Լրահոս
Օրվա լրահոսը

Զրույց «ոչնչի» շուրջ

Օգոստոս 08,2020 12:30

«Առավոտի» հյուրն է մշակույթի եւ հասարակական գործիչ Վահան Արծրունին

– 2020 թվականը հոբելյանական է Ձեզ համար` ծննդյան 55- րդ  տարեդարձ եւ բեմական գործունեության 35-ամյակ: Դուք ստեղծագործող եք, ով հավատարիմ մնաց հայ երաժշտության ավանդույթներին, համադրեց ազգային, ակադեմիական եւ ժամանակակից երաժշտության արտահայտչամիջոցները, արվեստով հաստատեց ուրույն մշակութային տեսակ եւ արժեքային համակարգ: Ստեղծագործում եք իսկապես երաժշտության բազմաթիվ ոլորտներում` կամերային երաժշտությունից մինչեւ ռոք եւ ֆյուժն, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ եւ հոգեւոր երաժշտություն: Իհարկե ամբողջը հնարավոր չէ թվարկել, բայց  մեկ-երկուսը մեր ընթերցողին հիշեցնենք կամ տեղեկացնենք։

Երգարվեստի ժանրում հեղինակել եք երգաշարեր` Կոմիտասի եւ Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա, հոգեւոր երաժշտության ոլորտում կատարել եք մաշտոցյան շարականների, Ասորական Արեւելքի եկեղեցու պատարագի, սրբազան ծեսերի եւ մարոնիտների (արաբ քրիստոնյաների) սաղմոսների մշակումներ, նաեւ կատարել եք հայկական եւ ասորական ֆոլկլորային երգերի մշակումներ, հրատարակել 14 CD-ալբոմ եւ DVD: Որպես կոմպոզիտոր հայտնի եք թատրոնի, կինոյի, մուլտիպլիկացիոն ֆիլմերի եւ կերպարվեստի բնագավառներում։ Հեղինակ եք 3 խաղարկային ֆիլմերի, 19 վավերագրական, 6 անիմացիոն ֆիլմերի, 5 թատերական դրամատիկական, մնջախաղային ներկայացումների, բալետի եւ ակտուալ արվեստի բազմաթիվ ակցիաների եւ ցուցադրությունների համար գրված երաժշտության։ Որպես կատարող երաժիշտ համագործակցել եք ֆիլհարմոնիկ, օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերի եւ երգչախմբի, պետական սիմֆոնիկ եւ կամերային նվագախմբերի հետ։

Բազմաթիվ երաժշտական փառատոների գաղափարի հեղինակ եւ նախաձեռնող եք, այդ թվում՝ «Music for Students -1994», «Gaudeamus-1,2,3»՝ 1994-1996, «Նարեկացի արվեստների փառատոն» – 2013թ., «Արծրունու երաժշտության փառատոն» – 2015թ.։ Հեղինակել եւ վարել եք բազմաթիվ ռադիո եւ հեռուստատեսային նախագծեր։

2007-ից  «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը ամբողջովին ներառվել է հանրակրթական դպրոցի «Երաժշտություն» առարկայի չափորոշիչ պետական ծրագրում եւ դասագրքերում: 2012-ից  «Մաշտոց. Սրբազան Մարգարիտներ» մաշտոցյան շարականների ձեր մշակումների շարքը ընդգրկված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հանրակրթական ուսումնական ծրագրում։

2019-ին էլ մաշտոցյան մշակումների «Mashtots. Sacred Armenian Songs from the V-th century» շարքը հռչակվեց որպես «Rock Aid Armenia» 30-ամյա բարեգործական նախաձեռնության պաշտոնական ալբոմ։

Իսկ «CRUZAID» ալբոմը 2000-ականների սկզբին  հրատարակվեց Ֆրանսիայում MUSEA RECORDS-ի կողմից եւ կարճ ժամանակ անց ընդգրկվեց պրոգրեսիվ երաժշտության եվրոպական  լավագույն տասնյակում: Թվարկածը, կրկնում ենք, դեռ ամբողջը չէ։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք այդքանը հասցրել։

– Սկսել եմ ստեղծագործել 16 տարեկանից: Իմ «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարի առաջին` «Ճանապարհ» երգը գրել եմ այդ հասակում:

