեցի ընկերոջս՝ օպերատոր Արտաշես Գեւորգյանին, որը տեսահոլովակը նկարելուց հետո իրականացրեց նաեւ մոնտաժի աշխատանքները։

– Քանի որ դա կորոնավիրուսի թեմայով դեռեւս առաջին բալետային տեսահոլովակն է մեր իրականությունում, մեկ նախադասությամբ հնարավո՞ր է ներկայացնել սցենարը։

– Նախ նշեմ, որ նկարահանվել են Կարինա Շիկանյանն ու Րաֆֆի Գալստյանը, իսկ մեկ նախադասությամբ՝ սցենարը հետեւյալն է. սիրահար զույգը սիրո տարբեր հոգեվիճակներն արտահայտում է պահելով համաճարակային բոլոր կանոնները՝ դիմակ, ֆիզիկական հեռավորություն… հույս ունենալով, որ այս ամենից հետո կմիավորվեն։

– Հայտնի է, որ դուք գործունեություն եք ծավալում մշակութային տարբեր ժանրերում։ Կուզեինք իմանալ՝ ինչո՞ւ հատկապես վերջին շրջանում «թիրախավորել» եք պարարվեստը։

– Ձեր որակմամբ՝ թիրախավորել եմ դասական արվեստը։ Աշխատանքներիս համար հերոսներ եմ ընտրել, օրինակ, օպերային արվեստի այնպիսի դեմքերի, ինչպիսիք են Գեւորգ Հակոբյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Սարգիս Աղամալյանը, Հայկ Տիգրանյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Մերի Մովսիսյանը եւ այլք։ Ճիշտ նկատեցիք՝ հիմա արվեստս ծառայեցնում եմ պարարվեստին, հատկապես բալետին։ Ներկայացնում եմ նաեւ նոր դեմքեր, օրինակ՝ տպավորված եմ Իրինա Հովհաննիսյանի արվեստով, ով դեռեւս Երեւանի պարարվեստի պետական քոլեջի առաջին կուրսի ուսանող է։ Կարճ ասած՝ սիրում եմ եւ, ինչու ոչ՝ ֆանատ եմ բալետային արվեստի (ժպտում է)։

– Բեմական կարճ գործունեություն (շուրջ 20 տարի) ունեցող բալետի արտիստին, ինչ խոսք, մեծ ուշադրություն է պետք հատկացնել լուսանկարների, հոդվածների, գրքույկների եւ այլնի տեսքով, ցանկալի է, որ լինի նաեւ ֆինանսական աջակցություն։ Եթե գաղտնիք չէ, օրինակ, տեսահոլովակը, որի մասին խոսեցինք, ի՞նչ միջոցներով իրականացրիք։

– Տեսահոլովակը իրականացվեց մեր միջոցներով։ Եթե ձեզ մանրամասներ են հարկավոր, գաղտնիք չէ՝ ստուդիա ենք վարձել, որի վարձակալության մեկ ժամը 10 հազար դրամ է… Շատ կուզեի, որ ինչպես Արեւմուտքում է ընդունված, մեզ մոտ էլ հովանավորներ լինեն դասական արվեստում։ Պետք է կրթել հասարակությանը, զարգացնել նրա միտքը, ինչը լայն ներդրումներ է պահանջում։ Մեծահարուստները թող վստահ լինեն, որ ժամանակ անց իրենց ներդրումը կվերադառնա իրենց, նույնիսկ գերազանցելով ներդրածը։

– Կան երկրներ, որտեղ բալետի արտիստին հնարավորություն է տրվում նաեւ ձեռք բերել երկրորդ մասնագիտությունը հենց պետական աջակցությամբ։ Ժամանակին մեզ հետ զրույցում վաստակավոր արտիստ, 1990-ականների սկզբներին Շվեյցարիա տեղափոխված, ապա Գերմանիայում կարիերան շարունակող Տիգրան Միքայելյանը, որը երեւանյան բեմում փայլեց Սպարտակի եւ Դոն Կիխոտի մենապարերով, ասաց, որ թեեւ դեռեւս բեմում է, բայց Գերմանիայի կառավարության աջակցությամբ ձեռք է բերել առողջ ապրելակերպի խորհրդատուի, ֆիթնեսի եւ ֆիզիոթերապեւտի մասնագիտություններ։

Մինչդեռ «Առավոտը» տարիներ շարունակ խոսում է պարողների՝ ընդունված տարիքից շուտ թոշակի անցնելու մասին, փորձելով այդ հարցին հրավիրել Ազգային ժողովի ուշադրությունը։ Մասնագետ լինել պետք չէ, հասկանալու համար, որ պարարվեստի ներկայացուցիչները չեն կարող ընդհանուր հիմունքներով անցնել թոշակի։ Բայց արդեն 30 տարի է, օրինակ, բալետի արտիստները թոշակավորվում են ընդհանուր հիմունքներով։ Իսկապես, դասական արվեստի ներկայացուցիչներին հատուկ ուշադրություն է հարկավոր պետության կողմից։ Խոսքը միայն ֆինանսի մասին չէ…

– Այո, օրինակ, Ռուսաստանի Պետդուման հատուկ ֆինանսական միջոցներ է հատկացնում հստակ նպատակով, որ Դումայի պատգամավորները պարտադիր կերպով մասնակցեն մշակութային ամենատարբեր միջոցառումներին, այդ մասնակցության համար ունենան հատկապես Դումայի կողմից գնված տոմսեր եւ ոչ թե հրավիրատոմսեր…

– Ձեր ասածի առիթով հիշեցի տարիներ առաջ բալետի պրիմա պարուհի Անաստասիա Վոլոչկովայի՝ Երեւանի օպերային թատրոնում կայացած մենահամերգը, երբ հրավիրյալներն ավելի շատ էին, քան տոմս գնածները… Վերադառնանք ձեր արվեստին։ Մշակույթի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քաղաքական կարիերայի սկզբում հայտարարեց, որ ինքը շատ է սիրում լուսանկարչական արվեստը, իսկ ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն էլ, հաճախակի այցելելով Երեւանի պարարվեստի պետական քոլեջ եւ բալետային ներկայացումների, հույս են ներշնչում, որ ձեր՝ լուսանկարչի եւ բալետի ֆանատի գործերը լավ կլինեն, այսինքն՝ ուշադրության կենտրոնում է դասական արվեստը…

– Տա Աստված։ Ես հավատում եմ։ Մենք՝ որպես մշակութային երկրի համարում ունեցող պետություն, պիտի արժեւորենք դասական արվեստի բոլոր ճյուղերը։

Դիպչել առանց դիպչելու

Ձեզ ենք ներկայացնում «Արվեստի Ճախրանքը» նախագծի շրջանակներում ստեղծաց սոցիալական հոլովակը, որում ցանկանում ենք մեր ուշադրությունը հղել նրան, որ կրեք էլի էդ անտեր դիմակները😁, պահպանեք հեռավորությունը, բայց ամենակարևորը` վերջում լավ է լինելու: Եղեք առողջ և ժամանակավորապես դիմակներով:

Gepostet von Tigran Arakelyan Photographer am Sonntag, 31. Mai 2020

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930