Լրահոս
Օրվա լրահոսը

«2016 թվականի ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում Յաշմայի հրամկազմը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է»

Օգոստոս 29,2020 14:00

«Այն գործիչները, որոնք համարում են, որ այդ բրիգադը հաջողությունների է հասել կամ զբաղվում են ադրբեջանական բանակի վարկանիշի բարձրացմամբ, կամ ուղղակի ապրիլյան մարտական գործողությունների էությանն ու դրվագներին չեն տիրապետում: Իսկ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պահանջն է, մարտունակ բանակին զուգահեռ ունենալ մարտունակ պահեստազոր». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Տիգրան Աբրահամյանը:

– Վերջին շրջանում կրկին հրապարակ եկավ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի թեման, տարբեր հայտարարություններ եղան, նույնիսկ ռազմական գաղտնիքներ հրապարակվեցին, շատ շահարկվեց հարցը՝ այդ պատերազմում հայկական կո՞ղմն է հաղթել, թե՞ ադրբեջանական ՅԱՇՄԱ-ն: Տեսակետ հնչեց, որ այդ հատուկ ստորաբաժանումը 60 տոկոսով կատարել է իր առջեւ դրված խնդիրը: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս բանավեճի վերաբերյալ:

– Ապրիլյան մարտական գործողությունների թեմայի շահարկումը վտանգավոր ծավալների է հասնում։ Որոշ անձինք, խմբեր թեման փորձում են տեղավոխել  ներքաղաքական պայքարի դաշտ, դրանում ներքաշել զինվորականների, ինչն արդեն իսկ անթույլատրելի է։

Ադրբեջանի հատուկ նշանակության 052 բրիգադը (Յաշմա), որը հատկապես հյուսիս-արեւելյան հատվածում հիմնական գրոհային ստորաբաժանումն է եղել, 2016 թվականի ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում մեծ կորուստներ կրելով դարձել է անմարտունակ։ Այդ բրիգադի հրամկազմը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Այն գործիչները, որոնք համարում են, որ այդ բրիգադը հաջողությունների է հասել, կամ զբաղվում են ադրբեջանական բանակի վարկանիշի բարձրացմամբ, կամ ուղղակի ապրիլյան մարտական գործողությունների էությանն ու դրվագներին չեն տիրապետում։

Ապրիլյան մարտական գործողություններում Ադրբեջանի գլխավոր նպատակը Արցախի հարցի ամբողջական, այն է՝ ռազմական ճանապարհով լուծումն էր եւ Ստեփանակերտի նկատմամբ վերահսկողության հաստատումը, ինչը, բնականաբար, չհաջողվեց եւ Ադրբեջանը հսկայական մարդկային եւ զինտեխնիկայի կորուստներ կրելով հետ կանգնեց իր մտադրությունից։ Հաղթանակի եւ պարտության հանգամանքը պետք է դիտարկել այս համատեքստում։ Մեր ժողովուրդը պայքարեց իր ազատության, իր հողի ու ջրի համար եւ հաղթեց։

– Ադրբեջանական հուլիսյան ոտնձգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ թեեւ համակողմանի վերլուծվել են, բայց այդ գործողություններից արդեն տեւական ժամանակ անց, առավել սթափ եթե փորձենք գնահատել այդ իրադարձությունները՝ հարձակվելով Հայաստանի սահմանների վրա, ի՞նչ քաղաքական ուղերձ էր հղում Ադրբեջանը եւ կոնկրետ այդ հարձակումով ի՞նչ ռազմական խնդիր էր ցանկանում լուծել: Արդյունքում՝ որո՞նք էին  հայկական եւ ադրբեջանական կողմերի կորուստները եւ ձեռքբերումները:

– Բանակցային գործընթացի փակուղում գտնվելն արդեն իսկ պարարտ հող էր նախապատրաստել իրադարձությունները քաղաքական մակարդակից ռազմադաշտ տեղափոխելու համար։ Այս պարագայում ցանկացած առիթ, կայծ կարող էին տարբեր մասշտաբի գործողությունների հանգեցնել։Այս գործողություններից 1-2 ամիս առաջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության տարբեր գործիչներ անթաքույց խոսում էին պատերազմի մասին, իսկ իշխանության վերահսկողության տակ գտնվող քաղաքական ուժերն ու երիտասարդական կառույցները պատերազմ հրահրող հայտարարություններ անում։

Այս գործողությունները ամրագրեցին բանակցային գործընթացի վերջին երկու տարվա ձախողումն ու ամրագրեցին բանակցային գործընթացի տապալումը։

Մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանը խոշոր ձախողումներ արձանագրեց, ինչը նաեւ սրեց ներքաղաքական իրավիճակն Ադրբեջանում։ Իմ տպավորությամբ, Ադրբեջանի ներքաղաքական հարաբերություններում, իրավիճակի վրա լիցքաթափող գործոն էր Թուրքիայի միջամտությունը, որն իր քաղաքական ու ռազմական աջակցությամբ որոշակի առումով հանդարտեցրեց Ադրբեջանում ստեղծված կրքերը։

Իրավիճակի սրման եւ Տավուշում մարտական գործողությունների ծավալման վրա մեծ ազդեցություն ուներ նաեւ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն ու համաճարակի հետեւանքով բերած խոշոր տնտեսական վնասները, որոնք հանրության շրջանում հուզումներ եւ անհանգստություններ են առաջացրել։

