Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնալիքներ՝ իշխանության «ռեստարտին»

Մարտ 23,2021 22:00

Ընդամենը երեք ամիս հետո Հայաստանը հետպատերազմյան ճգնաժամից դուրս գալու ճանապարհին առաջին մեծ քայլն անելու շանս է ստանալու։ Անշուշտ, միամտություն է համարել, որ դրանով վերջ կդրվի ճգնաժամին, սակայն սա թեկուզ եւ ոչ բավարար, բայց խիստ անհրաժեշտ քայլ է, որը նաեւ թափ կհաղորդի հաջորդ քայլերին, ուստի խիստ կարեւոր է, որպեսզի այս քայլի հաջողությունը չվտանգվի այն սպառնալիքներով, որոնք հենց այսօր ուղղակի մակերեսին են, որոնց մասին արդեն բարձրաձայնում են։
Իսկ սպառնալիքները բազմաթիվ են, որից կարեւորագույնը թերեւս հինգն են եւ արժանի են առանձին դիտարկման։

1. Հին ընտրական համակարգ։ Հայաստանում գործող ընտրական համակարգը ստեղծվել էր նախկին կրիմինալ-օլիգարխիկ ռեժիմի կողմից որպես իբր «կոմպրոմիսային», որտեղ համամասնական-կուսակցական համակարգը զուգորդված է, այսպես կոչված՝ կուսակցական-«ռեյտինգայինի» հետ։ Այն թույլ էր տալիս, որպեսզի տեղի ունենա թե՛ գաղափարների, գաղափարախոսությունների եւ ծրագրերի պայքար, տեղ տալով տարբեր կուսակցությունների, թե՛ տեղական «հեղինակությունների» կողմից սանձազերծված՝ ռեսուրսների պայքար։ Հաշվի առնելով, թե գումարային ինչպիսի ռեսուրս էր կուտակել եւ կենտրոնացրել պետությունը զավթած կրիմինալ օլիգարխիան, ապա դժվար չէր պատկերացնել, որ արդյունքում այդ «կոմպրոմիսով» կանխորոշվելու էր մեկ հնարավոր ելք. «ընտրակաշառքն ուտելու էր մարդկանց»։

Հենց դա էլ տեղի ունեցավ 2017-ին։ Սակայն, նրանք հաշվի չէին առել, որ ընդամենը մեկ տարի անց այդ նույն՝ փողով եւ «հեղինակությունների» միջոցով «հնազանդեցված» հասարակությունը միահամուռ կերպով դուրս է գալու փողոց եւ շուռ է տալու այդքա՜ն խնամքով համակարգված խաբեությունը որպես համակարգ։ 2018-ի դեկտեմբերի ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ն նույնիսկ սեփական շանսերը զոհաբերելու գնով՝ կրծքով դեմ կանգնեց այդ «ռեյտինգային» համակարգի վերացմանը եւ անցողիկ շեմի իջեցմանը։ Իսկ այսօր արդեն պարզ է, որ այդ «ռեյտինգային» համակարգը պարզապես կարող է չարիքի աղբյուր հանդիսանալ, եւ ոչ միայն ապագա խորհրդարանի, այլեւ հենց երկրի համար։ Այսօր արդեն գրեթե պատրաստ է նոր Ընտրական օրենսգիրքը, որով պահպանվում է բացառապես համատարած համամասնական ընտրակարգը, ինչպես նաեւ նվազեցվում է անցողիկ շեմը, խստացվում է հսկողությունը «քաղաքական» ֆինանսական հոսքերի նկատմամբ։ Նոր օրենսգրքի ընդունումը՝ օրվա հրամայական է, եւ դրա պատասխանատուն՝ ներկայիս խորհրդարանական մեծամասնությունն է, որը դրա համար ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։

