Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ապագայի հարցը լավագույն միջոցը չէ հայաստանյան ներքաղաքական կյանքում սեփական նիշան գտնելու համար». Արման Բոշյանը՝ Սերժ Սարգսյանին. «Հայկական ժամանակ»

Փետրվար 17,2021 09:00

Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում 2018-ին իր իշխանության շրջանում սկսված թավշյա հեղափոխությունն անվանել է «հակաղարաբաղյան շարժում»:

Անդրադառնալով վերջին բնորոշմանը՝ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արման Բոշյանն ասաց. «Ես չեմ պատկերացնում, թե «հակաղարաբաղյան շարժում» ասելով ինչ է հասկանում Սերժ Սարգսյանը, Հայաստանում ինչպե՞ս կարող է լինել Ղարաբաղի դեմ շարժում, ո՞նց կարող է հայ ժողովուրդը Ղարաբաղի դեմ շարժում կազմակերպել: Դա ոչ մի տրամաբանության չի կարող ենթարկվել, դա նշանակում է, որ Հայաստանի նախկին ղեկավարը չի հասկանում իր ժողովրդի հոգեկերտվածքը, իր ժողովրդի ձգտումները»:

Ըստ Բոշյանի՝ հեղափոխությունը դա ժողովրդական շարժում էր, դա հայ ժողովրդի կամքի արտահայտումն էր ապրելու ազատ, անկախ եւ ժողովրդավարական Հայաստանում: «Եվ Սարգսյանը ոչ թե իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին, այլ ՀՀ քաղաքացին նրանից հետ է վերցրել ՀՀ իշխանությունը, իշխանություն ձեւավորելու իր լեգիտիմ իրավունքը: Ես դրանք մանիպուլյատիվ թեզեր եմ համարում, որովհետեւ հեղափոխության օրերին չի շոշափվել եւ հանրության կողմից չի ձեւակերպվել այլ հարց, քան ՀՀ ժողովրդավարական ընթացքը»,- հավելեց պատգամավորը:

Նրա համոզմամբ՝ ինչպես տարբեր այլ քաղաքական գործիչներ, այնպես էլ Սերժ Սարգսյանը առկա զգայուն իրավիճակը օգտագործում են, հնարավորություն են փնտրում քաղաքականություն մտնելու համար:

«Բայց իմ կարծիքով Արցախի ապագայի հարցը լավագույն միջոցը չէ հայաստանյան ներքաղաքական կյանքում սեփական նիշան գտնելու համար: Պարոն Սարգսյանի քաղաքական բախտը որոշել է հայ ժողովուրդը եւ ապագայում եւս, կարծում եմ, մեր ժողովուրդը բոլոր քաղաքական պրոցեսները կդնի իր տրամաբանական ուղու մեջ: Հեղափոխության տրամաբանությունն էլ հենց այն էր, որ ՀՀ քաղաքացին հնարավորություն ունենա ձեւավորել հայաստանյան քաղաքական դաշտը»,- ընդգծեց նա:

Արման Բոշյանը չժխտեց, որ Սարգսյանն իր տասնյակ տարիների իշխանությունն էլ պահել է Ղարաբաղի հարցը շահարկելով: Նա, սակայն, համոզմունք հայտնեց, որ այդ պրակտիկան այլեւս չի կարող գոյություն ունենալ:

«Իմ համոզմունքն այն է, որ մեր ժողովուրդը ամեն ինչ շատ լավ հասկանում է, շատ լավ պատկերացնում է, կարող է ցանկացած քաղաքական գործչի, ցանկացած քաղաքական թիմի բնութագիրը տալ, ասել, թե որոնք են այն մոտիվները, որոնցով առաջնորդվում են քաղաքական շրջանակները: Մեր ժողովուրդը միշտ էլ հասկացել է, որ խոսվում է մի բան, իսկ կուլիսներում տեղի են ունենում այլ պրոցեսներ: Այնպես որ այս մանիպուլյացիաները, չունենալով արմատներ հանրության մոտ, որեւէ արդյունք չեն տա, որովհետեւ հետհեղափոխական Հայաստանում պրոցեսները շատ թափանցիկ են եւ այդ թափանցիկ միջավայրում շատ դժվար է մանիպուլյատիվ թեզերը անցկացնել»,- եզրափակեց նա:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728