Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարավային ուղղությամբ մղվող մարտերում նա կատարում է իր առջև դրված խնդիրները, քաջաբար կանգնում մինչև վերջ և զոհվում հերոսաբար. մերօրյա հերոսները. Ազատ Զաքարյան

Դեկտեմբեր 10,2020 14:44

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

«Մերօրյա հերոսները». Ազատ Զաքարյան

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը մեկ տասնյակից ավելի սովորողներ ու ռազմական բժիշկներ է կորցրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով հրահրված պատերազմում: Նրանց մի մասն անմահացել է մասնագիտական, մյուսները՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս:

Ազատ Զաքարյանը Ռազմաբժշկական ֆակուլտետում սովորել է երեք տարի, որից հետո զորակոչվել է բանակ՝ զինվորական ծառայության: Արցախի հարավային ուղղությամբ մղվող մարտերում նա կատարում է իր առջև դրված խնդիրները, քաջաբար կանգնում մինչև վերջ և զոհվում հերոսաբար:

Ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Նիկոլայ Գրիգորյանը, ով պատերազմի առաջին օրից՝ որպես կամավոր եղել է Ստեփանակերտի հոսպիտալում, ավագ գործընկերների հետ բուժօգնություն է տրամադրել վիրավորներին, անմահացած ընկերոջ մասին պատմում է խորը վշտով. «Ազատը խելացի, հոգատար, հավասարակշռված, նպատակասլաց անձնավորություն էր»:

Ապագա ռազմական բժիշկը նշում է՝ վիրաբույժ դառնալու ցանկությանը զուգահեռ, Ազատը բազմաթիվ նպատակներ ու ծրագրեր ուներ, որոնք մտադիր էր կյանքի կոչել զինվորական ծառայությունն ավարտելուց հետո:

Մեջբերելով Ազատի ՝ «Ամեն ինչ մեր ձեռքերում է ու գլխում» խոսքերը, Նիկոլայն ընդգծում է, որ ընկերն իր աշխարհայացքով տարբերվում էր մյուսներից: Ազատը զոհվել է հոկտեմբերի 10-ին, Հադրութում: Ռազմաճակատի ամենաթեժ՝ հարավային ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրետանային արկն ընկնում է նրանից քիչ հեռու, որի հետևանքով վիրավորվում են նրա զինակիցները: Անտեսելով վտանգն՝ Ազատը շտապում է օգնության: Թշնամու արձակած համազարկ կրակի հետևանքով հերոսը բռնում է հավերժի ճամփան:

Վաշտի հրամանատարը պատմում է, որ կրտսեր սերժանտ Ազատն աչքի է ընկել կազմակերպվածությամբ, իր առջև դրված խնդիրները պարտաճանաչությամբ կատարելու կարողությամբ: Զոհվելուց ժամեր առաջ նա սահմանից իր ընկերների և հարազատների միջոցով օգնել է Արցախից տեղափոխված ընտանիքի՝ ժամանակավոր կացարան գտնելու հարցում:

Նիկոլայի կարծիքով՝ յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր նահատակված հերոսների նման լինել հայրենասեր ու նվիրված մայր հողին: «Գիտակցում ենք, որ Ազատի և բազմաթիվ զինվորների կիսատ թողած գործը մենք պետք է պատվով շարունակենք: Ուժ ու համբերություն մեր բոլոր զոհված հերոսների հարազատներին և ընկերներին»,-ասում է ապագա ռազմական բժիշկը:

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում Արցախում անմահացած Ազատ Զաքարյանը Հրազդան քաղաքից էր:
Քաղաքի բակերից մեկում տեղ գտած նրա՝ զինվորական համազգեստով դիմապատկերն անցորդներին հիշեցնում է՝ հողը արյունով են պահում…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031