Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատարիմ Հիպոկրատի երդմանն ու հայրենիքին․ 25-ամյա Դավիթը նահատակվեց՝ վիրավոր զինվորների կյանքը փրկելիս

Հոկտեմբեր 29,2020 22:33

Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ագրեսիայի ժամանակ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս նահատակվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Դավիթ Հակոբյանը։ Հիպոկրատի երդմանը հավատարիմ ՝ նա մինչև վերջին շունչը պայքարել է հայ զինվորների ապրելու համար՝ իր կյանքի գնով փրկելով բազմաթիվ կյանքեր։ Դավիթը զոհվել էր վիրավոր զինվորներին տեղափոխող մեքենայի մեջ։ Նա եղել է բուհի յուրահատուկ սովորողներից մեկը։ Վեց տարի ուսանելուց հետո ընդունվել է ինտերնատուրա, այնտեղից զորակոչվել բանակ։

Նա ընտանիքի միակ արու զավակն էր․ ունի քույրեր։

Դավիթին համակուրսեցիները բնութագրում են  որպես ընկերասեր, հասնող, օգնող, խղճով անձնավորություն, նա բժշկին հատուկ բոլոր հատկանիշներն ուներ։ Դավիթը, ըստ ընկերների, թույլ չէր տալիս, որ իր  շրջապատի մարդիկ ընկճվեին։ «Քիթդ բարձր պահի»․ Դավիթի սիրած խոսքերն են։

Նրա համակուրսեցիները և՛ սգում են նրա մահը, և՛ հպարտ են, որ հերոս բժշկի հետ ճանապարհ են անցել։

«Դավի՛թ, դու անմահ ես, դու չես զոհվել, դու միշտ կապրես մեր սրտերում»,-ասում են նրա ընկերները։

Նրա համակուրսեցիներից Սահականույշ Սահակյանն ասում է․ «Իր անվանը համապատասխան քաջ, խելացի ու բարի էր մեր Դավիթը։ Իր նկարած նկարների նման յուրօրինակ ու խորն էր։ Լինելով Արցախյան ազատամարտի հերոսներից մեկի արժանի հետնորդը՝ եղել է կռվի ամենաթեժ կետերում ու փրկել բազմաթիվ զինվորների կյանք, ափսոս, որ իր կյանքի գնով եղավ․․․

Դավի՛թ, մեր բարի ու խելացի ընկեր, դու չես զոհվել, դու միշտ կապրես մեր ու այն զինվորների սրտերում, ովքեր միայն ու միայն քո շնորհիվ են ողջ մնացել։ Մեր սերունդները դեռ շատ կլսեն քո մասին, իսկ դու երկնքից քեզ բնորոշ մեղմ ժպիտով ու ավագին բնորոշ քո հատկությամբ ուղղակի հետևիր մեզ»։

Դասընկեր ու համակուրսեցի Աստղիկ Խաչատրյանն էլ  Դավիթին բնութագրում է որպես իր գործի նվիրյալ, սիրահար։

Դավիթն իսկական ընկեր էր՝ հարազատ ու սրտացավ։ Միշտ բաց էր, պատրաստ լսելու ու օգնելու։ Շփման մեջ թեթև էր՝ առանց ավելորդությունների, անսահման հումորով։ Միևնույն ժամանակ շատ կազմակերպված էր, ինքնաքննադատ ու խիստ ինքն իր հանդեպ, որովհետև բժիշկ էր, իր գործի սիրահարն էր, նվիրյալը։ Մինչև վերջին րոպեն էլ հավատարիմ մնաց իր գործին ու հայրենիքին։

Մեր ճանապարհները պատանեկությունից խաչվեցին։ Միասին ապրած 10 տարիները լի էին հիշարժան ու անմոռաց պահերով, ամենատարբեր էմոցիաներով, վայրէջքներով ու վերելքներով։ Մեզ վաղուց խոսքեր պետք  չէին իրար հասկանալու համար, կես հայացքն էլ էր բավական։ Մեր ընկերությունն ուրիշ էր՝ նմանը չունեցող։ Հիմա իր տեղը դատարկվեց, իր գույնը պակասեց, չասված խոսքերը կախվեցին օդում․․․ Տարիները կանցնեն, իսկ ինքն ինձ համար կմնա հարազատ Դավիթը, որն ամենակարևոր պահերին առաջվա պես ձեռքը կդնի ուսիս ու բարի ժպիտով կասի՝ «Քիթդ բարձր պահի»։

