Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց, որ դուրս գամ». Վազգեն Մանուկյան

Դեկտեմբեր 15,2020 16:18

Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ մի երիտասարդ ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանից հարցրեց, թե իրենց շարժման մեջ ի՞նչ դեր են ունենալու քաղաքականացված երիտասարդները, որոնք արդեն իսկ կուսակցական են: Նաեւ հետաքրքրվեց` Վազգեն Մանուկյանն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ՀՀ վարչապետն է եղել, ինչո՞ւ այդ ժամանակ վերջակետը չդրվեց, Արցախյան հիմնախնդիրը չլուծվեց, որպեսզի հետո չլինեին նոր զոհեր, Ապրիլյան քառօրյա եւ այսօրվա իրավիճակը:

«Քաղաքականացված երիտասարդությանը ես կարող եմ միայն ողջունել: Մենք կառուցում ենք պետություն, որտեղ պետք է լինեն տարբեր գաղափարներ: Պետությունն ընդհանուր ունի ազգային գաղափարներ, բայց կլինեն տարբեր կուսակցություններ, որոնք տարբեր գաղափարներ կունենան, եւ բոլորն էլ օգտակար կլինեն…Ու ոչ ոք չպետք է իրեն իրավունք վերապահի` ասելով, որ այսինչ գաղափարախոսությունը ճիշտ է, մյուսը` սխալ»,-ասաց Վազգեն Մանուկյանը

Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, այս մասին էլ հետեւյալը հայտնեց. «Դուք մի փոքր շփոթում եք…Վարչապետ լինելուց առաջ ես Ղարաբաղ կոմիտեի կոորդինատորն էի, երբ մենք արդեն ջոկատներ էինք ստեղծում, ու պատերազմ կար սահմաններին, այդ ժամանակ դեռ Խորհրդային միության մեջ էինք: Իսկ երբ վարչապետ դարձա, ստեղծեցինք զինված ուժեր` ոստիկանության մեջ, ներքին զորքերը եւ կոչ արեցինք ֆիդայիներին մտնել այդտեղ, իսկ ով չմտներ, պետք է զենքը վայր դներ, որովհետեւ մեզ պետք չէին մաուզերիստներ, անկանոն ջոկատներ:

Հաջորդ քայլն իմ վարչապետության ժամանակ այն էր, որ ստեղծվեց Պաշտպանության կոմիտե եւ այլն, եւ այլն…Պատերազմի իրական իրադարձություններն այդ ժամանակ չէին, ավելի ուշ սկսվեցին, երբ ես արդեն դուրս էի եկել եւ ընդդիմության մեջ էի: Ես ինքս ջոկատով եղել եմ Մարտակերտում, այլ վայրերում…Ցավոք, Շուշիի ու Լաչինի փայլուն հաղթանակներից հետո սկսվեցին պարտություններ: Այդ ժամանակ ինձ առաջարկվեց, որ լինեմ պաշտպանության նախարար: Ես դարձա պաշտպանության նախարար, վերակառուցվեց բանակը, հետ վերցրինք Քարվաճառը, Մարտակերտը, Կապանի օպերացիան եղավ, Աղդամն արդեն շրջապատված էր, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց, որ ես դուրս գամ:

Ինչ-որ ձեւով երեւի վտանգավոր էր իմ երկար մնալը պաշտպանության նախարար: Ես ասացի, որ ինքնակամ դուրս չեմ գա, ինչպես դուրս եկա վարչապետությունից, որովհետեւ բարոյական պարտք ունեմ, ես երիտասարդներին դիմում եմ` եկեք բանակ, գնանք հաղթենք, հետեւաբար հրաժարական տալ չեմ կարող, բայց ասացի` դու կարող ես ինձ հանել, դա որեւէ հետեւանք չի ունենա:

Եվ ես դուրս եկա: 1994թ համաձայնագրի կնքելու ժամանակ ես եղել եմ ընդդիմության մեջ ու շատ մանրամասնությունների չեմ տիրապետում, ինձ էլ մեկ-մեկ թվում է, որ այն ժամանակ կարելի էր ավելի լավ պայմանագիր կնքել, բայց այն մարդիկ, որոնք մասնակցել են դրան, ինչպես իմ ընկերները, Դավիթ Շահնազարյանը, մյուսները, խոսել եմ Սամվել Բաբայանի հետ, իրենք համոզված են, որ դա հնարավոր չէր, այնպես որ դա օդի մեջ կախված հարց է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031