Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը մեզ առերեսեց իրականության հետ՝ առ այն, որ հաղթելու համար մենք շատ ավելի մեծ ջանք և գիտելիք պետք է ունենանք. Հայկ Չոբանյան

Դեկտեմբեր 31,2020 16:23

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի տավուշցիներ, մենք ծանրագույն տարի ունեցանք՝ սկսած համավարակով առաջ եկած դժվարություններից մինչև արցախյան պատերազմ: Խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նրանց ծնողների և ընտանիքի անդամների առջև: Հույս ունեմ, որ մենք օր առաջ կավարտենք անհայտ կորածների հայտնաբերման աշխատանքները և օր առաջ հայրենիք կվերադարձնենք մեր գերեվարված եղբայրներին, տղաներին: Մենք մեծ աշխատանք ունենք անելու վիրավորների վերականգնման, կյանքին իրենց ինտեգրման ուղղությամբ: Մենք պետք է օգնենք, որպեսզի նրանք նոր մասնագիտություններ ստանան և լիարժեք կյանքով ապրեն:

Պատերազմը մեզ առերեսեց իրականության հետ՝ առ այն, որ հաղթելու համար մենք շատ ավելի մեծ ջանք և գիտելիք պետք է ունենանք: Մենք պետք է բազմապատկենք զարգացման տեմպերը, որոնք մենք փորձել ենք ունենալ նախորդ տարիների ընթացքում: Սա է հաղթելու ճանապարհը և հնարավորությունը:

Տնտեսությունը հաջորդ կարևոր հանգամանքն ու ուղղությունն է, որը պետք է ապահովի մեր հաջողությունը: Աշխատող, արարող մարդուց, ձեռներեցից և գործարարից է առաջին հերթին կախված մեր հաջողության ապահովումը:

Մենք չենք կարող հաջողություն ունենալ առանց որակյալ կրթության: Իսկ որակյալ կրթության համար պետք է մեծ ջանք թափել: Դրա մասնակիցը պետք է լինեն բոլորը՝ ուսուցիչը, աշակերտը, ծնողը:

Տավուշցին նաև սահման է պահում՝ որպես զինվորական, աշխարհազոր կամ ընդամենը սահմանի վրա ապրող մարդ, որով երաշխավորում է մեր սահմանի անվտանգությունը: Մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղված լինի մեր սահմանների անվտանգության, մեր երկրի հզորության ապահովմանը: Մենք չենք կարող ապավինել խաղաղությանը, այլ պետք է ապավինենք մեր ուժին, մեր մտքին, մեր աշխատանքին:

Սիրելի հայրենակիցներ, մեր հաջողությամբ է պայմանավորված մեր հայրենիքի ապագան: Թող նոր տարում մենք բավարար ուժ ու կամք ունենանք դա իրականացնելու համար:

Առողջություն և խաղաղություն բոլորիդ ընտանիքներին և մեր հայրենիքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031