Իսկ բեմական գործունեության մեկնարկը տվեցի 1985-ի ապրիլյան համերգով, որի ժամանակ ներկայացրի համերգային ծրագիր` կազմված ամբողջովին իմ ստեղծագործություններից:

Մինչ այդ անշուշտ եղել են համերգներ, դպրոցական տարիներից նվագում էի ռոք-խմբում, բայց ներկայացնում էինք հիմնականում այլ հեղինակների գործերը` Բիթլզի եւ Թուխմանովի երգերից մինչեւ Թաթիկյանի «Ձյունը»:

85-ի այդ համերգից մինչ օրս կատարում եմ միայն իմ սեփական ստեղծագործությունները:

– Մեր իրականությունում շատ է խոսվում մշակույթի ոլորտում մեկենասության, հովանավորչության եւ բարեգործության մասին։ Դուք՝ մշակույթի գործիչներդ էլ հաճախ հանդես եք եկել բարեգործական ձեռնարկներով, այնուամենայնիվ չե՞ք կարծում, որ, ասենք, մեծահարուստի կամ արվեստագետի նման գործունեությունը համեմատելի չէ։ Օրերս մեզ հետ զրույցում ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ասաց, որ մշակույթին ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ մեկենասության եւ հովանավորչության մասին օրենք։

– Անշուշտ, մեծ տարբերություն եմ տեսնում մեծահարուստի մեկենասության կամ հովանավորչության եւ արվեստագետի բարեգործական գործունեության մեջ:

Եթե առաջինը իր անձնական միջոցներից ինչ-ինչ դրդումներով է տրամադրում դրամական միջոցներ, ապա մենք` բեմարվեստի ներկայացուցիչներս, կազմակերպելով բարեգործական համերգներ կամ մասնակցելով նման միջոցառումներին, հնարավորություն ենք ստեղծում լայն հասարակության համար նաեւ մասնակցություն ունենալ բարեգործությանը: Թեկուզ տոմս գնելով: Համարում եմ, որ վերջինիս հանրային էֆեկտը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քանի որ բացի գթասրտության անհատական դրսեւորումից, ունի նաեւ դաստիարակչական հզոր ազդեցություն նույն հանրության վրա:

Իմ առաջին նման բարեգործական միջոցառումը եղել է 1991 թվականի Սեւանի փրկության համերգը` Ռուբեն Հախվերդյանի եւ Լիլիթ Պիպոյանի հետ համատեղ, հետո եղան բազմաթիվ համերգներ, որոնցից հատկապես հատկանշական են 2002-ին Ֆրանսիայում` համերգ դրամահավաք Շուշիի մանկական հիվանդանոցի համար, 2003-ին ԱՄՆ-ում «Արթուր Մեսչյան եւ ընկերներ» բարեգործական համերգը Codak theater դահլիճում, 2014-ին Լեոնիդ Ազգալդյանի տարեդարձի համերգը Օպերային թատրոնում, 2016-ին ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքների ՀՖՆ համերգ-դրամահավաքը Կասկադում, 2018-ի Միայնակ Գայլի ընտանիքի համար համերգ-դրամահավաքը «Արամ Խաչատրյան» դահլիճում եւ 2019-ի Արթո Չագմակչյանի հիշատակի համերգ-ցուցահանդեսը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում: Հատուկ պետք է նշել, որ Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակի միջոցառման ժամանակ իմ մաշտոցյան շարականների ձայնասկավառակը հռչակվեց որպես պաշտոնական ալբոմ, եւ 2019-ից դրա վաճառքից գոյացած ամբողջ հասույթը տրամադրվելու է Գյումրիում երաժշտական դպրոցին եւ այլ բարեգործական նպատակների համար: Ես այն անվարձահատույց տրամադրեցի Rock Aid Armenia-ին, որը, ինչպես գիտեք, 30 տարի առաջ բրիտանական ռոքի լեգենդար ներկայացուցիչների մասնակցությամբ համաշխարհային դրամահավաք կազմակերպեց Հայաստանում երկրաշարժից տուժած աղետի գոտու համար: Սա, անշուշտ, մեծագույն պատիվ էր ինձ համար: Ինչ վերաբերում է մեկենասության եւ հովանավորչության մասին օրենքի անհրաժեշտությանը, այդ թեմայի շուրջ ես շատ վաղուց եմ բարձրաձայնել, արդեն շուրջ 15 տարի հրապարակումներով, հարցազրույցներով եւ ելույթներով հանդես եմ գալիս: Մշակույթի մասին (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ) միակ օրենքը ընդունվել է 2004-ին: Այս հիմնական օրենքը նախադրյալներ է ստեղծում մի շարք ոլորտային օրենքների համար: Այն է` թատրոնի, կինոյի եւ հատկապես ազատ եւ ինքնազբաղ արվեստագետի մասին օրենքների համար, որոնք կհամակարգեին այդ տիրույթները ներկայացնող ստեղծագործական անձերի հարաբերությունները պետության հետ` ստեղծելով իրավունքների, շահերի եւ պարտավորությունների հիմքեր, եւ կերաշխավորեին դրանց կիրառումը: Այսինքն` կտային օրինական մեխանիզմ, որը կիրագործեր մշակութային դաշտի կազմակերպումն ու համակարգումը:

