Այս օրերին Չեխիայում գտնվող մեր հայրենակիցներից մեկն Aravot.am-ին ահազանգել էր, որ հուլիսի 29-ին Պրահայի կենտրոնում՝ Աստղադիտական ժամացույցի հարակից տարածքի հրապարակում, ականատես է եղել մի խայտառակ քարոզչական ցուցադրության եւ ադրբեջանցիների՝ թուրքերենով, անգլերենով եւ ռուսերենով հակահայկական ելույթներին։ Նրանք ցուցադրել են 20-րդ դարասկզբի Արցախի եւ Երեւանի լուսանկարները՝ դրանք ներկայացնելով որպես ադրբեջանական ժառանգություն։ Մեր հայրենակիցը անգամ բանավեճի է բռնվել նրանց հետ։
Խնդրի վերաբերյալ տեղեկությունների համար կապվեցինք նաեւ Չեխիայում ապրող «Օրեր» համաեվրոպական ամսագրի համահիմնադիր եւ գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հետ, հատկապես որ «Օրերը» անդրադարձել էր կատարվածին։
Հակոբ Ասատրյանը նշեց, որ կարճատեւ ակցիա է եղել, ադրբեջանցիները լուսանկարներ են ցուցադրել, ելույթներ ունեցել եւ հեռացել։ Նրանք հայտարարել են, թե իբր հայերի նախնիները գնչուներ են, ռուսների ճնշմամբ են իրենք հայերին տեղ տվել, մի խոսքով՝ նման թեմաներով ելույթներ են ունեցել։
«Շուրջ 20 նկար են ցուցադրել, հատուկ վահանակներով բերել, տեղադրել են։ Հավանաբար քաղաքային իշխանություններին ասել են, որ Ադրբեջանի մշակութային ժառանգության թեմայով ցուցադրություն է»,- ասաց Հակոբ Ասատրյանը։
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ տարիներ շարունակ ադրբեջանցիները նույն կերպ քարոզում էին նաեւ Արցախի ադրբեջանական լինելու մասին, եւ այժմ անցել են Հայաստանին, սակայն պաշտոնական մակարդակով հայկական կողմից որեւէ արձագանք չկա։
Նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները, առնվազն ՀՀ արտգործնախարարությունը, պետք է բողոքի նոտա ուղարկի ոչ միայն «խաղաղության տենչող» Ադրբեջանին, այլ եվրոպական բոլոր այն երկրների համապատասխան կառույցներին, քաղաքային իշխանություններին, որտեղ նման հակահայկական ձեռնարկներ են անցկացվում եւ տարածքային պահանջներ ներկայացվում՝ խեղաթյուրելով պատմությունը։
Լուսանկարում՝ կեղծ տեղեկություններով ցուցադրությունը հակառակ կողմից՝ խեղաթյուրումները չտիրաժավորելու նպատակով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































