Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու հայկական Օքսֆորդը՝ դասախոսների խղճուկ աշխատավարձերով

Մարտ 28,2021 23:28

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր չհայտարարված քարոզարշավի շրջանակում Արմավիրի մարզում ասել է, որ պետք է Երեւանի կենտրոնում գտնվող բուհերի մեծ մասի շենքները վաճառել եւ այդ միջոցներով քաղաքից դուրս ակադեմիական, բուհական քաղաք ստեղծել:

Իր հետ հանդիպման բերված երեխաներին էլ լավ կրթություն է խոստացել, հավանաբար մի առիթով իր նշած 2050 թվականի համար, երբ ի թիվս այլ խոստումների, պետք է մեր բնակչության թիվն աճեր, 1,5 միլիոն աշխատատեղ բացվեր, աղքատությունը հաղթահարվեր, քսանապատկվեր Հայաստանի ՀՆԱ-ն, յոթնապատկվեր միջին աշխատավարձը…

Իհարկե, այժմ թվերն այլ բան են ասում, չնայած էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի բացառիկ լավատեսությանը՝ կապված, իր պատկերացմամբ, ահագնացող տնտեսական  աճի եւ զբոսաշրջության 319 %-անոց աճի  հետ: Վարչապետի հերթական ու վտանգավոր խոստումը նման է Աջափնյակի մետրոյի կայարանի, «Հայրենիք» կինոթատրոնի հարեւանությամբ էստակադայի խոստացած լինելուն ու չկառուցելուն, «Արցախը Հայաստան է եւ վերջ» բանաձեւի կյանքի չկոչելուն, բազում այլ բաներին:

Հիմա դառնանք ակադեմիական, բուհական քաղաքներին: Նման ակադեմիական ավան 1975 թվականից  գործում է անգամ Նովոսիբիրսկի մոտակայքում, իսկ այդ քաղաքի պողոտաներից մեկը, որ կրում է ակադեմիկոս Լավրենտեւի անունը, վաղուց գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝  որպես աշխարհի ամենախելացի փողոց:

Գաղափարն, իհարկե, լավն է, բայց ցանկացած գեղեցիկ գաղափար այլասերվում է, երբ այդ մասին բարձրաձայնվում է նախընտրական հանդիպումներում, հատկապես որ նախորդ ոչ մի խոստում դեռ չի կատարվել, ու ամեն ինչ խարսխվել է նախկիններին հայհոյելու «ռազմավարության» վրա:

Իսկ մինչ ակադեմիական, բուհական քաղաքների կառուցումը՝ գուցե արժեր աֆրիկյան պետություններից մի քիչ ավելի շա՞տ գումար տրամադրել գիտության ոլորտին, ոչ թե ՀՆԱ-ի 0,2 տոկոսը, բարձրացնել դասախոսների գրոշաչափ աշխատավարձերը կամ ուսանողների կրթաթոշակները: Բազմաթիվ խոստումներ՝ գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացրած իշխանությունը մինչ այժմ չի կառուցել բուհական որեւէ մասնաշենք, թատրոնի շենք կամ կինոդահլիճ, ու գիտության, կրթության ոլորտի մարդիկ, ինչպես լուսանցքում էին, այդպես էլ մնացել են անտեսված: Փոխարենը ավելի են կուսակցականացվել բուհերը, ռեկտորներին էլ շուտով լիազոր մարմինն է նշանակելու՝ իր սրտի ուզածով:

Աշխարհի խոշորագույն բուհական կամպուսների թվում են Օքֆորդի համալսարանը, որն իր առաջին ուսանողներին ընդունել է սկսած տասնմեկերորդ դարից, ուսանողական այս քաղաքում իսկական գլուխգործոցներ ու ճարտարապետական հուշարձաններ են, Radcliffe Camera-ն, որ Օքսֆորդի խոշորագույն գրադարանն է, ավելի քան վեց միլիոն գրականություն է պահպանում: Օքսֆորդի համալսարանն ասես փոքրիկ պետություն լինի իր չորս տասնյակի հասնող քոլեջներով, թանգարաններով, տպարանով, իսկ ուսանողական որոշ մասնաշենքեր նկարահանման հրապարակ են դարձել Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմի համար:

Հաջորդ խոշորագույն կամպուսը Բոլոնիայի համալսարանն է, որը Եվրոպայի եւ Իտալիայի հնագույն համալսարանն է: Այն ստեղծվել է 1088 թ․, եւ հենց համալսարանն է վերաճել քաղաքի: Բոլոնիայի համալսարանն ունի 260 գրադարան, 12 թանգարան, 2 բուսաբանական այգի եւ այլն:

Խոշորագույնների թվում են Նյու Ջերսիում գտնվող Փրինսթոնի համալսարանը, որը համալսարանների ասոցիացիաների այցեքարտն է, Փրինսթոնյան կամպուսը միավորում է  ավելի քան 180 շինություն: Պեկինի ազգային համալսարանը եւս խոշորագույններից է, այն նաեւ պատմամշակութային հուշարձան է համարվում, ներառում է ավելի քանի 200 գիտահետազոտական ինստիտուտ, մեկ տասնյակի չափ լաբորատորիաներ, 2 հզորագույն գիտական կենտրոն:

Տորոնտոյի հանրային հետազոտությունների համալսարանը եւս հսկա է, այն միավորում է երեք կամպուս, որտեղ սովորում է 70000 մարդ: Կարելի է այս թվարկումը շարունակել, սակայն դա անպտուղ գործ է, որովհետեւ այսօրվա  Հայաստանն ի զորու չէ նման գիտակրթական հզորությունների հասնել, ինչքան էլ հեղափոխական իշխանությունները խոստանան: Այնպես որ, վերջնարդյունքում մնում է կործանարար պոպուլիզմը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031