Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ է, ես տեսել եմ, որ բժիշկները փորձել են փրկել ամուսնուս». ՊՊԾ գնդի զոհված ոստիկանների առնչությամբ միջնորդությունները մերժվեցին

Հուլիս 29,2020 17:00

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» (Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան եւ մյուսներ) խմբի գործով հերթական դատական նիստում այսօր մեղադրյալների պաշտպաններից Տիգրան Եգորյանը միջնորդեց զոհված ոստիկաններից Արթուր Վանոյանի (լուսանկարում) մահվան հանգամանքների առնչությամբ իրականացնել կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն: Պաշտպանը կարծում է, որ գործի նյութերում արդեն իսկ առկա փորձագիտական եզրակացությունում փորձագետը մի շարք հարցերի սպառիչ չի պատասխանել:

Ներկայացնելով առկա եզրակացությունը՝ Եգորյանը շեշտեց, որ ըստ դրա՝ Վանոյանին պատճառված է, այդ թվում ձախ թոքի վնասվածք: «Այն դիրքում, որը եզրակացությունում առավել հավանական է դիտարկվել, Վանոյանը չէր կարող գտնվել՝ ամբաստանյալների կողմից նկարագրված իրավիճակը հաշվի առնելով: Եթե նա միջանցքում նշված դիրքով է գտնվել, ապա հրազենային վնասվածք ստանալը հնարավոր չէր լինի այն դիրքից, որում, ըստ ցուցմունքների, եղել է Սմբատ Բարսեղյանի դիրքը»,-նկատեց պաշտպանը:

Նրա խոսքով. «Եթե թեքությունն աջից ձախ է, հետեւաբար, գնդակը պետք է արձակված լիներ ոչ թե Բարսեղյանի դիրքից, այլ միջանցքի դիմացի պատի հատվածից: Սմբատի գտնվելու դիրքից արձակված գնդակը, ըստ այս փորձագիտական եզրակացության, պետք է վնասվածքը պատճառեր կրծքավանդակի աջ հատվածից, ոչ թե ձախ: Հետեւաբար, կարծում եմ՝ պետք է կրկնակի հարցեր հղել եւ փորձագիտական եզրակացության միջոցով պարզել՝ արդյոք հնարավո՞ր է, որ կրակոցն արձակված լիներ այլ անկյան տակ եւ միջանցքի այլ հատվածից: Կամ, հնարավո՞ր է, որ այդ վնասվածքը պատճառված լիներ պատից անդրադարձած գնդակից: Արդյոք այն գնդակը, որը Վանոյանին պատճառել է վնասվածքներ, կարո՞ղ էր լինել ոչ ինքնաձիգից արձակված: Եզրակացությունում ինքնաձիգ է նկարագրված: Այսինքն, հնարավո՞ր է, որ այլ զենքից է արձակվել կրակոցը»:

Եգորյանի բնորոշմամբ՝ այս հարցերը փորձագետը պետք է պարզաբանի:

Գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ նախ նշելով, որ լրացուցիչ/կրկնակի փորձաքննություններ նշանակելու ընթացակարգի համաձայն՝ այն տեղի է ունենում, երբ արդեն իսկ տրված փորձաքննությունը պարզ կամ բավարար չէ, կասկած է հարուցում: «Առկա եզրակացությամբ վերլուծվել են դիակի վնասվածքները: Փորձագետն արձանագրել է, որ դա մեկ գնդակից պատճառված վնասվածք է՝ նշված ուղղություններով: Իսկ համալիր դատաձգաբանական փորձաքննությամբ՝ նույնական հանգամանքներ են փաստված: Քրեական գործի նյութերում չկա ելակետ, թե Վանոյանը վնասվածքը ստանալու պահին ինչ դիրքով է գտնվել: Ունենք ապացույցներ, բայց այս պահին չենք ուզում քննարկել, դատական վիճաբանության փուլում կասենք: Ձեռք ենք բերել ապացույցներ, թե Սմբատ Բարսեղյանն ինչ հանգամանքներում է գտնվել: Ուղղություններն այդ միջանցքում հերքվել չեն կարող»,-նշեց դատախազը:

Ըստ Պետրոս Պետրոսյանի՝ Եգորյանի միջնորդությունն անհիմն է, եւ չկան հանգամանքներ, որոնք ենթակա են պարզաբանման:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է ոստիկաններ Արթուր Վանոյանի եւ Յուրի Տեփանոսյանի մահվան համար, իրեն մեղավոր չի ճանաչում: Բարսեղյանը պնդում է՝ գունդ մտնելու ժամանակ Վանոյանին հորդորել է չկրակել, սակայն վերջինս կրակել է:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց Տիգրան Եգորյանի միջնորդությունը՝ նկատելով, որ Եգորյանը չի նշել կոնկրետ փաստեր եւ շարժառիթներ ու փորձաքննության արդյունքը կասկածի տակ դնող պատճառաբանություններ:

Այնուհետեւ Տիգրան Եգորյանը կասկածի տակ դրեց նաեւ մահացած ոստիկաններից Գագիկ Մկրտչյանին առնչվող փորձաքննությունը, սակայն այս դեպքում էլ դատարանը գտավ, որ պաշտպանի կասկածն առարկայազուրկ է, ուստի որոշեց մերժել Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքների առնչությամբ լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու միջնորդությունը: Դատարանը նաեւ արձանագրեց, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանի հետ առնչություն ունեցած բժիշկները դատաքննության ընթացքում պատասխանել են կողմերի հարցերին:

Ի դեպ, Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը, այս միջնորդության առնչությամբ հայտարարեց. «Ամոթ է, որ բժիշկների պրոֆեսիոնալիզմը եւ այն ամենը, ինչը ես տեսել եմ, թե ինչ միջոցներ են ձեռնարկել, որ ամուսնու կյանքը փրկեն…ամոթ է, որ կասկածի տակ են դնում»:

Նշենք, որ Տիգրան Եգորյանը միջնորդել էր նաեւ կրկնակի/լրացուցիչ փորձաքննություն իրականացնել ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքների առնչությամբ, սակայն այս միջնորդությունը եւս դատարանը մերժեց:

Հիշեցնենք՝ Տեփանոսյանի հայրը պնդում է, որ որդուն «Սասնա ծռերը» չեն սպանել, այլ ոստիկանները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031