Լրահոս
Օրվա լրահոսը

Մենուա Հովսեփյան. «Այս պահի դրությամբ պրոցեսները կառավարելի չեն եւ ինքնահոս վիճակում են, եւ մեր թշնամի թուրքը ինչ ուզում, երբ ուզում, ոնց ուզում՝ անում է»

Մարտ 05,2021 22:07

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո Սյունիքում ստեղծվել է բարդ իրավիճակ թե՛ անվտանգության, թե՛ մարզի բնակավայրերի միջև հաղորդակցության առումով:

Պատերազմից առաջ խորը թիկունքում գտնվող բնակավայրերը վերածվել են առաջնագծի: Կապան քաղաքը գտնվում է հակառակորդի դիրքերի տեսանելիության դաշտում: Որոտան և Շուռնուխ գյուղերի մի մասը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ:

Բարդացել են նաև մարզի ներքին լոգիստիկ խնդիրները: Գորիս-Կապան տանող ճանապարհի մի շարք հատվածներ կամ անցնում են սահմանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, կամ հայտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում: Տարածքների կորուստը նաև խնդիրներ է ստեղծում մարզում բիզնես գործունեության, հատկապես գյուղատնտեսության համար:

Սյունիքում ստեղծված բարդ խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ կառավարության քայլերի արդյունավետությունը «Սյունիքը պատերազմից հետո. անվտանգության եվ հաղորդակցության խնդիրները» թեմայով ուղիղ տեսակապով քննարկման ժամանակ Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանը խոսեց իրենց համայնքի առջեւ ծառացած խնդիրների մասին: Նշելով, որ թեեւ Մեղրիում չարաբաստիկ GPS-ով սահմանազատումներ չեն կատարվել, սակայն ժողովրդի մեջ պատերազմի հետեւանքների հետ կապված անհանգստություն, բնականաբար, կա եւ դա ակներեւ է հատկապես ճանապարհների խնդրով:

«Վերջերս անհանգստության նոր ալիք է բարձրացել՝ կապված այն ճանապարհի տրամադրման նրբությունների հետ, որը Մեղրիով է անցնելու: Համաձայն նոյեմբերի 10-ին կնքված կապիտուլյացիոն հայտարարության, նախատեսվում էր տրամադրել ճանապարհ Ադրբեջանի Զանգելանի շրջանը եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը իրար հետ կապելու համար: Այնուհետեւ, եթե չեմ սխալվում, մեկ այլ որոշման համաձայն խոսվում էր ճանապարհների բացման եւ կոմունիկացիոն ուղիների ապաշրջափակման մասին, ինչը ենթադրում է առհասարակ, պետություն մուտք գործելու եւ դուրս գալու տրամաբանության մեջ ճանապարհ տրամադրելուն: Սակայն իրավիճակը չի վերահսկվում եւ իրենից չի ենթադրելու տրանզիտ հաղորդակցման որեւէ ատրիբուտ: Այսինքն, հսկողությունը լինելու է միայն ռուսական սահմանապահ զորքերի կողմից, իսկ հայկական ոչ մի սահմանային, մաքսային եւ սննդի վերահսկողության մարմին չի վերահսկելու Հայաստանի Հանրապետությունում տեղաշարժը: Այսինքն, տրանզիտ գաղափարը չի աշխատում: Սա լուրջ մտավախություն է»,-ահազանգեց Արմեն Սամվելյանը:

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը տեղեկացրեց, որ իրավիճակը հեռու է կայուն լինելուց: «Անընդհատ ինչ-որ զարգացումներ են տեղի ունենում եւ իրավիճակը մեր համար օր-օրի ավելի է վատանում: Գնահատականները պետք է տալ ավելի խիստ, ավելի խիստ ու պարզ պետք է մատուցենք, որպեսզի հայ ժողովուրդը ավելի լավ ընկալի իրականությունը, թե ինչ է կատարվում այստեղ: Խրամատների հետ կապված հայտարարությունը առաջինն արել եմ ես: Ի սկզբանե այդ չարաբաստիկ կապիտուլյացիոն պայմանագրից հետո, երբ մենք խոսում էինք ռուսական կողմի եւ մեր սահմանապահների հետ, լսում էինք հստակ պատասխան, որ խրամատավորվելու խնդիր առհասարակ չկա, քանի որ տարածքները հսկվելու են սահմանապահ զորքերի կողմից: Բայց արի ու տես, որ թշնամին սկսել է խրամատավորվել շփման գծի երկայնքով: Առաջին խրամատները սկսել է փորել Որոտան գյուղի հենց շրջակայքում, ինչը հաստատ լավ բան չի նշանակում: Եթե մենք նորից սա թողնենք բարձիթողի վիճակում եւ թուրքը հասցնի մինչեւ վերջ խրամատավորվել, դա միանշանակ մեզ կբերի ավելի բարդ հետեւանքների: Ինչ վերաբերում է նրան, որ թշնամին իր պաշտպանունակությունը ավելի կզարգացնի, իրենք կամրապնդեն այն դիրքերը, որ GPS- ով են ստացել ու եկել տեղակայվել: Ի դեպ, մեր իշխանությունները, այսպես ասած, «արդուկում էին մեր գլուխը»՝ ասելով, թե դա վերջնական չի, սահմանները նորից պետք է դելիմիտացիա արվեն, նորից ճշգրտվեն: Բայց խրամատավորվելը ինչ-որ իքս տարածքում նշանակում է, որ վաղը ոչ ոք չի կարողանալու իրենց ասել, թե այստեղ չպետք է կանգնեք, պետք է է, ասենք,  երեք կիլոմետր նահանջեք:

Ամենակարեւոր խնդիրներից մեկն էլ այն է, որ եթե թշնամին մինչեւ վերջ չտեղակայվի- խրամատավորվի հետագայում նա մեզ թույլ տալո՞ւ է, որ մենք էլ դիրքավորվենք, խրամատավորվենք, թե՞ ոչ: Անվտանգության հարց է եւ առաջին խրամատը փորվել է հենց Գորիս-Որոտան ճանապարհի հատվածում: Այն ճանապարհի, որը անցել է, այսպես ասած, թուրքի տիրապետության տակ:

Խնդիրների երկրորդ մասն այն է, որ մի քանի օր առաջ Իլհամ Ալիեւը բավականին երկար մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում հայտարարեց, որ պատմական Ադրբեջանին պատկանող Զանգեզուրով անցնող ճանապարհը, միջանցքը շուտով կաշխատի եւ Թուրքիան ու Ադրբեջանը միմյանց հետ կկապվեն: Ես չեմ հասկանում, մեր երկրում չկա՞ն իշխանավորներ, որոնք ռիսկ կանեն այս հարցադրումներին պատասխան տալ: Ե՞րբ ենք մենք վերջապես պատասխանելու: Ի՞նչ է նշանակում՝ թշնամի երկրի ղեկավարը հայտարարում է Ադրբեջանին պատկանող Զանգեզուրի մասին, իսկ մենք ոչինչ չենք խոսում: Այսինքն, ստացվում է , որ մենք ընդունում ե՞նք իր ասածը: Մենք հաստատ մերժում ենք դա եւ չի կարող նման բան լինել: Այդ հայտարարությունը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Ես կոչ եմ անում բոլորին ավելի լուրջ վերաբերվել թշնամի երկրի ղեկավարի խոսքերին: Եվ վերջապես պետք է գտնել մի տղամարդ, որը կարող է պատասխան տալ:

Սյունիքում կապված տեղի ունեցող գործընթացների հետ իրավիճակը օրեցօր ավելի ու ավելի է բարդանում: Պրոցեսները միշտ պետք է լինեն հսկողության տակ եւ կառավարելի լինեն: Այս պահի դրությամբ պրոցեսները կառավարելի չեն եւ ինքնահոս վիճակում են, եւ մեր թշնամի թուրքը ինչ ուզում, երբ ուզում, ոնց ուզում անում է»,-ասում է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031