Լրահոս
Օրվա լրահոսը

«Խանութ մտավ մի կին ու ասում է՝ «իյա՜, այս դավաճանն ի՞նչ գործ ունի մեր խանութում». Շուշան Պետրոսյանը մանրամասնում է

Դեկտեմբեր 15,2020 17:00
shushan

Shamshyan.com-ն այսօր հաղորդել էր, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ 56-ամյա քաղաքացի Ելենա Պետրոսյանի ահազանգի փաստով: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ելենա Պետրոսյանն ասել է, որ երեկ Կորյուն փողոցի «Արմենիա» խանութում վիճաբանության ժամանակ Շուշան Պետրոսյանը ձեռքերով հարվածել է իրեն: Aravot.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ:

-Տիկին Պետրոսյան, ի՞նչ էր տեղի ունեցել այդ խանութում ձեր եւ նշյալ տիկնոջ միջեւ:

-Մտա խանութ՝ առեւտուր անելու: Կանգնած զրուցում եմ աղջկա հետ, առեւտուր եմ անում, երբ մտավ մի կին ու ասում է՝ «իյա՜, այս դավաճանն ի՞նչ գործ ունի մեր խանութում»…այնքան անպարկեշտ էր ասածը, որ զարմացա, մտքովս չէր անցնում, որ դա ինձ է ուղղված: Շուռ եկա իր կողմը եւ ասացի՝ «տիկին, կներեք, ինչպե՞ս»: Պատասխանեց՝ «ասում եմ՝ դավաճանն ի՞նչ գործ ունի, քո հետ եմ, դավաճանն ի՞նչ գործ ունի մեր խանութում, այ թալանչի»…անվանեց թալանչի, կեղեքիչ, պիցցայակեր, Սերժի ստրուկ, Քոչարյանի ստրուկ ու նման բառեր՝ այն, ինչ կկարդաք համացանցում «ֆեյքերի» կատարմամբ: Շատ տհաճ զգացողություն էր: Մտքովս չէր կարող անցնել, որ իմ քաղաքում, իմ տան փողոցի սիրելի խանութիկում, որտեղ ես միշտ մթերք եմ գնում, ինչ-որ մեկը կարող է մտնել եւ նման արտահայտություններ անել:

Փոքրիկ միջադեպ եղավ, որից հետո ես շոկի մեջ կանգնած էի: Ինքն իր առեւտուրն արեց, հայտարարեց, որ ես իրեն լավ չեմ ճանաչում, եւ որ ինքն իմ «քթից կբերի», ու դուրս եկավ:

-Այդ կինը պնդել է, որ իրեն հարվածել եք ու քաշքշել:

-Փոքրիկ միջադեպ է եղել: Ես չեմ կարող անտարբեր լինել, երբ իմ արժանապատվությունն են կպնում եւ կպնում են արդեն երկու տարի: Փաստորեն, «ֆեյքը» դուրս եկավ փողոց: Այն «ֆեյքը», որը քաջություն ուներ համացանցում նկարների տակ թաքնվելով՝ ամենավերջին զազրախոսություններն անել: Իմ այս հարցազրույցի տակ էլ կտեսնեք, թե ինչ աղբ է հավաքվելու եւ ինչեր են գրելու:

Ընդ որում, չեն ներկայացրել, թե ինչպիսին է եղել նախապատմությունը մեր ընդհարման: Միանգամից ինձ են մեղադրում՝ առանց նշելու, որ զազրախոսող կինը բացել էր իր գարշելի բերանը եւ կեղտոտ բառեր էր ինձ ուղղում: Այդ մասին ինչո՞ւ որեւէ մեկը չի խոսում, որովհետեւ մարդիկ իրապես կուրացած են, եւ ես այս ամենում մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին, ով ատելություն սերմանեց ժողովրդի մեջ՝ աշխատեցնելով իր պոակները, հազարավոր ֆեյքերը, որոնք խեղում են այս կամ այն անձի իրական տեսակը, ապրելակերպը, կյանքը, պետականամետությունը: Սա շա՜տ վատ բան է, սա ողբերգություն է:

Երկիրը պատերազմն է տանուլ տվել, այդքան զոհ ունենք այս ողբերգության մեջ, որին ավելանում է այս պառակտվածությունը: Նաեւ այս ամեն ինչի համար, այս ատելության սերմանման համար Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու:

-Դուք դիմե՞լ եք ոստիկանություն, կամ, ձեզ հետ կապվե՞լ են ոստիկանությունից:

-Ոչ, ես ինչո՞ւ դիմեմ: Դիմեմ, որ իմ արժանապատվությանը կպե՞լ են: Իմ արժանապատվությանը կպել են ու ստացել պատասխան: Ոստիկանությունից էլ ինձ չեն զանգահարել: Միայն ուզում եմ, որ ատելությունը հեռանա հայից: Դուք ուղղակի չեք տեսել այդ կնոջ երեկվա աչքերը, դրանց արտահայտությունը: Պատկերացնո՞ւմ եք՝ մայրն իր երեխաների համար մթերք է գնում, եւ ինչ-որ մեկը մտնում է ու ասում, որ այդ մայրը դավաճան է եւ իրավունք չունի այդ խանութից օգտվելու: Հասկանո՞ւմ եք զգացողությունս, ո՞նց կարելի է այդպես:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031