ԲՀԿ-ն շարունակում է կոնսոլիդացիոն հանդիպումներ ունենալ: «Իրատեսի» զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը։
–Ընդդիմադիր դաշտում, այնուամենայնիվ, անհասկանալի վիճակ է. մի կողմից, հայտարարում եք՝ Փաշինյանը պիտի հեռանա, մյուս կողմից էլ լայն կոնսոլիդացիա չկա։ Այս իրավիճակում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել:
-Այո՛, մենք այսօր էլ շարունակում ենք պնդել, որ բոլոր ոլորտներում արձանագրում ենք ձախողում: Ցավոք, 2 տարի առաջ տրված խոստումներն ու արված հայտարարություններն անկատար մնացին, և, այո, կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի։ Այո, մենք բարձրաձայնեցինք համախմբվելու և առողջ ու կարող ուժերով երկիրն այս վիճակից դուրս բերելու մասին, և ինձ համար փոքր-ինչ անհասկանալի է, երբ ասում են` լայն կոնսոլիդացիա չկա: Քաղաքական քննարկումներն ընթանում են բնականոն հունով, մեր հանդիպումները շարունակվում են: Մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ այս գործընթացն առավել քան թափանցիկ է, մեր ծրագրերն ու օրակարգն ունենք, խնդիրների լուծման ճանապարհային մեր քարտեզը: Առավել քան վստահ ենք մեր քաղաքական ներուժի վրա։ Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, ապա սպասենք զարգացումներին։
–Անդրադառնալով ներքաղաքական օրակարգին՝ ասում եմ, որ մի շարք ուժերի ու մասնագետների համոզմամբ, Սահմանադրական դատարանի ճգնաժամը նոր է սկսվել: Համակարծի՞ք եք:
Կարդացեք նաև
-Այո՛, Սահմանադրական դատարանում ա՛յ հիմա է ճգնաժամային իրավիճակ: Խորապես ցավում եմ, որ իշխանությունը 1,5 տարի շարունակ ինչ ասես, որ չարեց, պետական մակարդակով տարատեսակ փորձարկումների դիմեց, տարաբնույթ ռեսուրսներ օգտագործեց ՍԴ-ի իբր թե «թնջուկը» լուծելու համար, սակայն` ապարդյուն։
–Ո՞րն է երաշխիքը, որ նոր նշանակվելիք դատավորները բացառապես օրենքին ու պետությանն են ծառայելու ու չեն սպասարկելու օրվա իշխանությունների օրակարգը:
-Մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է ՍԴ-ն իշխանամերձ անձանցով համալրելու միտումի մասին: Քանի դեռ պաշտոնապես ներկայացված թեկնածուներ չկան, զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից: Մեզ համար աներկբա է, որ պետական բոլոր ինստիտուտները պետք է ժողովրդամետ թեկնածուներով համալրված լինեն: Պետական որևէ կառույց այս կամ այն իշխանության «ֆորպոստը» չպետք է դառնա:
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:


















































