Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանի պաշտպան. «Նպատակը ձեւական գործընթացն էր. որոշումը պատրաստ՝ պետք է բերեր հրապարակեր»

Օգոստոս 27,2020 15:45

«Վերլուծելով միջնորդության քննությունը՝ փորձում էի եզրակացնել, թե արդյոք հնարավո՞ր է արդար դատաքննության իրականացում…ակնհայտ էր, որ դատարանը գործի նյութերին ընդհանրապես ծանոթ չէ: Ֆիզիկապես չկար հնարավորություն՝ գործի նյութերին ծանոթանալու»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը (լուսանկարում):

Հիշեցնենք, որ այսօր դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը. նա կմնա կալանավորված: «Իրավական առումով, միանշանակ, Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը պետք է փոխվեր, որովհետեւ որեւէ առարկայական հակափաստարկ չկա: Դատավորն ինչպե՞ս է որոշել՝ կալանավորման հիմքեր կա՞ն, թե ոչ: Դրա միակ ճանապարհը գործի նյութերն ուսումնասիրելն է, մինչդեռ դատարանը չի հասցրել ծանոթանալ. գործի նյութերում կան առողջական վիճակի մասին փաստաթղթեր, ցուցմունքներ, որոնց ծանոթանալով՝ հնարավոր կլիներ հասկանալ՝ կա՞ն Գագիկ Խաչատրյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հիմքեր, թե ոչ»,-նշեց Երեմ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ եթե դատարանը ծանոթ չէ գործի նյութերին, չի կարող նշյալ հարցի պատասխանը տալ. «Նպատակը ձեւական գործընթաց անցկացնելն էր, որից հետո դատարանը՝ որոշումը պատրաստ, պետք է բերեր հրապարակեր»:

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ նրա եղբորորդին՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանը, մեղադրվում  են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար, մեղադրանքը չեն ընդունում:

Երեմ Սարգսյանն անդրադարձավ այն հանգամանքին, որ միջնորդության քննության ժամանակ գործով մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը մատնանշել էր՝ Գագիկ Խաչատրյանի երկու որդիները, մյուս եղբորորդին՝ Գուրգեն Խաչատրյանը, հետախուզվում են: «Օրենսդրությունն այլ անձանց վարքագծով թո՞ւյլ է տալիս դատել մեղադրյալի վարքագծի, քննությունից թաքնվել-չթաքնվելու մասին»,-հարցադրում արեց Երեմ Սարգսյանը, ապա նշեց, որ, օրինակ, Գուրգեն Խաչատրյանն ինքն է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին: Երեմ Սարգսյանը մեկ այլ հարցադրում արեց. «Գագիկ Խաչատրյանն ինքնակամ է եկել Գերմանիայից, որտեղ բուժվում էր, եւ ներկայացել վարույթն իրականացնող մարմնին: Նման պայմաններում ինչո՞ւ կալանավորեցին նրան»:

Հիշեցնենք, որ միջնորդության քննության ժամանակ Գագիկ Խաչատրյանի պաշտպանները մատնանշել էին Խաչատրյանի առողջական վատթարացող վիճակը եւ ՄԻԵԴ-ի կիրառած միջանկյալ  միջոցը՝ Խաչատրյանին արտերկրում բուժվելու հնարավորության ապահովումը ՀՀ կառավարությանը պարտադրելու մասին: Մեղադրող-դատախազ Գեւորգ Սարգսյանն էլ  առարկել էր միջնորդության դեմ՝ նշելով, որ ՀՀ-ն կատարում է իր պարտավորությունները, եւ Գագիկ Խաչատրյանը թե մինչեւ ՄԻԵԴ-ի որոշումը, եւ թե դրանից հետո ստացել է բուժօգնություն քաղաքացիական հիվանդանոցում: Բացի այդ,  դատախազը համոզմունք էր հայտնել, որ ազատության մեջ գտնվելով՝ մեծ է Խաչատրյանի կողմից քննությունից թաքնվելու հանգամանքը եւ գործով անձանց վրա ազդելու հնարավորությունը:

 

Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ավելի վաղ Aravot.am-ին տեղեկացրել էր, որ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի: Նախորդ տարի նա քննիչի կանչով ընդհատել էր բուժումը Գերմանիայում եւ վերադարձել ՀՀ, իսկ այս տարվա hուլիսին ՄԻԵԴ-ը կիրառեց միջանկյալ միջոց՝ պահանջելով ՀՀ կառավարությունից ապահովել Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում եւ թույլ տալ մեկնել՝ բուժման նպատակով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31