Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարվում են բաներ, որոնք մարդկային ուղեղի մեջ ուղղակի հնարավոր չէ տեղավորել…

Սեպտեմբեր 28,2020 13:00
Harc

Այսօր արդեն պարտադրված ենք արձանագրել, որ աշխարհում ընթացող իրադարձությունների ընթացքը մոտ 70 տարի փաստացի հավասարակշռել եւ վերահսկել էր Խորհրդային Միություն կոչվող կայսրությունը, որի վերացումն էլ ողջ աշխարհին որոշակի իմաստով անակնկալի բերեց եւ կանգնեցրեց այսպիսի հախուռն ու անկառավարելի իրավիճակների առջեւ: Խորհրդային Միության վերացումով, կատարվող իրադարձությունների քողը փաստացի պատռվեց եւ այլեւս ամեն ինչ ընթանում է բացահայտ՝ աշխարհի աչքի առջեւ:

Ամենահիմնական իրադարձությունը, որն արդեն տասնյակ տարիներ շարունակ տեղի է ունենում աշխարհում եւ օր օրի ավելի մեծ թափ է առնում, դա փողի մրցավազքն է՝ աշխարհում շրջանառվող փողերի առյուծի բաժնին տիրելու մոլուցքը՝ ինչպես պետությունների, այնպես էլ անհատների միջեւ: Խոշոր տերությունները, միջազգային մաֆիոզ եւ այլ նմանատիպ կառույցներն այդ ճանապարհին ոչնչի առջեւ կանգ չեն առնում իրենց գերնպատակին հասնելու համար, որի հետեւանքով աշխարհում տիրող քաոսը անկանխատեսելի երանգներ ու անկառավարելի չափեր է ստանում: Օր օրի ամեն ինչ դառնում է էլ ավելի անկառավարելի ու անվերահսկելի ու քանի որ այդ մրցավազքում որեւէ մաքուր կետ չկա, հիմնականում եւ ամենուրեք գործում է «պղտոր ջրում ձուկ որսալու սկզբունքը»: Եթե սրան էլ ավելացնենք աշխարհում այսօր տիրող կորոնավիրուսի պանդեմիայի գործոնը, ապա պարզից էլ պարզ է, թե ուր է գնում աշխարհը:

Բնական է, թե նմանատիպ իրավիճակում ինչպիսի մեծ թափ կարող են առնել տարաբնույթ հանցագործությունները, որոնց հետեւանքով էլ լիովին անպաշտպան է դառնում մարդը: Ինչքան որ կույր մարդուն է անհրաժեշտ երկու աչքը, այնքան էլ հանցագործին է անհրաժեշտ անկառավարելի վիճակները, որտեղ ինքը կարող է գործել, ինչպես ձուկը ջրում: Եթե այս ամենին էլ հավելենք մարդկության մեծ մասի մոտ տիրող սոցիալ-տնտեսական վիճակի օր օրի սաստկացող վատթարացումը, ապա պարզ է դառնում, թե այս անկառավարելի վիճակն ինչպես է պրոյեկտվում ցանկացած մարդու վրա եւ այս պայմաններում նրանք ինչերի են ընդունակ դառնում:

Բնական է, որ վերը ասվածը որոշակի կորելացիաներով հավասարապես վերաբերվում է նաեւ Հայաստանին եւ նրա բնակչությանը, որի հետեւանքով հանցագործությունների եւ թիվը, եւ բազմազանությունը մեզ մոտ եւս պետք է էապես աճեին, ինչը եւ տեղի է ունենում եւ դրանց խճանկարը սարսափելի ու աներեւակայելի գույներ է ստանում: Բնավ նորություն չէ եւ մարդու ծննդյան պահից սկսած, մարդկանց միջեւ եղել ու միշտ լինելու են տարատեսակ հակադրություններ, որոնք շատ հաճախ ավարտվում են սահմանված կանոններից դուրս՝ չգրված եւ անօրեն գործողություններով, որն էլ իր հերթին բերում է տարատեսակ հանցագործությունների, ընդհուպ սպանությունների:

Դրանց համայնապատկերը տարբեր ժամանակներում տարբեր կերպ է դրսեւորվել եւ մարդիկ այսպես, թե այնպես արդեն որոշակիորեն ընտելացել են կատարվող իրադարձությունների ֆոնին հաճախակի իրականացվող սպանությունների իրողությանը:

Անցում կատարելով նորանկախ Հայաստանում վերջին մոտ 30 տարիների իրադարձություններին, կարող ենք հակիրճ նշել, որ այստեղ եւս շատ հաճախ ենք ականատես եղել բազմաթիվ տարաբնույթ եւ տարատեսակ սպանությունների, որոնց հաճախակի կրկնությունները ժամանակի ընթացքում աստիճանաբար մեղմել են մարդկանց զարմանալու հատկությունը եւ ինչ-որ տեղ անգամ, նրանց մղել հարմարվելու ու հաշտվելու նման իրողությունների գոյությանը:

Սակայն, այն ամենն, ինչի ականատեսն ենք հատկապես վերջին մի քանի տարիներին, վեր է ամեն ինչից եւ դրանք՝ ցանկացած արհեստական միջամտության պարագայում անգամ, անհնար է տեղավորել մարդկային ուղեղում: Այժմ փորձենք փոքր-ինչ ավելի խորությամբ եւ գլոբալ ձեւով ներկայացնել վերջին տարիներին Հայաստանում կատարված սպանություններին վերաբերող որոշակի յուրահատուկ նրբերանգներ, որոնց հրապարակումից հետո, շատ ցանկալի կլիներ, որպեսզի համապատասխան մասնագետները փորձեն հանրությանը որոշակի բացատրություններ տալ դրանց հիմնական պատճառների վերաբերյալ, որպեսզի հենց նույն հանրությունից մարդիկ, ովքեր հանգամանքների բերումով կառնչվեն նմանատիպ իրավիճակների հետ, գոնե մինչեւ այդ քայլերի ձեռնարկումը, նախապես կարողանան որոշակի օգտակարություն բերել նշված դեպքերի կանխարգելման համար:

Այստեղ հիմնականում խոսք կգնա պայմանականորեն ասած, գերզարմանալի եւ գերարտառոց սպանությունների մասին, չնայած ցանկացած սպանություն կամ ինքնասպանություն ինքնին զարմանալի է: Այն իրողությունը, որ ողջ աշխարհում մարդկային տեսակների բազմազանությունը շատ ընդգրկուն է եւ դրանցից շատերը հանուն շահի կարող են հեշտորեն սպանել մարդկանց, նման բաներին հանրությունը վաղուց արդեն, կարծես որոշակիորեն հարմարվել է: Իսկ եթե հարազատն է հարազատին սպանում, ասենք՝ ավելի կոնկրետ, հայրը՝ որդուն, դստերը, կամ հակառակը, եղբայրը՝ քրոջը, կամ հակառակը, մայրը՝ որդուն, դստերը, կամ հակառակը եւ ամենադաժանը՝ մայրը խեղդամահ է անում վայրկյաններ առաջ լույս աշխարհ եկած, այսպես ասած՝ ապօրինի երեխային ու շպրտում աղբարկղի մեջ (որոշ ժամանակ առաջ նման դեպք գրանցվեց Երեւան քաղաքում), ապա ինչ անուն կարելի է տալ նմանատիպ դեպքերին:

Չնայած այսպիսի դեպքերի թիվն սպանությունների ընդհանուր թվի մեջ չափազանց փոքր տոկոս է կազմում, այնուամենայնիվ, հատկապես նման դեպքերը հանրության համար բացատրության կարիք են զգում (հավանաբար, նման դեպքերի պատճառով է, որ հաճախ ասում են՝ մարդն ամենամեծ գազանն է): Սույն նյութը նպատակ է հետապնդում, որպեսզի նմանատիպ զարհուրելի դեպքերի վերաբերյալ, զուտ տեղեկատվական մակարդակից դուրս, համապատասխան մասնագետները գոնե կարողանան կատարվածի պատճառների վերաբերյալ որոշակի տեղեկատվություն տրամադրել հանրությանը, որպեսզի ինչպես վերը նշվեց, մինչ նմանատիպ դեպքերի տեղի ունենալը, մարդիկ, ովքեր այսպես, թե այնպես որոշակիորեն եւ հանգամանքների բերումով առնչվում են նմանատիպ պոտենցիալ սպանությունների ունակ անձանց հետ, գոնե փորձ անեն տարաբնույթ ճանապարհներով խոչընդոտել դրանց իրագործմանը:

Որպեսզի ասվածը վերացական չհնչի, խոսենք հենց վերջին՝ վերը նշված նորածնի խեղդամահության դեպքի հետ կապված: Հաստատ եղել են գոնե տասնյակից ավելի մարդիկ, ովքեր իմացել կամ որոշակիորեն տեղյակ են եղել այդ կնոջ ապօրինի մայրանալու դեպքի մասին եւ օրերը անցնելով, բա որեւէ մեկը չի՞ հարցրել՝ տիկին, ինչպե՞ս ես պատկերացնում այդ երեխայի ծնունդը, ի՞նչ մտադրություններ ունես նրա ծննդյան հետ կապված հետագա քայլերի առումով…: Պետք է փորձես տանը՝ թաքուն ծննդաբերե՞լ, թե՞ որեւէ ծննդատանը…: Ծննդաբերելուց հետո երեխային պահելո՞ւ ես քեզ մոտ՝ նորմալ մայրություն ես անելու, թե՞ փորձելու ես որեւէ կերպ ազատվել նրանից…:

Կոնկրետ, որոնք են լինելու երեխայի հետ կապված հետագա քայլերը. նրան հանձնելու ես մանկատո՞ւն, թե՞ որեւէ անհատի (անվճար, թե վաճառքի ձեւով): Այս հարցերի պատասխանները լսելուց հետո, գուցե եւ հնարավոր լիներ տիկնոջը ճիշտ ուղղորդել՝ ճիշտ խորհուրդներ տալ, որի արդյունքում հնարավոր կլիներ փրկել երեխայի կյանքը…

Փաստորեն, սա այն հնարավոր ճանապարհն է, որի միջոցով շատ հաճախ հնարավոր է փրկել նմանատիպ կամ որոշակի այլ սպանությունների եւ ինքնասպանությունների ի կատար ածումը…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
26.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930