Նոյեմբերի 27-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լենա Նազարյանը, պատվիրակության անդամներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Անուշ Բեղլոյանը:
Միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների պատվիրակությունների, ԱՊՀ մարմինների, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Նիստը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատից վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Նիստի հիմնական թեմաներից է եղել COVID-19 համաճարակի հարցում ԱՊՀ անդամ երկրների կողմից ձեռնարկվող միջոցառումների օրենսդրական աջակցությունը: Վերանայվել են նաեւ ԵԱՏՄ տարածքում տնտեսական ինտեգրման հեռանկարները եւ դրանց նորմատիվ-իրավական ապահովման հարցերը, քննարկվել 2021 թվականին ԱՊՀ անդամ երկրներում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելության նախապատրաստմանը, ԱՊՀ ՄԽՎ-ի ներքո գիտության եւ կրթության ոլորտներում փորձագիտական խորհրդի ստեղծմանը վերաբերող խնդիրներ եւ այլն:
Նույն օրը կայացել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 51-րդ լիագումար նստաշրջանը, որին մասնակցել են ԱՊՀ երկրների խորհրդարանական պատվիրակությունները:
Կարդացեք նաև
Օրենսդիրները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի նախագիծը, ԱՊՀ անդամ պետությունների մոդելային Աշխատանքային եւ Ընտրական օրենսգրքերը, ինչպես նաեւ մի շարք մոդելային օրենքների նախագծեր, որոնք մշակվել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների կողմից:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի կողմից ընդունվել է «ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը դիտորդների մասնակցության մասին» կանոնակարգը:
Ազգային ժողով