Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղքի զգացումը նույնիսկ կարող է օնկո հիվանդությունների բերել». հոգեբան

Նոյեմբեր 23,2020 15:40

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակում խոսելով մարդկային զղջման, մեղքի գիտակցման ու ապաշխարության մասին` հոգեբան Եվա Օհանյանը նշում է, որ վատ արարք գործած ցանկացած մարդ, անգամ վերջին սրիկան ի վերջո գիտակցում է իր արարքի ծանրությունը: «Ինչպես Բուլգակովն է ասում` չեն լինում վատ մարդիկ, լինում են դժբախտ մարդիկ: Միեւնույն է` հասարակության համար դատապարտելի արարք գործած մարդը գիտակցում է դա: Եթե անգամ նույնիսկ փորձում է ժխտել, մեղմել իր արածի ծանրությունը, ենթագիտակցորեն դա իրեն տանջում է: Հայտնի է, որ շատ դեպքերում մեղքի զգացումը նույնիսկ կարող է օնկո հիվանդությունների բերել, դրա համար զղջումը, որը նաեւ եկեղեցական ծեսերում ենք տեսնում, մեղքերի թողությունը, անչափ կարեւոր են մարդու հոգեկանի համար»,-ասում է հոգեբանը:

Եվա Օհանյանի խոսքով, երբ մարդ ինչ-որ արարքի համար չի ներվում, չի պատժվում ֆիզիկապես կամ մարդկանց կողմից, իր խիղճն ու ենթագիտակցությունն են անպայման պատժում նրան. «Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ»-ում մենք շատ պատկերավոր տեսնում ենք, թե ինչպես է դա գործում: Շատ վտանգավոր է, երբ խիղճը սկսում է տանջել, դա կարող է դրսեւորվել երազների, հիշողություններ միջոցով, կարող է ի վերջո դառնալ հիվանդություն: Նման բաներ տեղի են ունենում, նույնիսկ այն դեպքում, եթե անգամ արարքը ոչ գիտակցված է գործվել: Օրինակ, մարդը կարող է պատահաբար, անփութորեն ավտովթարի է ենթարկել մեկ այլ մարդու, ու դրանից հետո տանջվել: Դրա համար շատ կարեւոր է մեղքերի թողությունը մարդու հանգստության համար»:

Qahana.am-ը ներկայացնում է Ապաշխարության խորհուրդը. «Ապաշխարություն՝ նշանակում է ապա-աշխարել, հետո լալ, ողբալ, կոծել, մի խոսքով` կատարած մեղքերի համար զղջալ և գործած չարիքի դիմաց սեփական անձը պատժել: Ապաշխարության խորհրդի ժամանակ հավատացյալը սրտի անկեղծ զղջումով խոստովանում է իր մեղքերը հոգեւորականի առաջ և նրա միջնորդությամբ անտեսանելիորեն թողություն ստանում մեղքերից անմիջապես Հիսուս Քրիստոսից:

Ապաշխարության խորհրդով թողություն է տրվում մկրտությունից հետո գործած բոլոր մեղքերին` թե ներելի, և թե մահացու:

Եվ մինչ մկրտության և դրոշմի խորհուրդներն անկրկնելի են, ապաշխարության խորհուրդը կատարվում է պարբերաբար` հավատացյալի ողջ կյանքի ընթացքում, քանի որ մարդն իր բնությամբ տկար է և մշտապես ենթակա մեղանչումի: Ապաշխարության խորհրդակատարն օծյալ հոգևորականն է: Քանի որ Քրիստոս նրանց այդպիսի իշխանություն տվեց` ասելով. «Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի: Եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. Ի 22-23)…

Ապաշխարության սկիզբը գործած մեղքն ընդունելն է: Ապաշխարել պետք է կենդանի ու անկեղծ հավատով, որովհետև միայն այդպիսի ապաշխարությունն է ընդունելի Աստծուն և այդպես կարելի է վերստին հաշտվել Աստծո հետ: Եվ եթե` «Մեղքի վարձքը մահն է» (Հռոմ. Զ 23), ապա ապաշխարության պտուղը` փրկությունն ու հավիտենական կյանքը»:

Հավելենք, որ Ապաշխարությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու յոթ խորհուրդներից երրորդն է: Վահրամ Լալայանն իր աշխատության մեջ փաստում է, որ ըստ Գրիգոր Տաթևացու՝ ապաշխարությունը գործած մեղքերի համար ցավելն է, ինքն իրեն պատժելը, անցյալի չարիքների համար արտասվելը, դրանք չկրկնելը, իսկ Պյութագորասն ասում էր. «Մի ծածկիր քո մեղքերը, այլ խոստովանիր, որ բժշկվես», զղջման, ապաշխարության ու փրկության հույսի մի հզոր գրավոր հուշարձան է հատկապես Գրիգոր Նարեկացու ոգեղեն Մատյանը:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Ռեմբրանդտի «Անառակ որդու վերադարձը» կտավի լուսանկարը` Վիքիպեդիայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30