Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա՛մ այս դատավարությունը օրինական է, կա՛մ մենք այստեղ անելու բան չունենք, դուք դատախազության հետ շարունակեք գործի գնալ». Քոչարյանի պաշտպանը՝ դատավորին

Հուլիս 21,2020 15:24

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի քննության ժամանակ շարունակում են քննարկել պաշտպանության կողմի ներկայացրած դատակոչման ենթակա անձանց ցանկի վերաբերյալ միջնորդությունը: Մեղադրող դատախազներ Գեւորգ Բաղդասարյանը եւ Պետրոս Պետրոսյանը հայտնեցին, որ այդ միջնորդությունները բավարարվել չեն կարող, դատարանը պետք է դրանք թողնի առանց քննության՝ ոչ ժամանակին ներկայացված լինելու հիմքով:

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց՝ տրամաբանական է, որ միջնորդությունները պետք է բավարարվեն. «Եթե դատարանը գտնում է, որ ամեն ինչ պարզ է, վեճ չկա այդ մասով՝ ուրիշ բան, բաց վեճն առկա է եղել վերջին մեկ տարվա ընթացքում դատական նիստերում»:

Խուդոյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանին հարցաքննելու միջնորդություն են ներկայացրել. «Սկսած առաջին դատական նիստերից՝ պարոն Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ներկայացվել է դիրքորոշում, որ որոշ գործողություններ պայմանավորված են եղել ԵԿՄ-ի գործունեության հետ: Նա դատարանին կարող է ներկայացնել արժեքավոր տեղեկություններ, օրինակ, պաշտպանության դիրքորոշումների օգտին: Հիմա արդյունքում ի՞նչ է ստացվում՝ մեղադրանքի կողմը՝ կոնկրետ քննիչը կատարել է որոշակի քննություն, ինչ-որ ծավալի նյութեր առանձնացրել է քննությունից, մեղադրանքի կողմը իրեն հարմար ապացույցները ներկայացրել է դատարանին, պաշտպանության կողմը ըստ էության բովանդակային հասանելիություն չի ունեցել գործի նյութերին, որ մինչ այս ներկայացնի իրենց վկաներին դատարան, այսինքն՝ միջոցներ ձեռնարկի, որպեսզի այս անձինք հարցաքննվեն ու հիմա դատարանում, երբ որ հասել ենք մրցակցության քրեադատավարական սկզբունքի շրջանակներում մենք էլ մեր կողմից պետք է ներկայացնենք դատարանին ապացույցներ, առարկություն է հնչում, որ պաշտպանության կողմը պետք է այս փուլում զրկված լինի այդ հնարավորությունից: Այստեղ մենք լուրջ խնդրի առաջ ենք կանգնում: Կա՛մ այս դատավարությունը օրինական է եւ մրցակցային է, կա՛մ մենք այստեղ անելու բան չունենք: Եթե մենք զրկված ենք լինելու պաշտպանություն իրականացնելու, ապացույցներ ներկայացնելու, ապացույցներ ձեռք բերելու, միջնորդություններ ներկայացնելու, դրական դատական ակտեր ստանալու հնարավորությունից, ապա մեր մասնակցությունը դատական նիստերին անտեղի է, դուք դատախազության հետ շարունակեք գործի գնալ: Ինչքան էլ վստահություն ունենանք, որ գործ ունենք ապօրինի քրեական գործի եւ ապօրինի մեղադրանքի հետ, ամեն դեպքում այս փուլին ենք հասել ու պետք է քրեադատավարական գործընթացներն ապահովել՝ արդար դատաքննության իրավունքի, մրցակցության սկզբունքի հետ կապված»:

Մեղադրող դատախազն ասաց, որ կոնկրետ Հայկ Ալումյանի եւ Միհրան Պողոսյանի թվարկած անձանց՝ ՍԴ անդամներին եւ այլոց հարցաքննելու սկզբունքային առարկություն չունեն, պարզապես գտնում են, որ այս փուլում դա պետք է մերժվի: Ինչ վերաբերում է պատգամավորներին դատարանում հարցաքննելուն՝ դատախազ Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ այդ դեպքում ՄԻԵԴ դատավորներին էլ պետք է կանչել դատարան, որովհետեւ այդ նորմերի հետ կապված իրենք էլ են հայտնել դիրքորոշումներ:

Ալումյանն էլ պատասխանեց, որ մեղադրող դատախազն էլ է գտնում, որ անհրաժեշտ է իր թվարկած անձանց՝ ՍԴ անդամներին դատակոչել, բայց իրենք գտնում են, որ այդ անձանց պետք է առաջինը հարցաքննել ու իրենց միջնորդության իմաստը դա է նաեւ:

Դատավորը որոշեց, որ քրեական գործի փաստական հանգամանքները հետազոտելուց հետո միայն դատարանը կարող է հետեւության հանգել, նախ պարզել, թե որոնք են այն հանգամանքները, որոնք բացահայտելու համար պետք է այդ անձանց դատարան հրավիրել ու գործում առկա ապացույցները հետազոտելուց հետո միայն դատարանը կարող է հետեւության հանգել, որ անհրաժեշտ է լրացուցիչ ապացույցներ պահանջել: Ուստի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց պաշտպանների միջնորդության վերաբերյալ լուծումը հետաձգել՝ մինչեւ գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը կլինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031