Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Զույգ եղբայրները պարգեւատրվել են Արիության մեդալով, հետո մեկի անունը գրել են զոհվածների ցուցակում. «Մեկին տվել են, հողին հանձնել եմ, խիղճս հանգիստ է»

Հունվար 05,2021 14:04 Share
Աջակցեք aravot.am-ին

Անհետ կորած զինվորների ծնողներն այսօր կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ցույց են անում՝ պահանջելով վերադարձնել իրենց զավակներին կա՛մ ողջ-առողջ, կա՛մ գոնե դին տան:

Արմեն Հայրապետյանը Ֆիզուլիում ծառայած Ջիվան Միքայելյանի մորեղբայրն է: Նա պատմեց. «Քրոջս երկու որդիները՝ զույգ եղբայրներ, ծառայում էին Արցախում: Նրանցից մեկը հոկտեմբերի 14-ին վիրավորվեց, բերեցին այստեղ՝ հոսպիտալ, մյուսն անհետ կորած էր համարվում: Հետո իր անունը եկավ մահացածների ցուցակում, բայց դա հաստատված չի համարվում, որովհետեւ դին չենք գտնում: Քանի որ տղաները երկկողմանի ծնողազուրկ են, ԴՆԹ անալիզ էր պետք հանձնել, մյուս եղբայրը հանձնել է, արդեն մոտ 2 ամիս է՝ այդ անալիզի պատասխանին ենք սպասում: Բարեկամները՝ պապիկը, պապիկի եղբայրը, երեւի Հայաստանում դիահերձարան չկա, որ գնացած չլինեն:

Գորիսից մինչեւ Երեւան՝ ամեն մեկը մի քանի անգամ գնացել են, այդ ահասարսուռ տեսարանները տեսել են, երեխային չեն գտել: Վերջինն էլ երեկ էր` Հերացու վրա, գնացինք: Նոր տվյալներ կան, տղաներ են գտել՝ զինվորներ, որոնք ասում են, որ տեսել են մեր տղային՝ ընկած վիճակում, քարշ տալով բերել են ինչ-որ տեղ են հասցրել, որից հետո տեղեկություն չունեն: Այդ տեղեկությունները համադրելով՝ փորձում ենք ինչ-որ լուր ստանալ: Ասում են՝ աշխատանքային օր չի: Բայց ոչ աշխատանքային օր գոյություն չունի հիմա, ամեն րոպե, ամեն ժամ սպասում ենք երեխային, կա՛մ վերադարձին, կա՛մ եթե զոհվել է, գոնե մարմինը վերցնենք, հուղարկավորենք: Գլխավոր խնդիրը, որ ծագում է մեզ մոտ, այսպիսին է՝ ԴՆԹ անալիզի սարքը, ասում են, որ Հայաստանում մի հատ է: Հարց է ծագում՝ ինչո՞ւ է մի հատ, ինչո՞ւ նոյեմբերի 9-ից հետո չեն ձեռք բերել այդ սարքից մի քանի հոտ, գումար չկա՞: Եթե սարքը կա, ինչո՞ւ այդ հարցն ավելի արագ չի լուծվում, չի հասկացվում՝ թե ո՛ր երեխան է: Արդեն երկու ամիս է՝ անալիզի պատասխանի ենք սպասում: Նոյեմբերի 4-ից անալիզ են տվել»:

Ջիվանի պապիկն ասաց, որ այդ երեխաներին իրենք են պահել, մեծացրել ու ուղարկել բանակ՝ ծառայելու: 2 ամիս հետո այդ դեպքն է եղել. «Հոկտեմբերի 22-ին էլ տղաս է զոհվել՝ 33 տարեկան, 3 երեխաների հայր: Պայմանագրային զինծառայող: 2 ծնողազուրկ պահում էի, հիմա 3 ծնողազուրկ էլ ավելացավ իմ գլխին: Հիմա կառավարությանն ասում եմ՝ պարտք եք ինձ, գոնե իմ երեխու դիակը բերեն տան ինձ: Մեկին տվել են, հողին հանձնել եմ, խիղճս հանգիստ է, հիմա այս մեկին արդեն 80 օրից ավելի է՝ մեր համար ոչ գիշեր կա, ոչ ցերեկ կա: Չգիտենք ինչ անենք»:

Այս ընտանիքը լուրջ կորուստներ է ունեցել նաեւ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ. «Կնոջս եղբայրն էլ այդ պատերազմից հետո անհետ կորած է՝ մինչեւ առ այսօր: Այն ժամանակ ապարատ չկար, անալիզ չկար, պայմանները այն չէին: Հիմա այդ ամեն ինչը կա: Միակ պահանջս այս կառավարությունից՝ ինչքան շուտ՝ այնքան լավ, այդ հարցերը լուծեն: Ես չեմ եկել ցույց անեմ, վատաբանեմ մեկին, բայց պետք է առաջին հերթին զոհվածների, անհետ կորածների, վիրավորների հարցերը լուծեն, նոր հետո մնացած հարցերը: Թող մեր դարդուցավը մեղմացնեն: Մարդիկ իրենց մի քիչ միայնակ չզգան, հետո ինչ ուզում են՝ թող անեն»:

Պապիկն ասաց, որ վերջին անգամ իրենց թոռան հետ խոսել են հոկտեմբերի 13-ին. «Հոկտեմբերի 18-ին երկու եղբայրներին պարգեւատրվել են Արիության մեդալով, հեռուստացույցով ասեցին երկուսի անուն-ազգանունները, պարգեւատրեցին: Եթե մեկն այդ ժամանակ զոհված լիներ՝ կասեին՝ մեկին հետմահու, բայց դա էլ չեն ասել: Հոկտեմբերի 27-ին, թե 28-ին, անհետ կորած այս թոռանս անունը տվել են զոհվածների ցուցակի մեջ: Եթե գրել են ցուցակի մեջ, այսինքն՝ ինչ-որ փաստ ունեցել են: Բայց պետք է դին տան, եթե զոհված է: Ես այս պետությանը ոչ մի բան պարտք չեմ, բայց պետությունն ինձ պարտք է՝ ախպորս թոռը վիրավոր, տղաս՝ զոհված, իմ երկու թոռը… թող պետությունն իր պարտքը բերի տա՝ իմ երեխուն բերի տա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: