Լրահոս
Օրվա լրահոսը

Եզնիկ քահանա Գալստյան. «Բա, որ կորոնավիրուսից մահացավ կինս, ոնց թողեցին, որ ես առանց հանդերձանքի մոտենայի». «Հայկական ժամանակ»

Հունիս 19,2020 08:30

Հունիսի 15-ին կորոնավիրուսից մահացած գյումրեցի կնոջ ամուսինը հերքում է պնդումներն այն մասին, թե ինքն ու կինը երկու անգամ գրավոր հրաժարվել են թեստավորումից, հիվանդանոց տեղափոխվելուց:

Ամուսինը տեր Եզնիկ քահանա Գալստյանն է: ՀԺ-ի հետ զրույցում նա պնդեց, որ ո՛չ ինքը, ո՛չ կինը պոլիկլինիկայում ոչինչ ո՛չ գրել են, ո՛չ էլ՝ ստորագրել: Չիպավորման մասին, ըստ քահանայի, ընդհանրապես խոսակցություն չի եղել:

Ըստ քահանայի՝ իրենք պոլիկլինիկա են զանգել երեքշաբթի օրը՝ հունիսի 9-ին: Ընտանեկան բժիշկ Գոհար Խաչատրյանի հետ զրուցել են հեռախոսով: Բժիշկը նրանց պոլիկլինիկա է հրավիրել հինգշաբթի օրը, քանի որ, ըստ քահանայի, չորեքշաբթի այլ զբաղվածություն է ունեցել:

«Գնացինք հինգշաբթի, բժիշկը տեղում չէր, քույրին էր ուղարկել, քույրը եկավ, դիմավորեց: Ջերմություններս չափեցինք, ես չունեի, աղջիկս չուներ, Էմման (մահացած կինը) ուներ՝ 37.3: Էդ օրը թոքերը նկարեցին, բայց թեստավորում չեն առաջարկել՝ չնայած որ մարդն իր ոտով գնացել հասել էր: Չեն առաջարկել, չենք թեստավորվել: Բդի առաջարկեին Էմմային, որովհետև իրա վիճակը լավ չէր»:

Հաջորդ օրը, քահանայի պատմածով, ընտանեկան բժիշկը զանգի միջոցով տեղեկացրել է, որ քահանայի թոքերի ռենտգեն պատասխանը նորմալ է, աղջկա մոտ առկա են լավացման հետքեր միայն, իսկ կնոջ մոտ ախտորոշվել է թոքաբորբ: «Ասաց՝ թող գա թեստավորվի, հիվանդանոց պառկի: Ասացի, եթե թոքաբորբ է, նշանակումներն արեք, թող տանը ստանա: Ասացի՝ ինքը սրտի խնդիրներ ունի, բերեմ-տանիմ, հիվանդ էլ չլինի, ըդտեղ հիվանդանա, թող տունը բուժվի: Մի անգամ արդեն եղել էր նման դեպք: Անցյալ տարի ամառը սրտի վիրահատությունից հետո թոքաբորբ տարավ, նշանակումները տանն ընդունեց, անցավ, բայց էդ ժամանակ էլ բժշկուհին չասաց, որ Էմմայի մոտ երկկողմանի թոքաբորբ է»,- պատմեց քահանան:

Կնոջ հետ խորհրդակցել են, ամուսինը պատմել է, որ բժշկուհին առաջարկում է հիվանդանոցային բուժում: Էմման հրաժարվել է: «Դե, ինքը էս բոլոր լուրերը կնայեր, կլսեր, ինձ ասաց՝ չէ, ուզում ես տանես հիվանդանոց, ընձի քցես ձեռները, որ սպանե՞ն: Չեմ ուզե: Զանգեցի բժշկուհուն, ասացի՝ կինս համաձայն չէ, որ գնա հիվանդանոց, էդ թեստերը, որը սխալ է, տարբեր երկրներից գուկան, կարող է հենց վիրուսը թեստի մեջն է, բժիշկների համար ուրիշ թեստեր կան, քաղաքացիների համար՝ ուրիշ, դե, հազար բան էր լսել մարդը, սիրտն էլ կախ է, չի ուզե հիվանդանոց: Դեղերը նշանակի, տունը թող բուժվի: Ինքն էլ ասաց՝ լավ: Էս է եղել, ոչ մի չիպավորման մասին խոսակցություն»:

