Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիբանանահայ 11 զոհված եւ 250 վիրավոր. իրավիճակն աննախադեպ ծանր է». Շահան Գանտահարյան

Օգոստոս 07,2020 13:09

«Աննախադեպ ծանր իրավիճակ է իսկապես: Քաղաքացիական պատերազմի տարբեր փուլերի ենք ականատես եղել՝ օդուժ, կործանիչներ, ծովային ուժեր, հրթիռակոծություն, ականակոծություն, բայց նման ուժգնության եւ ծանր հետեւանքներով պայթյուն չէինք տեսել եւ ապրել: Ցնցումի ազդեցության տակ ենք՝ հսկայական վնասներ, զոհեր: Երկարատեւ ազդեցություն ենք կրելու»,-«Հոդված 3» մամուլի ակումբի տեսակապով մամուլի ասուլիսի ժամանակ այսօր անդրադառնալով Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետեւանքներին՝ ասաց տեղում լույս տեսնող «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Նա հայտնեց, որ պայթյունի հետեւանքով մահացել են լիբանանահայ համայնքի 11 եւ վիրավորվել՝ 250 անդամներ. «Ցավոք, այս թվերը կարող են փոխվել: Անհայտ կորածներ էլ կան: Չգիտենք նաեւ, թե 250 վիրավորներից քանիսի կյանքին է վտանգ սպառնում: Որոշներն արդեն բուժօգնությունից հետո տուն են գնացել»:

Շահան Գանտահարյանի փոխանցմամբ՝ Բեյրութի նավահանգստին (որտեղ եղել է պայթյունը) մոտ գտնվող հայկական թաղամասերում գրեթե չկա ընտանիք, որի տունը պայթյունի պատճառով վնասված չլինի. «Նորոգման առաջին նշանակության աշխատանքներն արդեն ընթանում են, բայց կան անօթեւան մնացած ընտանիքներ, որոնք այլ տեղերում են ապաստանվել»:

Շահան Գանտահարյանի խոսքով՝ լիբանանահայերի մի մասն էլ մշակութային կամ կուսակցական կառույցների գրասենյակներում եւ կենտրոններում են գտնվում. «Լիբանանն արդեն իսկ տնտեսական ծանր վիճակում էր, որին նաեւ կորոնավիրուսը նպաստեց, եւ պետությունն աշխատում է, որ հյուրանոցները տրամադրի անօթեւան ընտանիքներին: Վնասվել են նաեւ հայկական եկեղեցիներ, կենտրոններ, գրասենյակներ»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն օժանդակելու է Լիբանանին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31