Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք արդեն պարտքային ճգնաժամի փուլ ենք մտնում. 2018 թ. մայիսից մինչև 2020 թ. ավարտը պետական պարտքը 4-5 անգամ ավելի արագ է աճ գրանցել, քան ՀՆԱ-ն. Թադեւոս Ավետիսյան. «Փաստ»

Փետրվար 02,2021 10:06

Մեր ներքին և արտաքին պետական պարտքն աննախադեպ աճ է գրանցել: Մասնավորապես, 2018թ. մայիսից հետո մինչև 2020թ. ավարտը մենք ունեցել ենք պետական պարտքի աճ. պետական պարտքն արդեն իսկ մոտ 7 միլիարդ 950 մլն դոլար է, որից միայն 6 միլիարդն արտաքին պարտքն է: Անդրադառնալով պետական պարտքի առկա շեմին՝ «Փաստի» հետ զրույցում ընդգծեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը: «Համեմատության համար ասեմ, որ պետական պարտքն իշխանափոխությունից հետո դրամային արտահայտությամբ աճել է 22 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 16 տոկոսով: Սա լուրջ աճ է. 2020 թ.-ի ավարտին պետական պարտքը կազմել էր ՀՆԱ-ի մոտ 68-70 տոկոսը: Արդեն 2021թ. հունվարին պետական պարտքի աճի միտումը կրկին շարունակվեց: Արդեն հստակ տեղեկություն կա, որ հունվարին տեղաբաշխել են 750 մլն ԱՄՆ դոլարի եվրոբոնդեր:

Այս եվրոբոնդերի թողարկումը բարձրացրել ու արդեն մոտ 8,5-8,7 միլիարդ դոլարի է հասցրել պետական պարտքը (ՀՆԱ-ի մոտ 75 տոկոսը): Իսկ միայն արտաքին պարտքը արդեն ՀՆԱ-ի մոտ 60 տոկոսին է մոտենում, այսինքն, այն շեմին, որը խիստ ռիսկային է համարվում: Կարճ ասած՝ մենք արդեն պարտքային ճգնաժամի փուլ ենք մտնում: Կարևոր է նաև արձանագրել, որ 2018 թ. մայիսից մինչև 2020 թ. ավարտը պետական պարտքը 4-5 անգամ ավելի արագ է աճ գրանցել, քան ՀՆԱ-ն: Սա լուրջ մտահոգություն է: Մեծ հաշվով, այսօրվա կառավարությունն իր համատարած ձախողումները, անգործությունն ու ապաշնորհությունը փորձում է ծածկել պետական պարտքով: Ի դեպ, պարտքն էլ փուչիկ չէ, որ անընդհատ փչվի, մի օր այն պայթելու է՝ իր բոլոր հետևանքներով, և հայտնվելու ենք ավելի վատ վիճակում, քան այսօր»,-նշեց զրուցակիցը՝ շեշտելով, որ նշված խնդիրն ակնհայտ է նաև 2021թ. պետական բյուջեով, որով ևս մոտ 700-800 մլն դոլարի պետական պարտքի աճ է նախատեսվում:

«Հասկանալով՝ հստակ քայլերով կառավարությունը երկիրը պարտքային ճգնաժամի է տանում: Որպեսզի կարողանան առաջնային սոցիալական ծախսերը կատարել՝ զարկ են տալիս պետական պարտքին»,-ասաց նա՝ շեշտելով, որ սոցիալական ծախսերի մեջ կենսաթոշակներն են, աղքատության նպաստները, ինչպես նաև պետական ծառայողների վարձատրությունը:

«Սա ապաշնորհ կառավարման դասական կամ ցայտուն դրսևորում է: Պետք է փաստենք նաև, որ նախորդ՝ առնվազն տասնամյակում պետական պարտքի աճի և մակրոցուցանիշների նման մտահոգիչ հարաբերակցություն մենք չենք ունեցել: Այս իրավիճակից բխող հիմնական վտանգներն արդեն իսկ կան և տեսանելի են: Մենք ֆինանսական անկայունություն ունենք: Կա նաև երկրի վարկունակության վարկանիշի անկում: Բացի այդ, ցուցանիշները ևս վկայում են, որ մենք արդեն մտնում ենք պարտքային ճգնաժամի մեջ: Դրա ամենամեծ հետևանքներից մեկը լինելու է այն, որ հետագայում պետական պարտքի ներգրավման դժվարություններ ենք ունենալու: Այսինքն, երբ պետական պարտքի սպասարկումը ռիսկային է դառնում, ավելի բարձր տոկոսներով ու ավելի քիչ աղբյուրներից ես կարողանում պետական պարտք ներգրավել»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728