Բացի այդ, այս հիմնական օրենքի հիման վրա պետք է ընդունվեին այլ համակարգող օրենքներ`մեկենասության մասին, ստեղծագործական հիմնադրամների եւ ստեղծագործական trade union-ների (արհմիությունների), որոնք կուղղորդեին բիզնեսը դեպի մշակութային տիրույթներ` ստեղծելով հարկային նրբանցքներ, որոնք պարզապես ձեռնտու կլինեին բիզնեսմեններին: Արդյունքում, բնականաբար, կշահեր մշակույթը:

– Իսկ ի՞նչ ունենք այսօր։

– 16 տարիների ընթացքում որեւէ շարժ չի եղել որեւէ առումով:

– Դուք դրա բացատրությունն ունե՞ք։

– Իհարկե՝ այո։ Նայեք` մեր պետությունը ժառանգել է խորհրդային շրջանից ոչ միայն մշակույթի պետական կառավարման դոկտրինը, այլ նաեւ մշակույթի դաշտի կառուցվածքային ստրուկտուրան եւ «ընկալումները».

Խորհրդային Հայաստանում կար միայն պետական արվեստ եւ մշակույթ, որն ուներ որոշակի գաղափարական պրոպագանդայի գործառույթ, ամբողջովին վերահսկվում էր կուսակցության եւ ԿԳԲ- ի կողմից, եւ վերահսկվում էր բոլոր հնարավոր միջոցներով` տպագրությունից ռադիո եւ հեռուստատեսություն: Այդ դոկտրինը չէր ենթադրում ազատ արվեստի գոյությունը, եւ մենք գիտենք` ինչպես էին ճնշվում արվեստագետների ազատ դրսեւորումները խորհրդային ժամանակներում` զրկում էին աշխատանքից, աքսորում, այրում արվեստանոցները, արգելում ցուցահանդեսներն ու համերգները, ընդհուպ մինչեւ կյանքի սպառնալիք եւ սպանություններ: 30 տարի առաջ մենք անկախացանք, եւ ազատ արվեստը դարձավ մշակութային կյանքի անբաժան մի իրողություն` կերպարվեստից մինչեւ բեմարվեստի բոլոր դրսեւորումները, գրականություն եւ կինո: Թվում էր, որ պետությունը վերջապես պետք է ճանաչի համընդհանուր մշակութային դաշտի այդ կարեւորագույն բաղադրիչը որպես «պետական մշակույթ»-ին համազոր իրողություն եւ օրենքներով երաշխավորի նրա հավասար պայմաններում գործելու իրավունքը ազատ եւ անկախ մեր հայրենիքում` հրաժարվելով նաեւ «կառավարման» խորհրդային ավանդույթներից` մաքսիմալ ազատականացնելով մշակույթի ոլորտը:

Կխոսեմ ինձ առավել մոտ բեմարվեստի օրինակով`

1.Ամբողջ բեմական գույքային բազան (համերգային հարթակներ, թատերական բեմեր) հանդիսանում է որպես պետության մենաշնորհային սեփականություն:

2.Մշակույթը ՀՀ-ում փաստացի բյուջետային ոլորտ է եւ այդ բյուջեի վերաբաշխումը պետական մշակութային սեկտորում նույնպես մենաշնորհային է, այն իրականացվում է ավանդաբար մշակույթի նախարարության փոխանորդ` ԿԳՄՍ նախարարության կողմից:

