Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեա Վիկտորին․ Բռնությունը հայկական մշակույթի մաս չէ

Հուլիս 31,2020 19:30

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը «Մեդիա կենտրոնում» ներկայացրեցին «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է բարելավել սոցիալական աջակցության կենտրոնների, առողջապահական ոլորտի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտանեկան և գենդերային բռնության հարցերով զբաղվող աշխատակիցների կարողությունները, իրականացնել մոնիտորինգ՝ գենդերային բռնության նկատմամբ առավել խոցելի կամ ռիսկային խմբերի շրջանում, պետական մարմինների հետ համագործակցությամբ մշակել, ինչպես նաև լրամշակել իրավական և քաղաքական փաստաթղթեր:

Անդրեա Վիկտորինը նշեց, որ Եվրամիությունը մշտապես մեծ տեղ է հատկացրել իրավապաշտպանների պաշտպանությանը․ «Կին իրավապաշտպանները մասնավորապես առաջնագծում պայքարող մարտիկներ են։ Նրանք անմիջական շփում են ունենում զոհերի հետ, և նրանք նույնպես շատ հաճախ ունենում իրավիճակներ թե՛ ընտանեկան բռնության, թե՛ իրավունքների չարաշահումների լինի դա իրենց աշխատավայրում, հանրային վայրերում, թե անգամ տանը։ Եվ այս առումով մենք կարծում ենք, որ այս խնդիրը  համաշխարհային է, այն բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլ նաև եվրոպական երկրներին»։

Նա նկատեց, որ շատ կանայք, որոնք ներգրավված են նման աշխատանքներում, հանրային կերպով թիրախավորվում են, սակայն շարունակում են իրենց նվիրումը և հետևողականորեն կատարում են իրենց աշխատանքը․ «Մենք որոշել ենք ֆինանսական աջակցություն տրամադրել կոալիցիային, հատկապես՝ իրականացնելու կոալիցիայի կողմից ներկայացրած ռազմավարության հիմնական առանցքային տարրերը, ինչպես նաև աջակցելու նրանց հետագա կարողությունների զարգացմանը»։

Դեսպանի խոսքերով՝ անհրաժեշտ է միավորվել և միասնական ոչ ասել կանանց նկատմամբ բռնությանը․ «Ես ուզում եմ մի բան հստակ ընդգծել՝ բռնությունը Հայաստանում ավանդույթ չէ։ Ես Հայաստանում երկու անգամ եմ եղել, և կարող եմ հստակ ասել, որ բռնության կիրառումը Հայաստանում ազգային արժեք չէ, դա մշակույթի մաս չի հանդիսանում։ Մարդիկ, որոնք բռնություն են կիրառում, թույլ մարդիկ են, և իրենց թուլությամբ փորձում են ավելի թուլացնել դիմացինին։ Ես հստակ գիտեմ, որ կառավարությունը մեր կողքին է այս գործողությունների իրականացման գործում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031