Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք ուժեղ ենք, ապա եվրոպական ու բոլոր նավերը հայկական լեռներ կբարձրանան». Հայկ Ենգիբարյան

Հոկտեմբեր 17,2020 22:30

«Այն, ինչ կատարվում էր Արցախում, սփյուռքը չէր կարող անմասն մնալ ու շատ արագ ինքնակազմակերպվեց: Շատ արագ ընկալեցին ուղերձները»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը: Նա նշեց, որ վարչապետի ուղերձը՝ «Անջատում՝ հանուն փրկության», ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների նոր մոտեցում է եւ բնականաբար, դա սփյուռքին հասանելի է դառնում պաշտոնական լրահոսի միջոցով:

Հարցին՝ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են իրականացվում, որքանո՞վ են այդ երկրները ընկալում հայկական բողոքի էությունը, կա մտահոգություն, որ այդ ցույցերը կարող են անհանգստություն պատճառել տվյալ երկրների քաղաքացիներին՝ հայկական ներկայության հանդեպ բողոք առաջացնեն, Հայկ Ենգիբարյանը պատասխանեց. «Բողոքի ակցիաները խաղաղ բնույթ են կրում, ու քիչ-քիչ այդ ակցիաներն ու հանրության ճնշումներն իրենց արձագանքը կգտնեն: Մի շարք երկրների խորհրդարաններ նաեւ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւեր ընդունեցին՝ հայ համայնքների ճնշման արդյունքում»:

Ենգիբարյանն ասաց, որ տարբեր երկիրներում ուղերձները եւ պահանջները տարբեր են: Թե հայկական գաղթօջախներին ի՞նչ ուղերձ են այսօր տալիս,  նա պատասխանեց, որ բազմաթիվ խողովակներով փոխանցում են առաջինը Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցով զբաղվել, թուրք-ադրբեջանական ագրեսիայի դատապարտման ուղերձն են փոխանցում ու «Անջատում՝ հանուն փրկության» ընկալումը. «Պետք է շարունակել աշխարհին ներկայացնել հայ ժողովրդի արդար ձայնը եւ պայքարել մինչեւ վերջ՝ այս ուղերձը տեղ հասցնելու, վերջնական հաղթանակի համար»:

Հարցին՝ մասնավորապես Ռուսաստանում մտավախություն կա, որ ցույցերը բախումների կհանգեցնեն, ի՞նչ աշխատանքներ են տարվում՝ այդպիսի բախումներից խուսափելու համար՝ Ենգիբարյանը պատասխանեց. «Ռուսահայ համայնքի մեր եղբայրներն ու քույրերը այսպես ասած սադրանքների չեն գնում ու իրենց բողոքը կամ օժանդակությունը այլ կերպ են արտահայտում, նաեւ ռուսական իշխանությունները այս առումով հստակ զգուշացրել են»:

Հարցին՝ հայրենադարձության տարբերակներ էին մշակվում, հիմա, եթե կլինեն Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցողներ, հնարավոր կլինի՞ նրանց վերադարձն ապահովել, Հայկ Ենգիբարյանը պատասխանեց. «Բնականաբար, վերադարձողներ կան, բնականաբար հաշվառում ենք անում»: Նա նշեց, որ այս օրերին նաեւ կան մարդիկ, որոնք վերադարձել են՝ ռազմաճակատ գնալու համար՝ որպես բժիշկներ կամ որպես զինվոր: Վերադարձի ժամանակ դժվարություններ են առաջանում միայն կորոնավիրուսի հետ կապված, կախված, թե որ երկրներից են գալիս:

Արեւմտյան, եվրոպական նավերը չեն կարողանում հայկական լեռները բարձրանալ, կօգնի՞ սփյուռքը այդ հարցում, Հայկ Ենգիբարյանը պատասխանեց. «Բնականաբար, եթե մենք ուժեղ ենք, ապա բոլոր նավերը լեռներ կբարձրանան: Շատ կարեւոր է, որ այս ամենում արտացոլված լինի մեր միասնությունը, համախմբվածությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031