Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը համարձակություն և քաջություն պիտի ունենա և հայտարարի, որ ինքը հեռանալու է». Վարդան Հարությունյան

Դեկտեմբեր 02,2020 18:33

«Այսօր մենք հայտնվեցինք նույն իրավիճակում, որում հայտնվել էինք 1921-ին»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ձախողումներ՝ արտաքին ու ներքին քաղաքականության ոլորտում. ինչու՞ է այդպես» խորագրով քննարկմանը հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նա արձանագրեց՝ մենք մեր հարյուր տարվա պատմությունից դասեր չենք քաղում:

Նրա կարծիքով՝ ՌԴ-ից պետք է գոհ լինել, որ միջնորդեց, արյունահեղությունը դադարեց, բայց ըստ նրա՝ ՌԴ-ն մասնակից է եղել Հայաստանի պարտությանը. «Մոսկվայի, Կրեմլի գործողությունները բխել են 1921-ի ռուս-թուրքական պայմանագրի  համատեքստից: Հայաստանի հաշվին նրանք նորից ամրապնդում են իրենց բարեկամությունը»:

Վարդան Հարությունյանի համոզմամբ՝ ՀՀ-ում գերակշռում են ոչմիթիզականները, դա է պատճառը, որ ըստ Վարդան Հարությունյանի՝ 1998-ից մենք հաստատուն քայլերով գնացել ենք դեպի այս պարտություն. «Մեզ որևէ մեկը զոռով չի տարել, մեզ տարել է մեր մաքսիմալիզմը, մեր ու հարևանների միջև եղած բալանսը հաշվարկելու անկարողությունը»:

Վարդան Հարությունյանը վստահեցրեց՝ այսօր գնացինք այն նախանշված ուղով, որով մեզ տանում էին Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և նրանց թիմակիցները: Նա շարունակեց. «Հիմա բացի Վազգեն Սարգսյանից բոլորը կան. մենք այսօր քաղում ենք նրանց վարած քաղաքականության պտուղները: Իհարկե, Նիկոլ Փաշինյանն էլ իր բաժին լուրջ, ծանրակշիռ սխալներն ունի, բայց Նիկոլ Փաշինյանը նրանց վարած քաղաքականության առաջամարտիկը դարձավ, նրանց ուղղությամբ գնաց, չկարողացավ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը՝ ունենալով նման հնարավորություն, իրավունք: Նրա լեգիտիմությունը նրան այդ իրավունքը տալիս էր, բայց նա գնաց ամբոխահաճո ելույթների, պոպուլիզմի ճանապարհով, այն հույսով, որ եթե երկար ժամանակ չի եղել պատերազմ, ապա այն պատերազմը, որը սպասում ենք, լինելու է ոչ թե այսօր, այլ ինչ-որ մի օր: Բայց պատերազմն  այսօր էլ կարող է վերադառնալ, հիմա պետք է ճիշտ քայլեր անել, որոնք մեզ ավելի անվտանգ կդարձնեն»:

Վարդան Հարությունյանը մտահոգություն ունի՝ մենք հիմա էլ արդեն հակափաշինյանական էմոցիաներով տարված կարող ենք կատարել մեկ այլ ընտրություն, որի արդյունքը էլի մեզ չի բավարարի: Նա առաջարկում է լուծման հետևյալ տարբերակը. «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը համարձակություն և քաջություն պիտի ունենա և հայտարարի, որ ինքը հեռանալու է, այնուհետև ինքը պետք է խնդրի ժամանակահատված՝ 3-6 ամիս, ապագա ընտրությունների կազմակերպման համար: Դրա մեջ մտնում են օրենսդրական փոփոխություններ՝ ընտրական օրենսգրքի, որ մի քիչ հանդարտվի այս զգացմունքային ֆոնը, որ կարողանանք ընտրել ոչ թե առանձին մարդկանց, այլ ծրագրեր»:

Նրա կարծիքով՝ չի բացառվում, որ մի քանի ամիս հետո ցավով արձանագրենք, որ ոչ միայն Արցախից ենք գյուղեր կորցրել, ՀՀ-ին և Արցախը կապող միջանցք, այլև ՀՀ-ից հատվածներ, եթե այս վիճակը, որը կա, ՀՀ իշխանությունների մոտ շարունակվի: Վարդան Հարությունյանի գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունները պարալիզացված վիճակում են գտնվում. ոչինչ չեն անում: Ըստ նրա՝ իշխանությունները կարող էին այսօր հրավիրել մարդկանց, որոնք կարող են հանձն առնել, փորձել դիմադրել, փրկել այն, ինչ հնարավոր է փրկել, բայց չեն անում և, ըստ էության, շատ ավելի են խորացնում իրենց մեղքի բաժինը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031