Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրերս ադրբեջանցիները բողոք են ներկայացրել Չեխիայի ոստիկանությանը, որ իբր «Օրեր» ամսագիրը կապված է հայ ահաբեկիչների հետ». Հակոբ Ասատրյանը՝ ադրբեջանցիների հարձակումների մասին

Մարտ 15,2021 23:03

«Ադրբեջանցիներն արդեն սկսել են բավականին լայնածավալ հարձակում մեզ վրա, էլ չեմ ասում, որ դա սկսել է դեռ երկու տարի առաջ՝ կայքէջի նկատմամբ»,-Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի տարածաշրջանային 5-րդ առցանց ժողովի ընթացքում այսպիսի մտահոգություն հայտնեց «Օրեր» համաեվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:

Նա ասաց, որ օրերս ադրբեջանցիները բողոք են ներկայացրել Չեխիայի ահաբեկչության դեմ պայքարի ոստիկանությանը, որ  իբր «Օրեր» եվրոպական ամսագիրը կապված է հայ ահաբեկիչների հետ և զետեղում է հայ ազատագրության գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի հայտարարությունները և Եվրոպայում իրենց խոսափողն է: Այնուհետև շարունակեց. «Ադրբեջանցիները սրանից առաջ էլ հայ եկեղեցու դեմ էին  նման բան ուղարկել, թե իբր գումար ենք հավաքում և ուղարկում ահաբեկիչներին, որոնք Արցախում Ադրբեջանի դեմ են պայքարում: Զուգահեռ նաև քաղաքական ասպարեզում՝ խորհրդարանում տարածում են իրենց բնորոշմամբ՝ «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված գրքույկներ, որ  խորհրդարանը նորից անդրադառնա: Այսինքն՝ իրենք բոլոր ճակատներով աշխատում են, չեն հանգստացել այս պատերազմից հետո»:

Հակոբ Ասատրյանը վստահեցրեց՝ իրենք բոլոր ճակատներով շարունակում են պայքարը մեր դեմ ու ասաց՝ ներհայաստանյան ընդհանուր քաղաքական իրավիճակը շատ է ազդում դրսում գտնվողների վրա. մի տեսակ ապատիայի մեջ են բոլորը: Այս առիթով ասաց. «Չգիտենք՝ ինչպես պայքարել, մի տեսակ միայնակ ենք զգում մեզ այս պայքարում: Չեխերն էլ են հասկանում, որ մենք նման բաների հետ կապ չունենք: Բայց սա Բաքվից եկած հրահանգ է եվրոպական բոլոր դեսպանատներին, որ իրենք անանուն նման նամակներ ուղարկեն, որ տեղի իշխանությունների կողմից սահմանափակումներ կիրառվեն»:

Հակոբ Ասատրյանը պատմեց՝ չեխական ոստիկանությանը հարցրել է՝ կա՞ թեմա, որը չեխական օրենքներով արգելված է, որ իրավունք չունեն հրապարակելու, բայց իրեն ոստիկանությունից պատասխանել են՝ ոչ. ժողովրդավար երկիր ենք ու վստահեցրել՝ իրենց այդ հրապարակման համար չեն մեղադրում:

Հակոբ Ասատրյանը կրկին անդրադառնալով վերջին միջադեպին՝ մանրամասնեց. «ԱՍԱԼԱ-ի այն հայտարարությունը, որը դրել էինք՝ որպես մամուլի հաղորդագրություն մեր կայքէջում, ամբողջովին նվիրված էր ՀՀ ներքաղաքական կյանքին: Սակայն իրենք այս հայերեն հայտարարությունը թարգմանում են իրենց լեզուներով, կարդում են՝ ինչ է գրված, ասում՝ մի տող կա, որում ԱՍԱԼԱ-ն ասում է, թե իրենք իրենց ռազմավարությունը պիտի փոխեն: Մինչդեռ այդ տողում նշված է, որ իրենց ռազմավարությունը փոխելու են Հայաստանի նկատմամբ. թուրքերն ու ադրբեջանցիներն ինչո՞ւ են իրենց վրա վերցնում»:

«Օրեր»-ի գլխավոր խմբագիրը ահազանգեց՝ մենք հիմա լրիվ ուրիշ մարտահրավերների առաջ ենք կանգնած ու նշեց. «Բացի այն, որ այստեղ աշխատում ենք զոհվածների ընտանիքներին օգնելով, վիրավորներին օգնելով, նաև մեկ ճակատ է մեզ համար բացվել, որի դեմ միայնակ անհնար է պայքարել: Անհնար է միայնակ պայքարել իրենց պետական համակարգի դեմ: Զգացվում է՝ Բաքվից մեծ աջակցություն ունեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031