Սանկտ Պետերբուրգի Սմոլնիի շրջանային դատարանը 7 օրով վարչական կալանք է նշանակել բլոգեր Վլադիսլավ Տյուլպանովի համար՝ արգելված խորհրդանիշներ քարոզելու հոդվածով: Կալանքի առիթ է դարձել Տելեգրամում Տյուլպանովի գրառման մեջ Ինստագրամի լոգոտիպի առկայությունը:
Ինչպես հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Սանկտ Պետերբուրգի դատարանների մամուլի ծառայությանը, Տյուլպանովը հիշյալ գրառման մեջ կոչ էր արել բաժանորդագրվել Ինստագրամի իր էջին: Դրանով իսկ, ըստ դատարանի, նա «քարոզել և հանրայնացրել է Ռուսաստանյան Դաշնության տարածքում արգելված սոցիալական ցանցը»:
Բլոգերը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել:
Վլադիսլավ Տյուլպանովը Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի հանգուցյալ նախագահ Վադիմ Տյուլպանովի որդին է, Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի սանիկը:
Կարդացեք նաև
Նա իրեն անվանում է «Ռուսաստանի ամենաերիտասարդ և ամենահայտնի քաղաքական գործիչ», եղել է «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության «Երիտասարդ գվարդիայի» կազմում, փորձել է անդամակցել նաև «Եդինայա Ռոսիա»-ին, սակայն մերժում է ստացել: Համացանցում Տյուլպանովը հայտնի է ֆոտոմոդելների և ցանցային ինֆլուենսերների հետ սիրավեպերով:
Ինստագրամը և Ֆեյսբուքը Ռուսաստանում արգելված և արգելափակված են 2022 թվականի մարտից, երբ դատարանը Meta-ն ճանաչեց «ծայրահեղական կազմակերպություն»:
«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն



















































