Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես, որպես մարզպետ, որոշ համայնքներ պաշտպանում եմ համայնքապետերից». Անդրեյ Ղուկասյան

Հուլիս 24,2020 22:15

Մարզի ղեկավարի այցի նպատակը Ալավերդի խոշորացված համայնքի Ալավերդի բնակավայր դեռևս նախորդ տարի մեկնարկած և այդպես էլ ավարտին չհասցված միակ ծրագրի ընթացքին հետևելն էր: Այս անգամ ևս տպավորությունները հուսադրող չէին:

2019թ. սուբվենցիոն ծրագրով այստեղ իրականացվում են Թումանյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքներ: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի դիտարկումները աշխատանքի անորակությանն էին վերաբերում. հատվածներ կան, որտեղ արդեն խոտ է աճել, իսկ դա նշանակում է, որ խոտաբույսերի արմատները հետագայում կարող են վնասել սալաքարերը: Տեղ-տեղ սալաքարերը բարձրացած են կամ իջած, եզրաքարերն ամրացված չեն և այլն: Նախագծում եղած անճշտության պատճառով էլ որոշ հատվածներում առհասարակ սալարկում չի կատարվել:

Մարզի ղեկավարի պահանջն է. շտկել թերությունները, աշխատանքներ իրականացնել նաև նախագծից դուրս մնացած հատվածներում ու աշխատանքներն ավարտել մինչև ՀՀ կառավարության կողմից սահմանված վերջնաժամկետը՝ օգոստոսի 1-ը:

Ա. Ղուկասյանն իր մոտեցումն ունի նաև համայնքի կառավարման հետ կապված. ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի խոշորացված համայնքը ներկայացրել է դարձյալ ընդամենը մեկ սուբվենցիոն ծրագիր (65.55 մլն դրամ ընդհանուր արժեքով, որից 26 մլն դրամը համայնքային ներդումն է), իսկ համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի պատճառաբանությունը ֆոնդային բյուջեում գումարի բացակայությունն է:

Նման փաստարկները մարզպետի համար անընդունելի են.

-Յուրաքանչյուր տարի 25-26 մլն դրամ ներդրմամբ մեկական փոքր ծրագիր իրականացնելը խոշորացված համայնքի համար շատ քիչ է, և համայնքի զարգացումն այդ տեմպերով հնարավոր չէ ապահովել:

ՀՀ կառավարության պահանջով 500 մլն դրամից ավելի բյուջե ունեցող համայնքները պետք է ներկայացնեն առնվազն 50 մլն դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր, որտեղ համայնքի ներդրումը պետք է կազմի շուրջ 25 մլն դրամ: Խոշոր համայնքներում բնականաբար շատ են նաև խնդիրները և, հետևաբար փոքր ծրագրեր իրականացնելով՝ դրանք հնարավոր չի լինի լուծել: Բացի այդ՝ 25 մլն դրամով, օրինակ 5 տարբեր բնակավայրերում կարելի է իրականացնել 5-ական միլիոն դրամ արժողությամբ ծրագրեր և, միավորելով մեկ ծրագրի մեջ, իրականացնել: Իմ համոզմամբ՝ 700 և ավելի մլն դրամ բյուջե ունեցող համայնքն առնվազն 100 մլն դրամ պետք է կարողանա տրամադրել սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար,-ասում է Ա. Ղուկասյանը` որպես օրինակ ներկայացնելով հարևան Ախթալա խոշորացված համայնքը, որտեղ միայն այս տարի մոտ 130 մլն դրամի ծրագրեր են իրականացվում:

Ինչ վերաբերում է Ալավերդի խոշորացված համայնքի ֆոնդային բյուջեում միջոցների բացակայությանը, ապա այս հարցում Ա. Ղուկասյանը նույնպես ունի իր դիրքորոշումը.նման իրավիճակը անարդյունավետ կառավարման արդյունք է.

-Ֆոնդային բյուջեն հիմնականում ձևավորվում է շենք-շինությունների, հողերի, տարածքների օտարումներից: Մինչ օրս համայնքների ղեկավարներից շատերը փորձում են հողատարածքները, համայնքային գույքը վաճառել կադաստրային արժեքով, երբեմն՝ ավելի էժան: Ձևական աճուրդների շարքը շարունակվում է և այն մարդիկ, ովքեր կոչված են համայնքի շահերը պաշտպանելուն, իրենք են ոտնահարում այդ շահերը: Ես այսօր, որպես մարզպետ, որոշ համայնքներ պաշտպանում եմ համայնքապետերից:

Լոռվա մարզպետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031