Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Յուրի Խաչատուրովն ընդդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գործով շուտով վճիռ կլինի

Սեպտեմբեր 16,2020 20:11

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ, այսօր վերջապես կայացավ ՀԱՊԿ նախկին քարտուղար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն ընդդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գործով դատական նիստը։ Երկու տարի առաջ մեկնարկած այս գործով տեւական ժամանակ նիստերը հետաձգվում էին՝ հիմնականում պատասխանող կողմի՝ պաշտպան ներգրավվելու համար:

Հիշեցնենք, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից երկու միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում, դատական ծախսերի փոխհատուցում եւ հրապարակային հերքում:

Յուրի Խաչատուրովը պնդում է, որ 2018 թվականի մայիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության տված հարցազրույցում հնչեցրած իր գնահատականներով, քաղաքագետը արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Ստեփան Գրիգորյանի հայտարարությունները վերաբերում են 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին եւ այդ ընթացքում Յուրի Խաչատուրովի գործողություններին:

Այսօր, ի վերջո, նիստը կայացավ եւ դատարանը բաշխեց ապացուցման բեռը. հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կողմից արված արտահայտությունները վերաբերում են Յուրի Խաչատուրովին ու դրանք ունեցել են արատավորող բնույթ, իսկ պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ Ստեփան Գրիգորյանի արտահայտություններն ունեցել են գնահատողական բնույթ, որոնք հիմնված են մի շարք ուսումնասիրությունների վրա։

Պատասխանողի ներկայացուցիչը հայտարարեց, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ Գրիգորյանի արտահայտությունները միտված են եղել Յուրի Խաչատուրովին արատավորելուն, քանզի իրենց գնահատմամբ, Ստեփան Գրիգորյանի հայտարարություններն ունեցել են մտահոգության արտահայտման բնույթ: Պատասխանողը չի ընդունում հայցվորի պնդումը, թե քաղաքագետի հայտարարությամբ խախտել է հայցվորի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Ստեփան Գրիգորյանի պաշտպանը պնդում է, որ քաղաքագետն իրացրել է խոսքի ազատության իր իրավունքը։

Նախագահող դատավորը կողմերին ժամանակ տվեց ապացույցները ներկայացնելու համար: Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 16-ին, ժամը 15։00-ին:

Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, Յուրի Խաչատուրովի շահերի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանն ասաց, որ լավ կլիներ, եթե Ստեփան Գրիգորյանն անձամբ ներկայանա դատական նիստերին, մանավանդ, որ Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչը նախորդ նիստում հայտարարել էր, որ իր պաշտպանյալը կգա դատարան եւ անձամբ կպատասխանի հարցերին: Յուրի Խաչատուրովի պաշտպանը ճիշտ է համարում, որ քաղաքագետը մասնակցի նիստերին, քանի որ  իր գնահատմամբ, նրա արտահայտությունները ոչ թե սուր-քննադատող են, այլ իսկապես արատավորող-զրպարտող են, որովհետև խոսքը գնում է բանակի հրամանատարի մասին. «Մի անձի մասին, ով իր ողջ կյանքը դրել է ՀՀ-ի անվտանգության, սահմանների ամրացման, ԼՂՀ անկախության և Հայկական բանակի կայացման գործում և նման անձի վերաբերյալ հայտնել այնպիսի տվյալներ, որ նա տեղում չի եղել կամ հողերը մինչև ապրիլյան պատերազմն է հանձնել, ըստ որում՝ գումարների դիմաց, կամ մենք հնարավորություն ենք ունեցել վերադարձնել հողերը, սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով հողերը չեն վերադարձվել… Կարծում եմ, սա իրոք արատավորող տվյալներ են և չնայած հանգամանքին, որ պատասխանողը պնդում էր, թե սա պատասխանողի մասնավոր կյանքը չէ և այլն, իրականում սա՝ հայցվորի պատիվն ու արժանապատվությունն էր և ոչ միայն հայցվորի, այլև՝ բանակի պատիվն է»:

Պաշտպանի պնդմամբ, Յուրի Խաչատուրովի վերաբերյալ նման վարկաբեկիչ հայտարարությունները խորապես սասանում է բանակի նկատմամբ վստահությունը։

Անահիտ Սարգսյանը հուսով է, որ մոտ ապագայում այս գործով արդեն վճիռ կունենանք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930