Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Խաղաղ գործընթացն անհրաժեշտ է՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու նպատակով. Աննա Նաղդալյան

Հունվար 15,2021 21:21

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցին

Հարց. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական կողմը մշտապես աջակցել է հայ և ադրբեջանական հասարակությունների միջև հումանիտար շփումների իրականացմանը: Արդյոք կա՞ն նախադրյալներ նման ծրագրերի համար:

Պատասխան. Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Հայկական կողմը մշտապես կողմ է հանդես եկել տարածաշրջանում հասարակությունների միջև հումանիտար շփումներին, որոնք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության վրա՝ նպատակ ունենալով ձևավորելու վստահություն կողմերի միջև: Անշուշտ, այդպիսի ծրագրերին պետք է նախորդեն համապատասխան նախադրյալներ:

Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարության կողմից թմբկահարվող հայտարարությունները ցույց են տալիս, որ դեռևս Ադրբեջանը պատրաստ չէ դրան: Ավելին, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին վերադարձի հարցում խոչընդոտների հարուցումը, հայերի էթնիկ զտումը փառաբանող նամականիշի թողարկումը, ինչպես նաև նախագահ Ալիևի կողմից շարունակաբար հնչեցվող սպառնալիքները գալիս են փաստելու, որ Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին:

Հատկապես դատապարտելի են Ադրբեջանի նախագահի՝ Շուշի քաղաքում հնչեցված սադրիչ հայտարարությունները, ինչպես նաև պատերազմի ընթացքում թիրախավորված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Ադրբեջանի «ռազմական ավար և հաղթանակի խորհրդանիշ» ներկայացնելու փորձերը:

Այս իրողություններն վկայում են, որ հակամարտությունը դեռևս հեռու է լուծված լինելուց, և խաղաղ գործընթացն անհրաժեշտ է՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու նպատակով:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031