«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Ապարանի բնակչության հետ հանդիպման ժամանակ խոսեց նաեւ պետական պարտքի ավելացման, կրթական նոր չափորոշիչների, ինչպես նաեւ քաղաքացիներին հուզող այլ խնդիրների շուրջ իր պատկերացումների մասին:
«Այս իշխանությունների օրոք պետական պարտքը միլիարդ 400 միլիոնով ավելացել է: Որտե՞ղ են դա օգտագործել: Եթե բերեին, ժողովրդին տային այս վիճակից դուրս գալու համար, կասեինք՝ էլի հասկանալի է: Բայց ոչ մեկը չգիտի, թե միլիարդ 400 միլիոնը ինչ են արել: Արտակարգ իրավիճակ է. գոնե կարող էին չէ՞ ամեն ընտանիքի $ 1000 տալ, որ գոնե մարդիկ իրենց դարդ ու ցավը հոգան: Թող պատասխանեն:
Ասում են՝ Ծառուկյանը կրթությունից է խոսում: Ծառուկյանը որ կրթությունով զբաղվեր, առաջին հերթին Բոլոնիայի ծրագիրը չեղյալ կաներ եւ սովետական կրթական ծրագիրը կկիրառեր, որն ավելի արդյունավետ էր: Բացի դա, այսօր իրենք ազգային արժեքները կորցնելով՝ փոքր երեխաներին սեռական դասընթացներ են ուզում սովորեցնել: Երեւի նայել եք նկարները: Սեռական այլասերվածություն, որ հասուն մարդը կամաչի ցույց տալ անմեղ երեխային, որը պետք է անհոգ մանկություն անցկացնի: Ո՞նց այդ երեխայի միտքը պղտորես: Ասում են, թե Ծառուկյանը ուրիշ քաղաքական ուժերով է ուղղորդվում: Դուք եք ուրիշ ուժերով ուղղորդվում եւ ուրիշ ուժերի պահանջները կատարում:
Դուք գիտեք, որ այդ ամենը հայ ազգի համար անընդունելի է, մեր ադաթն ու ավանդույթը մենք չենք կարող փոխել: Ժողովուրդն ասում է՝ թե այդպիսի բան եղավ, ես իմ երեխային դպրոց չեմ ուղարկի: Մենք ասում ենք՝ մեր ավանդույթը պետք է պահենք սրբության պես: Եկեղեցին, հավատքը, ընտանիքը սուրբ են»,- ասաց Գագիկ Ծառուկյանը եւ ավելացրեց. «Իշխանությունը, կառավարությունը Ծառուկյանից չպետք է վախենա, պետք է վախենա ժողովրդից, իր պահած ժողովրդից: Ժողովրդի համբերությունը սպառվել է: Արդեն երրորդ տարին է գալիս՝ ոչ մի ասած իրականություն չի դարձել: Աշխատատեղ չի ավելացել, գույքահարկը բարձրացրել են… Բայց այդպես չի կարելի: Քո խնդիրը քո ժողովուրդն է՝ երկիր, սահման պահողը, կերակրողը: Ում հետ խոսում ես, ասում են՝ իրական կյանքում բան չի փոխվել: Բայց մարդիկ սպասումներ, հավատ ունեին, որ իր մատից փուշ կհանեն»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































