Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը ճիշտ է. երևի ինչ-որ մի պահի պետք չէ անցնել այդ գծերը և պահել կոռեկտությունը, որը ես հիմա փորձում եմ անել». Սոս Ջանիբեկյանը՝ Մհեր Մկրտչյանի հորդորի առիթով

Սեպտեմբեր 04,2020 15:03

«Ինքը ճիշտ է. ես պետք է մի քիչ կոռեկտ լինեմ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց դերասան Սոս Ջանիբեկյանը՝ անդրադառնալով մեր այն հիշեցմանը, թե ռեժիսոր Մհեր Մկրտչյանն իրեն կոռեկտության կոչ է արել:

Հիշեցնենք՝ Սոս Ջանիբեկյան-Մհեր Մկրտչյան հրապարակային «փոխհրաձգությունը» սկսվեց նրանից, երբ Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ Մհեր Մկրտչյանի նոր՝ «Իշխանություն» ֆիլմին ու հիշեցրեց, որ ժամանակին ռեժիսորը խոստացել էր ֆիլմ նկարահանել հեղափոխության մասին:

Այս գրառմանը հաջորդեց ռեժիսորի գրառումը, թե «դու տեղյակ չես ոչ իմ անցյալից, ոչ իմ ներկայից, ոչ իմ կյանքից, ոչ իմ ֆինանսներից` մի անցիր կարևոր մի գիծ՝ երբ գրածդ քո դեմ դուրս կգա»:

Երեկ Մհեր Մկրտչյանը ևս մեկ գրառում կատարեց և այսպիսի կարծիք հայտնեց. «Նախ.. շնորհակալ եմ իմ նոր ֆիլմը PR-ելու համար: Հիշեցնեմ վերնագիրը` «Իշխանություն» («Власть»)…Հիմա անցյալի մասին: Իսկ ո՞վ է ասել, որ հեղափոխությունն օրերին ես չեմ եղել ոգևորված ռոմանտիկ մարդ: Ո՞վ է ասել, որ ես չեմ եղել հրապարակում: Դա իմ կյանքի մի հատված է: Այո… Շատ շուտ հասկացել եմ, որ սխալվել եմ ու հիասթափություն ապրել: Հնարավոր է՝ ափսոսում եմ, բայց չեմ ամաչում և չեմ թաքցնում դա»: Այնուհետև նա կոռեկտության կոչ է արել Սոս Ջանիբեկյանին. «Մեկ անգամ ևս խնդրում եմ լինել կոռեկտ արտահայտությունների մեջ: Մի անցիր գիծը»:

Մեր հստակեցմանը՝ դերասանն ընդունո՞ւմ է, որ ոչ կոռեկտ է եղել, Սոս Ջանիբեկյանը պատասխանեց. «Իհարկե, պահի տակ ոչ կոռեկտ եմ եղել»: Հետաքրքրվեցինք՝ ոչ հրապարակային Մհեր Մկրտչյանի հետ հանդիպել, զրուցե՞լ են, փորձե՞լ են հասկանալ միմյանց, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես ուզում եմ՝ այս խոսակցությունը վերջանա հենց այնպես, ոնց որ հենց նոր ասացի»:

Մհեր Մկրտչյանը նաև հրապարակային հայտարարել էր, թե Սոս Ջանիբեկյանը համակրում է այս իշխանություններին: Նա մասնավորապես գրել էր. «Հավատա՝ մենք երկուսս էլ շատ ծիծաղելի կլինենք դատարանում կամ ինչ որ փողոցային բանավեճի մեջ` մենք մի բնագավառի մարդիկ ենք ու կրում ենք ժառանգած ազգանուններ: Դու սիրում ես ներկա իշխանությունը, ես` քննադատում»:

Հարցին՝ իշխանությանը համակրելու խնդիր կա՞ , ճի՞շտ տպավորություն է, Սոս Ջանիբեկյանը պատասխանեց. «Իշխանության հարց բացարձակ չկա: Իշխանությունները գալիս-գնում են, մենք որպես արվեստի գործիչներ մնում ենք: Վաղը կլինի ուրիշ իշխանություն, երեկ ուրիշ իշխանություն էր: Կարծում եմ՝ երկրի արվեստագետները պետք է լինեն ճշմարտախոս, ոգևորող, քաջալերող և հավատարիմ ժողովրդի սկզբունքներին, որովհետև եթե երկրի մշակույթը, մշակույթի գործիչները եղան հակասող, արժեքային համակարգի մեջ ոչ կայուն, փոփոխվող, ոչ ամուր իրենց սկզբունքների, իրենց մտքերի մեջ, ոչ հիմնական ֆունդամենտ ունեցող իրենց երկրի փիլիսոփայության մեջ, այդտեղից կսկսվի կործանվել երկիրը. թե չէ իշխանությունն այսօր կա, վաղը չկա: Դա ինձ չի հետաքրքրում: Ինձ երկրի մշակույթն է հետաքրքրում»:

Մեր հիշեցմանը՝ այս ամենն առաջինն ինքն է սկսել, ո՞րն էր մտահոգության բուն պատճառը, խնդրեցինք մանրամասնել ու պարզաբանել, Սոս Ջանիբեկյանը պատասխանեց. «Ժամանակին պետք է նկարահանվեր թավշյա հեղափոխության մասին «Դուխով» անունով ֆիլմ: Հետո իմացա, որ նկարահանվում է ֆիլմ հակահեղափոխության մասին: Ես ոչ հակահեղափոխական եմ, ոչ հեղափոխական: Ուղղակի, եթե դու որպես արվեստագետ ունես կարծիք և ուզում ես քո կարծիքն արտահայտել ինչ-որ իրար հակասող գաղափարների մեջ, կամ պետք է շատ արդարացի փաստարկներով, երկար բացատրելով, ժողովրդի դիմաց արդարանալով գնաս դեպի այն մյուս կողմը հակասության, կամ պետք է հավատարիմ մնաս: Իհարկե, կյանքն այնպիսի բան է, որ ամեն օր կարող ես փոխվել. կարող է այսօր ինչ-որ բան սիրես, վաղը՝ ոչ: Հարց չկա: Բայց դա պետք է լինի անկեղծ, ներքին մղումով, քո գաղափարախոսությամբ, մտքերով, ոչ թե դա հետապնդվի կոմերցիոնությամբ, ֆիլմ նկարելով, շահով կամ ինչ-որ բանով: Այսօր բանան սիրում եմ, վաղը կարող է չսիրեմ»:

Մեր հիշեցմանը՝ Մհեր Մկրտչյանը պարզաբանել է, որ հիասթափվել է, մի՞թե արվեստագետը չի կարող իր հոգեվիճակին համապատասխան գործել, դերասանն այսպես արձագանքեց. «Եթե ես ուզում էի իմ ընկերոջ մասին ֆիլմ նկարել, եթե հիասթափվեմ նրանից, ես հետո իրեն հակա երբեք ֆիլմ չեմ նկարի: Միշտ կհիշեմ, որ ժամանակին ես ուզել եմ իր մասին ֆիլմ նկարել և ժամանակին ես կողմ եմ եղել իր գաղափարներին: Եթե մի օր գա, որ ես ներկայիս իշխանությունից հիասթափվեմ, հիասթափությունից հետո միանգամից թշնամի դառնալ չեմ կարող: Դա է ասածս, եթե դու ինչ-որ մեկին համակրել ու սիրել ես, որից հետո հիասթափվել ես, մինչև թշնամի դառնալը քեզ երկար ժամանակ է պետք»:

Մեր այն փաստմանը՝ Մհեր Մկրտչյանը հարցնում է՝ որտե՞ղ է սենսացիան, եթե բաց տեղեկության համապատասխան՝ «Դուխով» լոգոն պատկանում է «Vivaro» ընկերությանը, ընկերության կողմից իրեն եղել է առաջարկ նման վերնագրով ֆիլմ նկարահանել, եղել են խոսակցություններ բյուջեի մասին, հետո համաձայնության չեն եկել, Սոս Ջանիբեկյանն արձագանքեց. «Ժամանակին դու ուզել ես հեղափոխության մասին ֆիլմ նկարել, հիմա նկարում ես հակահեղափոխության մասին՝ հակահեղափոխականների պատվերով: Չի կարող քո՝ որպես արվեստագետ խոսքը, որը ֆիլմի տեսքով կլինի, պոեզիայի պես կլինի, փիլիսոփայական երկու տող կլինի, երգի, ռեփի տեսքով կլինի, չի կարող շատ կարճ ժամանակահատվածում ծայրահեղ բևեռներում լինել: Դա իմ ճշմարտությունն է: Երբ շատ երկար Թուփաք կամ Վեսթ Քոսթ եմ լսել, հետո, երբ որ ինչ-որ պահի սկսել եմ սիրել նաև Ջիջիին, դա եղել է շատ երկար՝ իրենց մահից հետո, բայց մինչև հիմա իմ համակրանքի մեջ ամուր եմ, թե ի վերջո այդ երկու պոետներից, որոնք ռեփով են արտահայտվել, ում եմ սիրում՝ չնայած, որ նրանք ընկերներ էին և իրար հակա չէին: Բայց այն պահին, որ իրենք ունեցել էին կոնֆլիկտ, այդ պահին ես, իհարկե, կողմնորոշվել եմ՝ ում կողմն եմ, ոչ թե մեկ սրա, մեկ՝ նրա»:

Հիշեցրինք՝ Մհեր Մկրտչյանը նշում է իրենց երկուսի ժառանգած ազգանունների մասին և հավաստիացնում ՝ ծիծաղելի կլինեն դատարանում կամ փողոցային բանավեճում և հորդորում գծերը չանցնել ու հարցրինք՝ այս հորդորն ընդունո՞ւմ է, դերասանը պատասխանեց. «Դե, իհարկե, երևի ինչ-որ մի պահի պետք չէ անցնել այդ գծերը և ինչ-որ մի պահի պետք է պահել կոռեկտությունը, որը ես հիմա փորձում եմ անել. ինքը ճիշտ է այդ առումով: Բայց ինձ թվում է՝ ինքն ինձ կհասկանա. ես էմոցիոնալ արվեստագետ եմ, պահի տակ պոռթկումներ եմ ունենում»:

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուսաննա says:

    Իսկ մեծամտության մասին ինչու՞ ֆիլմ չեք հանում. լավ դերակատար կա… Կամ մրցույթ…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930