Բժշկուհին, ըստ Տեր Եզնիկ քահանա Գալստյանի, նշանակել է միջմկանային ընդունման տարբերակով կիրառվող Ցեֆտրիաքսիոն դեղամիջոց: 3-4 օր անց հասկացել են, որ օգուտ չի տվել դեղը, զանգել, բժշկուհուն տեղեկացրել են: Այնուհետ այլ դեղորայքային նշանակում է արվել կաթիլային ընդունման տարբերակով: Կնոջ վիճակը սկսել է ավելի ծանրանալ:

Երկուշաբթի օրը՝ հունիսի 15-ին, նա անձամբ է ամուսնուն ասել, որ զանգի շտապօգնություն: Եկել է ծառայությունը, առաջարկել տեղափոխել հիվանդանոց:

«Էդ պահին մեր պոլիկլինիկայից զանգեց բուժքույրը՝ Հասմիկը, ասաց՝ բերեք Էմմային թեստավորելու: Ես էլ բացատրեցի, որ շատ վատ է կինս, հնարավո՞ր է՝ դուք գաք, շտապօգնություն ենք կանչել, ասաց՝ մի կերպ բերեք: Ես էլ շտապօգնության բժշկին ասացի՝ հնարավոր է՝ տանեք պոլիկլինիկա, թեստավորվի, նոր տանեք հիվանդանոց: Պատասխանեցին, որ՝ ոչ, իրենց երթուղուց շեղվելու իրավունք չունեն: Գնալու ենք ուղիղ հիվանդանոց:

Կինս իր ոտքով տնից իջել է աղջկաս հետ, նստել շտապօգնության մեքենան, ես էլ հետևներից մեքենայով գնացել եմ: Մինչև ես հասել եմ կնոջս արդեն ներս էին տարել, զանգել եմ տնօրենին, ասել, որ կնոջս բերել են ձեր մոտ, թոքաբորբ ունի, բուժումներ էր ստանում: Նա էլ, թե՝ ընչի ես բերել մեր մոտ, բերել ես, որ բժիշկներս վարակվին, մեռնի՞ն: Բժիշկ չի մնացել: Ասացի՝ ես չեմ բերել, օրենքն է բերել, շտապօգնությունն է բերել»,- պատմեց քահանան:

«Հետո էլ, որ մահացել էր, ես եմ նասիլկի պոչից բռնել կատաֆալկի վարորդի հետ, դրել մեքենան, տարել դիահերձարան: Բա, որ կորոնավիրուսից մահացավ կինս, ոնց թողեցին, որ ես առանց հանդերձանքի մոտենայի: Բայց բերել, դրել էին առաջին հարկը, ի՞նչ անեի:

Ես, բոլոր վտանգներն անտեսելով, թաղում եմ արել, ժամերգություն եմ արել, մահամերձ հիվանդից հաղորդություն տվել և հատուցեցի կնոջս մահով»,- հայտարարեց քահանան:

«Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ քահանայի կինն ընդունվել է, տարվել պալատ, ստացել անհրաժեշտ բուժօգնությունը: Կոշտ խոսակցություն եղել է: Իսահակյանը քահանային ասել է, թե ինչու է կնոջն առանց թեստավորելու բերել հասցրել հիվանդանոց՝ վտանգելով բուժանձնակազմին: Ես չեմ ասել՝ տարեք թող տունը մահանա, ասել եմ՝ ինչի համար եք համարյա մահացած մարդուն բերել, ու հիմա ես ինչ եմ անելու: Թող դիմեն դատարան, ես կասեմ՝ ինչ եմ ասել, արել: Չհասկացանք, իրանք 10 օր չեն նմուշառել, չեն տարել համապատասխան հիվանդանոց, մեղավորը մենք դուրս գա՞նք»:

Արմենուհի ՄԻՆԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930