Հերոսի համակուրսեցի Մերի Արևշատյանն էլ առանձնացնում է նրա յուրահատուկ կազմակերպչական ունակությունը։

«Դավիթը բոլորից առանձնանում էր իր յուրահատուկ ժպիտով, միշտ ժպտում էր՝ թե՛ կյանքում, և՛ թե բոլոր նկարներում։ Մեր խմբի ավագն էր, շատ պարտաճանաչ էր, խելացի, կազմակերպող, իր պարտականությունները լավ գիտեր, երբ մի բան էր ուզում հայտարարել, շատ հանգիստ տոնով ասում էր՝ խումբ, արագ հավաքվեք։ Իր մարդ տեսակով հասնող էր, օգնող էր, խղճով էր։ Նա օժտված էր այն բոլոր հատկանիշներով, որոնք լրիվ բավարար էին կատարյալ բժիշկ դառնալու համար։ Ափսոս, դեռ իր նպատակներին չհասած՝ հեռացավ մեզանից՝ կիսատ թողնելով այս ամենը։ Մենք կորցրեցինք Հերոս Բժշկի, որը հավատարիմ լինելով Հիպոկրատի երդմանը՝ միևնույն ժամանակ զոհվեց հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելիս»։

Սոնա Մաղաքյանը գրում է․ «Բժշկական համալսարանում սովորելու 6 տարիների ընթացքում Դավոյի հետ ինչքա՜ն թվացյալ փորձություններ ենք անցել ու հաղթանակներ տոնել: Ինքը իմ ճանաչած ամենաբարի, ազնիվ, խաղաղասեր, հանդուրժող, խելացի մարդկանցից է: Դավոն իսկական բժիշկ է, կյանքի մինչև վերջին պահն էլ իր գործին հավատարիմ է մնացել՝ վիրավոր զինվորներին օգնելով: Պետք է վիրաբույժ դառնար ու դեռ ինչքան մարդկանց օգներ: Ցավոք, մեր ժողովուրդը կորցրեց իր ապագա ամենալավ վիրաբույժներից մեկին՝ մեր Հերոս Դավոյին»։

Մերի Սուքիասյանն էլ  ասում է՝ Դավիթի մասին կարելի է անվերջ խոսել։

«Մարդ, ով այնքան եռանդ ուներ, ձգտող, հասնող, անչափ համեստ ու հանգիստ էր, կենսուրախ, ընկերասեր։ Դավ ջան, դու իրոք քաջ տղա ես, հավատարիմ մնացիր երդմանդ մինչև կյանքիդ վերջին վայրկյանը»։

Մայրաքաղաքի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցը ևս, հրապարակելով իր սանի լուսանկարը, գրել է․ «189-ի ՀԵՐՈՍ բժիշկը զոհվեց՝ փրկելով վիրավոր զինվորների կյանքը։

Մեր դպրոցի հպարտություններից էր Դավիթ Հակոբյանը՝ ուսուցիչների և դասընկերների սիրելին, որն աչքի էր ընկնում իր փայլուն գիտելիքներով և օրինակելի վարքով։ Բազում օլիմպիադաներից վերադարձել էր հաղթանակով։

Նա սովորում էր «Բնագիտամաթեմատիկական» ենթահոսքում։ Դպրոցն ավարտելուց հետո անվճար ընդունվել էր ԵՊԲՀ։ Նպատակը մեկն էր՝ փրկել մարդկային կյանքեր..Եվ Դավիթը բուհն ավարտելուց հետո իր տեղը, իր առաքելությունը գտավ սահմանում՝ զինվորի կողքին։

Փա՛ռք քեզ, մեր ՀԵՐՈՍ շրջանավարտ»։

Նրան հուղարկավորել են Ուջանում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031