2. Ապատեղեկատվություն եւ տեղեկատվական տեռոր։ Այս մարտահրավերն իր ամբողջ թափով իրեն զգացնել տվեց հետպատերազմյան շրջանում, վերածվելով ազգային անվտանգության սպառնալիքի։ Կառավարության թույլ, վատ կազմակերպված տեղեկատվական աշխատանքի պատճառով այն շարունակում է մնալ այդպիսին։ Իսկ մինչեւ ընտրություններն ընկած ժամանակաշրջանում այն վերածվում է նաեւ ընտրական գործընթացի սպառնալիքի։ Ներկայիս հայկական քաղաքական դաշտում կան սուբյեկտներ, որոնք չեն խորշելու այս «գործիքն» օգտագործելու, որպեսզի վարկաբեկեն եւ ապականեն քաղաքական մթնոլորտը նախընտրական, ինչու ոչ՝ նաեւ հետընտրական շրջանում։

Ակնհայտ է, որ դրանից անմասն չեն մնա նաեւ համապատասխան «հավաստի աղբյուրները» Ռուսաստանում, որոնց ամենաթունավոր նառատիվները լայնորեն տիրաժավորվելու են ոչ պակաս «հավաստի»՝ տեղական միջոցներով եւ սոցցանցերով։ Իհարկե, պետության անվտանգությանը սպառնացող ապատեղեկատվության դեմ պայքարել պետք է, սակայն պետք չէ մոռանալ, որ ապատեղեկատվության «հակաթույնը»՝ սեփական արդյունավետ տեղեկատվական հոսքերի ապահովումն է եւ արագ արձագանքումն իրադարձություններին։ Ուստի, պետական տեղեկատվական մարմինների՝ այս «քնած» ռեժիմը հաստատապես որեւէ լավ բան չի խոստանում, մանավանդ երբ դժվար չէ կանխագուշակելը, որ ապատեղեկատվական հոսքերն առաջիկայում հաստատապես ակտիվանալու են։

3. Դատական համակարգ եւ իրավապահ մարմիններ։ Հետհեղափոխական ռեֆորմացիան կարելի է համարել չկայացած, քանի դեռ բարեփոխումների հերթը չի հասել դատական համակարգին եւ իրավապահ մարմիններին, եւ սա աքսիոմ է, չնայած, ժամանակի առումով, սա ավելի շատ այլեւս ընտրություններից հետո ընկած ժամանակաշրջանի խոսակցություն է։ Բայց եւ այնպես, իշխանությունն անելիք ունի նախընտրական շրջանում, կապված վերոնշյալ մարմինների հետ։ Օրերս ընդունված փոփոխությունները Դատական եւ Քրեական օրենսգրքերում, Բարձրագույն դատական խորհրդին տրված լրացուցիչ լիազորությունները թերեւս թույլ են տալու, որպեսզի դատական համակարգը համարժեք գտնվի օրինախախտումների դեպքերին, ի տարբերություն այն խայտառակության, որի ականատեսն էինք անցյալ տարվա նոյեմբերին եւ դրանից հետո։ Իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, քննչական մարմիններն ավելի օպերատիվ գործելու անհրաժեշտություն կունենան, որպեսզի թույլ չտան ընտրական գործընթացի օրինական ընթացքից որեւէ շեղում, եւ այդ իմաստով այդ վերոնշյալ մարմիններին «ձգելը» գործող կառավարության սրբազան պարտականությունն է հասարակության, ընտրողների, հարկատուների առաջ։

4. Ահաբեկչական ակտիվության հնարավորություն։ Քսաներկու տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչական ակտ տեսած երկրում պետք է չափազանց լուրջ վերաբերվել ֆիզիկական հաշվեհարդարի, փաստացի՝ ահաբեկչության կոչերին, որոնք հնչել են վերջին ամիսներին տարբեր հարթակներից՝ տարբեր անպատասխանատու «քաղաքական» սուբյեկտների կողմից։ Ավելին, նրանք նույնիսկ փորձում են ապացուցել, որ հանուն իրենց նեղ կուսակցական կամ խմբակային շահից բխող արդյունքի՝ «ցանկացած միջոց արդարացված է»։ Ցավոք, սա մեջբերում է մի քանի անձանց հրապարակային ելույթներից, որոնց փաստով, ոչ բոլոր դեպքերում՝ բայց քրեական գործեր է հարուցված։ Այս մարտահրավերն ուղղակիորեն վերաբերում է համապատասխան իրավապահ մարմինների պրոֆեսիոնալներին, որոնք հաստատապես տեղյակ են, որ նախընտրական շրջանում նման հանցավոր ակտիվության շարժառիթները բազմապատկվելու են։

