Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև ե՞րբ սպասենք․ լացուկոծի մեջ ենք, հալումաշ ենք եղել»․ գերիների ծնողները հստակ պատասխան են պահանջում

Մարտ 03,2021 19:25 Share

Այսօր Շիրակի մարզպետարանի մուտքի մոտ խաղաղ ցույց էին անցկացնում Շիրակի մարզից գերեվարված 54 կամավորականների հարազատները։

Նրանք հենց վաղը հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ուզում են հստակ պատասխան իմանալ՝ երբ պիտի հայրենադարձվեն տղաները։

Նրանք միաժամանակ շեշտում են, որ չկան քաղաքականության մեջ, իրենց միայն հետաքրքրում է տղաների արագ վերադարձը։

«Մենք ուզում ենք հստակ ժամանակ ասեն՝ ե՞րբ պտի գան մեր էրեխեքը, ո՞վ պիտի բերի, ի՞նչ պիտի լինի։ Մենք մինչև օրս չունենք հստակ պատասխան։ Մենակ էդ ենք իմացել՝ համբերեք, սպասեք, լավ կլինի, կբերենք։ Մենք ոչ կուսակցական ենք, ոչ էս կողմից ենք, ոչ էն կողմից ենք , մեզ պետք է մեր էրեխեքի հարցի լուծումը։ Ո՞վ պիտի մեր հարցին լուծում տա», -ասաց գերիներից մեկի մայրը։

Նա նշեց՝ եթե չկա այն անձը, որը պիտի լուծում տա իրենց հարցին, թող հենց վաղը հանդիպում նշանակեն պարոն վարչապետի հետ։

Նրանք նշում են, որ թեև մի անգամ հանդիպում ունեցել են վարչապետ Փաշինյանի հետ, սակայն հստակ պատասխան չի տրվել։

«Մենք նորից հանդիպում ենք ուզում, խոսքը վաղվա մասին է, մեզ հստակ պատասխան է պետք մեր երեխաների ճակատագրի, վերադարձի մասին, էսօր, էգուց, էսօր, էգուց, էլ հնարավոր չէ սպասել։ Ոչ մեկը մեզ հստակ պատասխան չի տալիս, մենք անելանելի վիճակում ենք՝ մոլորված, չգիտենք՝ ում դիմենք։ Ինչքան սպասենք, խնդրում ու պահանջում ենք՝ վերադարձնել մեր էրեխեքին»։

Մայրերից մեկն էլ արտասվելով ասաց, որ չի կարելի այս հարցն այսքան չլչլել, ծնողները չեն դիմանում։

«Մարտի 8 է, գոնե էրեխեքին բերեք, տվեք, ծնողներն ուրախանան։ էլ ուրիշ բան չենք ասում», -ասում էր նա։

Ծնողները նաև նեղվեցին, որ ամեն ամսի վերջ պատասխանում են, թե մինչև մյուս ամսվա վերջ կհայրենադարձեն զավակներին։

«12 ամիս կա, մենք կարո՞ղ է տարիներով սպասենք ամեն ամսվա վերջին։ Մենք էստեղ ենք սպասում, բայց էդ տղաների վիճակը պատկերացրեք, ինչքա՞ն սպասենք, ինչքա՞ն, քանի՞ ամիս սպասենք, էլ ի վիճակի չենք»։

Գերիներից մեկի հայրն էլ ասաց, թե ինչքան երկարի այս հարցի լուծում, այնքան տղաների վիճակը կվատանա։

«Մենք խնդրած կլինենք, որ մեր ղեկավարությունն արագորեն երեխաներին վերադարձնի, մենք ծնող ենք, մենք հալումաշ ենք եղել, սաղ օրը լացով-կոծով չենք հեռանում այստեղից, մինչև ե՞րբ։ Մենք ուզում ենք, որ մեր երեխաները ողջ առողջ վերադառնան, ինչ ձևի ուղարկել ենք, այնպես էլ ընդունենք։

Մենք էսօրվա օրը դարձել ենք հոգեկան հիվանդ, մենք որևէ կուսակցության հետ գործ չունենք, քաղաքականության մեջ չկանք, մեզ մեր էրեխեքն են պետք»,- ասաց գերեվարվածներից մեկի հայրը։

Նրանք նաև նեղվեցին, որ երկու օր առաջ հանդիպում են պահանջել ՀՀ նախագահի ու Արցախի նախագահի հետ, սակայն ոչ մի արձագանք չկա։

«Մենք կմնանք այստեղ այնքան, մինչև կգա այն անձնավորությունը, որը մեր հարցին վերջնական լուծում կտա։Մենք գնալու տեղ չունենք, գլուխներս ո՞ւր առնենք, գնանք։

Մեռած ու թաղված ենք արդեն, սթրեսի մեջ ենք, խնդրած կլինենք՝ արագորեն վերադարձրեք մեր էրեխեքին, եթե ոչ, ուրիշ քայլի կդիմենք»,-նախազգուշացրեցին նրանք։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031