Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիա-Ադրբեջան-ահաբեկիչ զինյալներ» հանցագործ եռանկյունին ընկալվում է որպես մեր տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն առավելագույն վտանգ. Ձյունիկ Աղաջանյան

Հոկտեմբեր 07,2020 23:25

Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հարցազրույց է տվել «Radio Republik Indonesia» ռադիոկայանին

Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հարցազրույց է տվել Ինդոնեզիայի ազգային ռադիոյին (Radio Republik Indonesia)` ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հանդեպ սկսված ագրեսիային առնչվող խնդիրները:

Իր հարցազրույցում դեսպանը, մասնավորապես, նշել է. «Արցախի Հանրապետության հերոսական ժողովուրդը ներկայումս դիմագրավում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրենց ցեղասպանական քաղաքականությունն իրականացնելու ևս մեկ փորձի՝ ուղղված  Արցախի տարածքի ձեռքբերմանն առանց դրա բնիկ հայկական բնակչության: Ավելին, այսօր Արցախի պաշտպանական բանակը կանգնած է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, քանի որ Թուրքիան Սիրիայում ու Լիբիայում հավաքագրել է ահաբեկիչ զինյալների և տեղափոխել նրանց հակամարտության գոտի՝ Ադրբեջանի բանակի շարքերում կռվելու նպատակով»:

Անդրադառնալով բախումների հետևանքներին՝ Ձյունիկ Աղաջանյանը շեշտել է. «…ամենամեծ մտահոգությունը քաղաքացիական բնակչության շրջանում կրած վնասն ու կորուստներն են, ինչը հետևանք է Արցախում, ճակատից շատ հեռու, բնակելի տարածքների ու քաղաքացիական ենթակառուցվածքների անխտիր ու դիտավորյալ թիրախավորման օդային հարվածներով ու հրթիռահամազարկային համակարգերից՝ մեծ տրամաչափի զինատեսակներից ռմբակոծումների: Ադրբեջանական կողմն ակտիվորեն օգտագործում է կասետային ռումբեր, ինչն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով: Սա պատերազմական հանցագործություն է և, միանշանակ, պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից»:

Խոսելով Թուրքիայի նեոօսմանական նկրտումներին դիմագրավելու մասին՝ ՀՀ դեսպանն արձանագրել է, որ «Թուրքիա-Ադրբեջան-ահաբեկիչ զինյալներ» հանցագործ եռանկյունին ընկալվում է որպես մեր տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն առավելագույն վտանգ, և ժողովուրդը վճռական է տրամադրված միասնական ջանքերով դրա դեմ պայքարելու հարցում»:

Դեսպանը կրկին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և հույս հայտնել, որ «միջազգային հանրության կողմից միջազգային խիստ արձագանքի շնորհիվ հնարավոր կլինի դադարեցնել բախումները, քանի որ պատերազմի  հետագա էսկալացիան սպառնում է վերածվել առավել լայն տարածաշրջանային ու համաշխարհային հակամարտության՝ միջտարածաշրջանային հետևանքներով ու ներգրավումներով»:

«Չմոռանանք, որ Հարավային Կովկասը տարբեր տարածաշրջանների, ռազմական դաշինքների, տարածաշրջանային ու գերտերությունների շահերի, կրոնների խաչման կետում է գտնվում: Եվ սա մեզ առավել զգուշավոր է դարձնում»,- ասել է դեսպան Աղաջանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031