5. Հասարակական ապաթիա եւ հիասթափված քաղաքացիների ահռելի սեգմենտ։ Սա երեի թե այս պահին ամենաչերեւացող սպառնալիքն է, որը զգացնել կտա հետագայում, եթե սրա ողջ ավերիչ հետեւանքները հենց այսօր չարժանանան ամենամեծ ուշադրությանը։ Սրա մասին մեր ձեռքում կան հավաստի տեղեկություններ, հիմնված ամերիկյան IRI-ի կատարած սոցհարցումների արդյունքների հիման վրա, ըստ որոնց, վարկանիշով առաջատար «Քաղաքացիական պայմանագիրն» (ՔՊ) ընդամենը 32% հավանություն ունի, երկրորդ տեղում հանգրվանած ԲՀԿ-ն՝ ընդամենը 3%, մինչդեռ «ոչ մեկի» կողմնակիցները թվով գերազանցում են ՔՊ-ին։ Իսկ սա նշանակում է, որ լրջագույն խնդիր ունենք, քանզի սա վկայում է հասարակության ստվար հատվածի անվստահության մասին՝ ողջ քաղաքական դաշտի, ընդհանրապես քաղաքականության, ընտրությունների ճանապարհով ելքեր գտնելու հնարավորության նկատմամբ։ Մեխանիկորեն գումարելով ՔՊ-ի վարկանիշը եւ «ոչ մեկի» կողմնակիցների վարկանիշը, ստացվում է նույն այն տոկոսը, որն «Իմ քայլը» ստացավ 2018-ին։ Իհարկե, մեխանիկական գումարումը դեռ չի նշանակում, որ ամեն բան այդքան պարզ է։ Սակայն սա ցույց է տալիս, որ քաղաքական ուժերը, որոնք կմասնակցեն ընտրական գործընթացին, որքան մեծ պատասխանատվությամբ պետք է մոտենան իրենց առաքելությանը։

Քաղաքական տեքստերը, վարքը, անկեղծությունը, մարդկանց, հասարակության վերլուծական կարողությունները եւ հիշողությունը չթերագնահատելու ներքին կարողությունը, մեծամտության, ամբարտավանության բացառումը, համերաշխությունը պետական կարեւորության խնդիրների շուրջ, մանիպուլյատիվ հնարքներից ձեռնպահ մնալը՝ այս ամենն այդ հիասթափված սեգմենտին տալու է մեկ հարցի պատասխան. արժե՞ արդյոք գնալ տեղամաս, թե՞ ոչ, այս գործընթացը մեր երկրում «իրե՞նն է», թե՞ ոչ։ Ընտրողն այս անգամ ոչ միայն գնահատելու է առանձին քաղաքական ուժերին, այլեւ այն ամենը Հայաստանում, ինչը կոչվում է եւ կոչվելու է քաղաքականություն։ Հուսադրող է, որ ներկայիս մեծամասնության բարձրաստիճան ներկայացուցիչները ոչ միայն գիտակցում, այլեւ բարձրաձայնում են այս մարտահրավերի մասին։ Սակայն, սա բոլորի պատասխանատվությունն է մեծ հաշվով։

Հետպատերազմյան Հայաստանին մեծ քննություն է սպասվում, որի արդյունքը կանխորոշելու է մեր երկրի հետագա ընթացքը, եւ այս քննությունը բոլորինս է՝ առանց բացառության։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարը՝ «Հայկական Ժամանակ»

«Առավոտ» օրաթերթ
23.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Նկարը և ֆելիետոնի ոգին՝ «Հայկական ժամանակ» (ժամանակը՝ փոքրատառով)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031