Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդների միջազգային օրվա անակնկալներից․ բուհերի 10 շիրակցի շրջանավարտներ կտեղավորվեն աշխատանքի

Օգոստոս 11,2020 20:45

Ինչպես տեղեկացրել ենք, օգոստոսի 12-ին Գյումրիում 6-րդ անգամ կնշվի երիտասարդների միջազգային տոնը, իհարկե, համավարակով պայմանավորված՝ բոլոր միջոցառումները կանցկացվեն առցանց ։

Այս տոնը մշտապես նշվում է Հայաստանում երիտասարդների հարցերով զբաղվող ամենաակտիվ կառույցներից՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից։ Ամեն տարի ՄԱԿ-ը որևէ խորագիր է հայտարարում, ու բոլոր միջոցառումները կազմակերպվում են այդ թեմայով։ 2020 թվականի խորագիրը երիտասարդների մասնակցությունն է (Youth engagement)։

Երիտասարդների տոնին նվիրված նախաձեռնություններից մեկը, որն անչափ կարևոր է գործազրկության մեծ ցուցանիշ ունեցող Շիրակի մարզում, 21-30 տարեկան թվով 10 շիրակցի երիտասարդների տարբեր գործատուների մոտ վճարովի աշխատանքային պրակտիկա ձեռք բերելու հնարավորություն տալն է։ Այդ երիտասարդները, որոնք 2018-2020 թվականների բուհերի շրջանավարտներ են, կարող են վեց ամիս շարունակ աշխատել իրենց նախընտրած մասնագիտությամբ, ձեռք բերել աշխատանքային փորձ և ստանալ վճար իրենց պրակտիկայի ընթացքում:

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ի ղեկավար Արթուր Նաջարյանն, Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնելով իրենց այս նախաձեռնությունն, ասաց․ «Հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջներն ու երիտասարդների մրցունակության ցածր մակարդակը՝ հանդես եկանք այս նախաձեռնությամբ։ Մեր հավատարիմ գործընկերներից՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ երիտասարդների միջազգային օրվա շրջանակներում հնարավորություն ենք ստեղծել շուրջ 10 երիտասարդի համար, ովքեր բարձրագույն ուսումնական հաստատություններ են ավարտել 2018-2020 թվականների ընթացքում և 21-30 տարեկան են, դիմել ու վեցամսյա վճարովի աշխատանքային պրակտիկա անցնել տարբեր գործատուների մոտ։ Համագործակցելով Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի հետ՝ ընտրել ենք 15 գործատուների։ Գործատուներից շատերը, որոնց հետ համագործակցելու ենք, իրականում ունեն այդ հաստիքի բացը՝ թափուր աշխատատեղը։ 15 գործատուների գրեթե կեսից ավելին ասել են, որ եթե պրակտիկանտն իրեն արդարացնի, պահելու են հիմնական աշխատանքի։

Սա երկու կողմերի համար հիանալի հնարավորություն է․ գործատուն վեց ամիս շարունակ կկարողանա տեսնել աշխատանքի մեջ պրակտիկանտին, պատրաստել այնպիսի աշխատող, ինչպիսին կուզենար տեսնել, և հնարավորության դեպքում կպահի աշխատանքի, իսկ պրակտիկանտը հնարավորություն կունենա գործնական հմտություններ ձեռք բերել, հմտանալ իր մասնագիտության մեջ և վճարվել պրակտիկայի ողջ ընթացքում»։

Մեր զրուցակցից նաև հետաքրքրվեցինք, թե իր դիտարկմամբ ո՞րն է երիտասարդների գլխավոր հիմնախնդիրը՝ աշխատանք չունենա՞լը։

Արթուր Նաջարյանի ասելով՝ հիմնախնդիրները բազմազան են, սակայն ամենաշատ հանդիպողն ու տարածվածը երիտասարդների զբաղվածության հարցն է։ Ըստ մեր զրուցակցի՝ այսօր կան բազմաթիվ փաստարկներ առ այն, որ երիտասարդների աշխատանք չունենալու պատճառը ոչ թե աշխատատեղեր չլինելն են, այլ աշխատաշուկային համապատասխան չլինելը, ժամանակին ճիշտ մասնագիտական կողմնորոշում չունենալը։

«Բուհերում երիտասարդներին տալիս են մասնագիտություն, ինչի կարիքն աշխատաշուկայում այլևս չկա կամ շատ քիչ է, ու շրջանավարտը մնում է գործազուրկ։ Այստեղ լուրջ խնդիր է նաև կրթության կազմակերպումը։ Այսօր տեսական կրթությամբ չի բավարարվում աշխատաշուկան․ վերջին տասնամյակում ամբողջ աշխարհը տեսականից անցել է գործնականի կիրառությանը, ու այսօր ստացվում է, որ բուհերն իրենց կարճաժամկետ ուսումնական պրակտիկայով չեն կարող ապահովել փորձառություն ունեցող մասնագետների, որոնք աշխատաշուկայում կլինեն մրցունակ», -ասաց մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարն՝ Արթուր Նաջարյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Frangyul says:

    Էլի սկսվավ ըսոնց ռեկլամը։Անձնականդ գործնականի հետ կխառնես լրագրող Նունե։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31