3.«Պետական կառավարումը» շարունակում է իրագործվել որպես քաղաքական ֆունկցիա` ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհների  կամայական բաշխման միջոցով: Հավանություն են ստանում կառավարության կողմից առավել ընդունելի «հատուկ» նախագծեր` ներկած դաշնամուրներ, գորգերի լվացումներ, փողոցային գենդերային պերֆորմանսներ, տրանսգենդերային թեմաներով ֆիլմարտադրություն, եւ այլն:

4.Ազատ արվեստի հսկայական դաշտը շարունակում է անտեսվել պետության կողմից, այն նույնիսկ «իդենտիֆիկացված» չէ` ԿԳՄՍ նախարարի պնդմամբ ԱԺ բարձր հարթակից:

Այս 4 դրույթներից կարող ենք եզրակացնել միայն, որ ՀՀ առկա իշխանությունը, որդեգրելով ՀԽՍՀ եւ ռեժիմական բոլոր իշխանությունների կառավարման «ավանդույթները», շարունակում է տնտեսապես, իրավագիտորեն եւ գաղափարապես վերահսկել, տնտեսել եւ ուղղորդել մշակույթը` այն ենթարկելով նոր իշխանության գաղափարախոսությանն ու վարչարարական մենաշնորհային ճնշմանը: Բնականաբար, նման «համակարգման» պարագայում որեւէ օրինաստեղծ գործունեության մասին, որը կազատականացներ դաշտը, կկազմաքանդեր պետական մենաշնորհները, կստեղծեր հավասար իրավական պայմաններ բոլոր ստեղծագործող միավորների (անձերի, միությունների, արհմիությունների, անկախ հիմնադրամների եւ այլն) եւ պետական կառույցների միջեւ, հարկային բարենպաստ պայմաններ կստեղծեր մեկենասության համար` ավելորդ են եւ անիմաստ:

-Դուք եղել եք ու կաք որպես ազատ արվեստագետ, այդ կարգավիճակում  ինչպե՞ս եք ստեղծագործել եւ բեմարվեստով զբաղվել 35 տարի շարունակ։

– Փաստացի լինելով ազատ արվեստագետ (քանի որ չեմ աշխատել որեւէ պետական կամ բիզնես կառույցներում), ստեղծագործել եւ բեմարվեստով եմ զբաղվել` հաղթահարելով մեր իրականության բոլոր աբսուրդները: Հրատարակել եմ բոլոր ձայնասկավառակներս արտերկրում, գրել եմ կինոերաժշտություն եւ շրջագայել հյուրախաղերով` որպես անհատ ստեղծագործող եւ կատարող:

Առավել աբսուրդային է բեմարվեստի ոլորտը Հայաստանում: Եթե փորձեք մեկ համերգի պարզունակ հաշվարկ անել, ապա կհամոզվեք, որ տոմսերից գոյացած որեւէ եկամուտ չի կարող ծածկել համերգ կազմակերպելու ծախսերը` դահլիճի, հնչյունային եւ լուսային սպասարկման վարձեր, գովազդ, տոմսարկղի 10%, հրավիրյալ երաժիշտների աշխատավարձեր, վերջապես` հարկեր: Այնպիսի տպավորություն է, որ ստեղծված են հատուկ պայմաններ, որ ազատ արվեստագետը ավելի շուտ հրաժարվի իր համերգ տալու մտահղացումից: Ավելին ասեմ` այստեղ կա իրագիտական լուրջ կազուս: Ինչպես նշեցի, բոլոր դահլիճները մեր երկրում պետական են, ավելի շուտ` հանրային, քանի որ ամբողջովին ֆինանսավորվում են բյուջեից, որն իր հերթին գոյանում է նաեւ իմ հարկերից: Հետեւաբար ես ի սկզբանե արդեն վճարել եմ այդ դահլիճից օգտվելու համար եւ պարտադրվում եմ երկրորդ անգամ վճարել այդ դահլիճի վարձը, երբ նախաձեռնում եմ այնտեղ իմ սեփական համերգը: Աբսուրդներից է նաեւ այն, որ համերգիս հովանավորողը նույնպես հարկվում է պետության կողմից` կարծես նա գործարք է կատարել, այլ ոչ թե հովանավորություն: Հերթական աբսուրդն էլ այն է, որ ես` որպես անհատ կատարող (այսինքն ֆիզիկական անձ), առկա «օրենքով» իրավունք էլ չունեմ վարձակալելու որեւէ պետական դահլիճ, դրա համար ես պետք է տնտեսվարողի իրավաբանական կարգավիճակ ունենամ (ԱՁ, ՍՊԸ եւ այլն): Նույն պատճառով էլ չեմ կարող դիմել նախարարության որեւէ դրամաշնորհի:

