Լրահոս
Օրվա լրահոսը

Հայությունը մեր ժամանակի Նժդեհի կարիքն ունի․ Խոսրով Հարությունյան

Հունվար 03,2021 17:04

Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ ու ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայությունը մեր ժամանակի Նժդեհի կարիքն ունի:
Նայեք քարտեզին և իսկույն կհասկանաք, թե Հայաստանի անվտանգության ինչպիսի սպառնալիքներ են առաջանում Սյունիքի մարզի Քարահունջ, Որոտան և Շուռնուխ գյուղերում, վարչապետի խոսքով, տեղանշման արդյունքում ադրբեջանական զինված ուժերի սահմանային կետերի հայտնվելու պարագայում:

Պետք է կույր լինել, որպեսզի չնկատել, որ դրանով ադրբեջանական ուժերի անմիջական հսկողության տակ է հայտնվում Գորիս -Կապան ստրատեգիական կարևորության ճանապարհը: Համենայնդեպս ազերիները ստանում են այդ կոմունիկացիոն հանգույցի բնականոն գործունեության վրա ազդելու լուրջ հնարավորություններ:

Այլ կերպ ասած, զիջելով ադրբեջանական կողմին նշված համայնքներում ռազմական հենակետեր հիմնելու իրավունքը, Հայաստանը ինքնակամ սպառնալիքի տակ է դնում Կապան- Գորիս միակ վերգետյա կոմունիկացիայի անվտանգությունը, դրանով իսկ նպաստելով Կապանի, հետևաբար և Սյունիքի մեկուսացմանը Հայաստանից: Ընդ որում ռուսական կամ հայկական ուժերի ներկայությունը գործնականում որևէ չափով չի նվազեցնում ազերիների ռազմական ազդեցությունը այդ ճանապարհի նշված հատվածի նկատմամբ:

Մի՞թե այդ կերպ Հայաստանը նպաստավոր աշխարհաքաղաքական նախադրյալներ չի ստեղծում Սյունիքի նվաճմամբ աշխարհագրորեն անընդհատ թուրքական աշխարհ ձևավորելու պանթուրքական ծրագրերի իրականացման համար:

Մի՞թե Հայաստանի այսօրվա իշխանությունների կողմից Ադրբեջանին սահմանային զիջումների այս քաղաքականությունը չի հանգեցնի շոշափելի ապագայում Հայաստանը Երևանյան գուբեռնիայի վերածելու, ուստի և հայոց պետականությանն ուղղված նոր և անշրջելի սպառնալիքների ձևավորմանը (եթե այս պնդումը կարող է այսօր չափազանցված թվալ, այդուհանդերձ ռեալ քաղաքական հաշվակներում նման զարգացումները չի կարելի ամտեսել):

Արդյո՞ք օրվա իշխանության այդ առաքելությամբ է պայմանավորված, այսքան հայհոյանքների արժանանալու պարագայում անգամ, իշխանությունը ամեն գնով պահելու Փաշինյանի վարքագիծը:
Եվ այս ամենի արդյունքում հարյուր տարի անց պատմությունը նորից մեզ ձեռնոց է նետել, և մենք դարձյալ կանգնած ենք թե՛ Լեռնահայաստանը, և թե՛ ողջ Հայաստանը օտարի ոտնձգություններից պաշտպանելու պատմական անխուսափելիության առջև:

Կարծես թե իրողություն է այն, որ հայությունը մեր ժամանակի Նժդեհի կարիքն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031