Այս պահի գլխավոր խնդիրը բանակցությունների սեղան վերադարձն է, ինչը որոշակի առումով կթուլացնի լարվածությունը եւ, այսպես ասեմ, գոնե ժամանակավորապես կհետաձգի պատերազմի հաջորդ փուլը։

– Մինչ տավուշյան դեպքերը հայկական կողմն էլի ունեցե՞լ է դիրքային բարելավվումներ: Եթե այո՝ ինչո՞ւ հանրությունը տեղեկացված չի եղել կամ ինչո՞վ էր առանձնահատուկ այս բարելավումը, որն այդքան թմբկահարվեց: Ի դեպ, իրենց հարցազրույցներում, տարբեր զինվորականներ, ռազմական գործի գիտակներ, այս ընթացքում հայտարարություններ արեցին, որ մինչ 2018 թվականի իշխանափոխությունը Հայաստանն առավելապես պաշտպանական տակտիկա էր որդեգրել:

– Դիրքային մարտեր մշտապես էլ ունեցել ենք սահմանի բոլոր ուղղություններով։ Եթե Տավուշի հատվածում հայկական կողմի դիրքային բարելավումներն Ադրբեջանի հակազդեցությանը չբերեին կամ դրանք այդ ծավալի չլինեին, ապա որեւէ մեկը չէր էլ իմանա այդ բարելավումների մասին։ Զինված ուժերի գլխավոր շտաբի համար կարեւորը անհրաժեշտ դիրքավորում ապահովելն է, ինչը հնարավորություն կտա զորքերի պահպանության դեպքում արդյունավետ ձեւով մարտական հերթապահություն ապահովել պաշտպանության դեպքում, ունենալ ամուր ենթակառուցվածք, իսկ հակահարձակվողական ու հարձակվողական գործողությունների ժամանակ մեկնարկային, դիրքային առավելություն ապահովել։

Թեմայի հետ կապված բարձրաձայնումներ չեն եղել այլ ուղղություններով, որովհետեւ եղել են դեպքեր, երբ Ադրբեջանը տարբեր հատվածներում, դիրքերում վերահսկողության կորուստ ունենալով չի բարձրաձայնել՝ փորձելով խուսափել ավելորդ հասարակական ճնշումից։ Այս պարագայում, դիրքային տեղաշարժերը տեղի են ունեցել բնակավայրերին մոտ հատվածում, որի պարագայում քողարկել հնարավոր չէր։

Ճիշտ չեմ համարում դիրքային բարելավումների կամ մարտերի թեման տեղավորել մինչեւ 2018 կամ դրանից հետո ժամանակահատվածի տրամաբանության մեջ, որովհետեւ այդ բաժանումները որեւէ ձեւով չեն նպաստում մեր անվտանգության համակարգի ամրապնդմանն ու բանակում անհարկի տարանջատումներ են առաջացնում։ Քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այդ բաժանումներից, դա որեւէ լավ տեղ չի տանում։

– Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որի համաձայն սահմանվում են Հայաստանի ողջ տարածքում աշխարհազորի ստեղծման եւ ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Ինչո՞ւ հիմա: Տավուշյան ագրեսիայի դա՞սն է սա:

– Սա մեր տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պահանջն է, մարտունակ բանակին զուգահեռ ունենալ մարտունակ պահեստազոր։ Մեր ռեսուրսների եւ երկրի առջեւ առկա սպառնալիքների պարագայում սա անհրաժեշտություն է։ Տավուշյան գործողությունները ընդհանուր իրավիճակի առանձին դրսեւորում էր, ընդ որում՝ տավուշյան գործողություններով իրադրությունը դեռեւս չի հանգուցալուծվել, երեւացող ժամանակահատվածում, նման միտում չի էլ նկատվում։

Երկրորդ, պահեստազորի մարտունակությունն ուղիղ առնչություն ունի մեր երկրի զինված ուժերի ընդհանուր մարտունակությանն ու երկրի անվտանգության ապահովմանը։ Այս ուղղությամբ պետք է աշխատել եւ ստանալ այնպիսի մոդել, ինչը մեր շուրջ տեղի ունեցող ցանկացած իրադրության փոփոխության պայմաններում, մեր երկրի անվտանգության համակարգին անակնկալներ չի մատուցի։ Պետք է պատրաստ լինել տարածաշրջանային բոլոր զարգացումներին։

– Աշխարհազորի նախապատրաստությունները նշանակո՞ւմ են, որ հայկական զինված ուժերը միայնակ ի զորու չեն կատարել իրենց առջեւ դրված խնդիրները:

– Պահեստազորը զինված ուժերի ամբաժանելի մասն է կազմում, իսկ զինված ուժերի մարտական պատրաստության պլանով, պահեստազորը տարբեր ծավալներով ընդգրկված է տարբեր բնույթի հավաքներում, մարտավարական պարապմունքներում եւ անհրաժեշտության դեպքում համալրում է զինված ուժերի շարքերը։

Իրավիճակով պայմանավորված մասնակի կամ ամբողջական ձեւով պահեստազորը համալրում է կանոնավոր բանակի շարքերը։ Այս փուլում, մենք գնում ենք պահեստազորի կազմակերպչական, իրավական եւ մարտունակության բարձրացման նոր կարգավորումների։

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
28.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31