Այս ամենի հետեւանքով վերջին 2 տարիների ընթացքում հանդես եմ գալիս կամ որպես հրավիրյալ արտիստ (Սեւ բերդի համերգը Գյումրիում, Կոմիտաս քառյակի 95-ամյակի համերգ Արամ Խաչատրյանի անվան դահլիճում), կամ` մշակութային մասնավոր երկու հարթակներում (Գաֆեսճեան հիմնադրամի, ՀԲԸՄ), կամ ակումբներում, կամ սեփական նախաձեռնությամբ «ազատ մուտքի» սկզբունքով կազմակերպված մեկ տասնյակից ավելի համերգներով: Դրանք են՝ 2019-ին Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգաշարը Մատենադարանում, Ազգային գրադարանում, Սբ. Աննա եկեղեցու տարածքում, ԵՊԲՀ-ում, Ստեփանակերտում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը եւ տարեվերջյան Հանրային Ռադիոի «Կոմիտաս 150. հետգրություն» համերգը…

– Վերադառնանք մեկենասությանը։ Ըստ ձեզ՝ ո՞րն է մեկենասությունը։

– Մեկենասությունը ընկալում եմ որպես կարեւորագույն գործոն մշակույթի մեջ:

Մեջբերեմ Կոզիմա Մեդիչիի օրինակը, որը հասկանալով մշակույթի, արվեստի պետական իմպերատիվի կարեւորությունը, փաստորեն քաղաքականության կարգավիճակ հաղորդեց հովանավորությանը`ապահովելով քաղաքակրթական այնպիսի նոր երեւույթ, ինչպիսին էր Վերածնունդը Եվրոպայում եւ ապա` ամբողջ աշխարհում: Մեկենասությունը մեծ հաշվով ոչ թե ցանկության կամ նախասիրությունների դրդմամբ պետք է իրականացվի, այլ պետք է լինի աշխարհայացքի դրսեւորում եւ քաղաքակրթական կերպ, այն, ինչ առկա հայաստանյան մեծահարուստներից սպասելի չէ։

– Իսկ ո՞րն է մտավորականության դերը:

– Այստեղ էլ մենք գործ ունենք խորհրդային մնացորդային դրվածքների հետ: Մեր մտավորականությունը միատարր չէ, այն նույնպես բաժանված է երկու մասի, առաջինն իրեն տեսնում է իշխանությանը մերձ տիրույթներում` բոլոր կառավարությունների նկատմամբ ցուցաբերելով ծայրահեղ լոյալություն եւ  նվիրվածություն: Պետությունն էլ փոխադարձաբար շռայլում է կոչումներ եւ պարգեւներ: Դրա վառ ապացույցն է խորհրդային ժամանակներից ժառանգած մշակութային գործիչների սեգմենտավորումը եւ «արժեւորումը» որպես վաստակավոր, ժողովրդական եւ այլն, այնինչ ամենաավանդապաշտ եւ առաջադեմ երկրում` Ճապոնիայում, օրինակ, գոյություն ունի մշակութային գործչին արժեւորող բարձրագույն պետական պարգեւ` «ոչ նյութական արժեքի կրող» տիտղոսը,  որը շնորհվում է անձին նաեւ որպես ցմահ թոշակ:

Եվ մտավորականի երկրորդ տեսակը, որը բացի ստեղծագործական դրսեւորումներից, ունի նաեւ հստակ քաղաքացիական եւ հասարակական դիրքորոշում, եւ համարում է ինքն իրեն որպես ցանկացած իշխանության եւ կառավարության մտավոր օպոնենտ, ընդդիմություն` ինքնադրսեւորվելով բացառապես ոչ նյութական արժեքների տիրույթում:

– Ձեր խոսքերից ենթադրվում է, որ այսպես կոչված՝ ո՛չ «ռեժիմային» եւ ո՛չ էլ «թավշյա» շրջաններում դուք՝ որպես արվեստագետ, բավարարված չեք։ Ստացվում է՝ մեր զրույցը կարծես ոչնչի մասին է։

– Այո, այդպես էլ կա։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
06.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31